«Ղարաբաղը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»


Ժամանակն է փաստել, որ ՀՀ Սփյուռքի նախարարության` հայապահպանությանը միտված ծրագրերը նպատակային են և արդյունավետ: Շուրջ 3 տարի է` հաջողութ յամբ իրականացվում է «Արի տուն» ծրագիրը, որի այս տարվա 6-րդ փուլին մասնակցում էր շուրջ հարյուր երեխա` 12 երկրներից` Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Սիրիայից, Հոլանդիայից և այլն: Արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր փուլի վերջին 4 օրերը Աղվերանի «Կարին» ճամբարում համատեղ հանգստի կազմակերպումը: Իսկ 6-րդ փուլի փակումը մասնակից երեխաների համար նշանավորվեց ՀՀ նախագահի հետ հանդիպումով, որին մեծ հետաքրքրությամբ ու անհամբերությամբ էին սպասում: - Արդեն 13 տարի է` ապրում եմ Օդեսայում: Այնտեղ բավական մեծ հայկական համայնք ունենք, և տեղի հայերի միջև կապերը սերտ են: 10 տարի Հայաստանում չէի եղել: Շատ եմ կարոտում հայրենիքս: Միշտ երազում էի բարձրանալ մեր սարերը և ծաղիկ հավաքել: Երազանքս իրականացավ: Հայաստանը շատ է փոխվել, Երևանը շատ գեղեցիկ է: Մեծ սիրով կրկին կգամ: Եթե այստեղ աշխատանք ունենամ` առանց վարանելու կապրեմ իմ հայրենիքում: Հեռվում` օտար երկրում, որքան էլ լավ լինի, մի կարևոր բան պակասում է. դա հայրենիքն է: Հեռվում միշտ ապրում է հայրենիքի կարոտը,¬ իր տպավորություններն է կիսում Սիրանուշ Մինասյանը: Անկախության սերնդին, անշուշտ, առաջին հերթին հետաքրքրում են մեր 20- ամյա անկախ պետության ձեռքբերումները և դրանց շուրջ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունները: Իսկ ամեն մի գիտակից հայի համար ամենահրատապ ու կարևոր խնդիրներից մեկը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է: Եվ երիտասարդության մտահոգությունն այս առումով խիստ օրինաչափ է: Նախագահի պատասխանը Արցախյան հակամարտության թնջուկի շուրջ անկեղծ էր. -Եթե հեշտ լիներ, խնդիրը վաղուց լուծված կլիներ: Բարդ է, որովհետև այդ խնդիրը ցավոտ է և´ Ադրբեջանի, և´ Հայաստանի, և´ ադրբեջանցիների, և´ հայերի համար: Խնդիրը խորն արմատներ ունի: Տասնյակ տարիների ընթացքում Ադրբեջանի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է: Չեն փորձել իրենց ժողովրդի հետ անկեղծ, բաց խոսակցություն վարել և ասել` գիտեք, ժողովո´ւրդ, դա հայկական հող է, այստեղ դարերով հայեր են ապրում, լավ կլիներ` այս մարդկանց ազատություն տանք, որ իրենք էլ երջանիկ ապրեն, մենք էլ: Մենք պարտավոր ենք խաղաղ լուծման բանալին գտնել և´ Հայաստանը, և´ Ղարաբաղը, և´ Ադրբեջանը, թեև շատ դժվար է: Չեմ կարող կոնկրետ ժամկետներ նշել: Ինչպես կարելի է խոսել կոնկրետ ժամկետների մասին, երբ ամեն օր Ադրբեջանի ղեկավարների շուրթերից հակահայկական խոսքեր են հնչում: Մենք մի տեսակ հարմարվել ենք դրան: Սա առաջին տարին չէ, երկրորդ տարին չէ` նույն ձայնասկավառակն է կրկնվում, երբեմն որոշակի նոր ելևէջներ են մեջտեղ գալիս: Դուք, իհարկե, չեք կարող հիշել, բայց ձեր հարազատներն, անշուշտ, կհիշեն, որ 90- ականների Ադրբեջանի նախագահներ Մութալիբովն ու Էլչիբեյը նույն երգն էին երգում` թե ինչքան հզոր է Ադրբեջանը, ինչքան փոքր և թույլ է Հայաստանը: Ադրբեջանում 9 միլիոն են, Հայաստանում մնացել է 1,5 միլիոն ժողովուրդ: Մենք 20 տարի է` այս պատմությունն ենք լսում և բոլորս համոզվեցինք. թե ինչի կարող է բերել այս մեծախոսությունը: Ռազմական գործողությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ... ...Մեր տարբերակը մեկն է` Ղարաբաղը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Եվ մենք կհասնենք դրան:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ