ՁԱԽՈՂԱԿ ՔԱՂԲԻԶՆԵՍ


Նախընտրական սցենարներն արդեն այնքան են միմյանց նմանվում, որ շատ հաճախ թվում է, թե իրականությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է: Ընտրություն ներից առաջ ներկուսակցական պառակտումները նորից են սկսվել, ու վստահ կարելի է ասել, որ ինչպես բուն քարոզարշավը, այնպես էլ տրոհումների տեսարժան հատվածները դեռևս առջևում են: Իրողությունն այն է, որ հերթական ընտրություններից առաջ հայկական իրականությունն անփոփոխ է մնում նաև այս առումով: Տարիներ շարունակ հաշտ, համերաշխ, երբեմն իրենց մասին հիշեցնող, իսկ ավելի հաճախ «շառ ու փորձանքից» հեռու ու մեծամասամբ իրադարձությունների ստվերում սպասող կուսակցական «բոսսսերը» մեկ էլ հանկարծ տենդում են: Ինչ¬որ մեկի «տունը» կռիվ է ընկնում, իսկ քարոզարշավի մոտենալուն զուգընթաց, այդ կռիվը կայծակնային արագությամբ «տնից տուն» է անցնում... Մեկ էլ հանկարծ պարզվում է, որ հաշտ ու խաղաղ գոյակցող կուսակցական վերնախավերը կիսելու բան շատ ունեն: Ասելիք չունեն, բայց արտահայտվելու ցանկությունն է մեծանում: Եվ ամեն մեկն իր ունեցած ու չունեցած ճշմարտությունն է փորձում պարտադրել: Իսկ տարիների լռությանը հաջորդած «ճշմարտությունների» այդ հեղեղը նույնքան անպարունակ է, որքան` նրանց լռությունը: Երբ կուսակցությունները բիզնես-ծրագրերի հետ են համեմատվում, առաջին վիրավորվողը հենց կուսակցապետերն են լինում: «Ի՞նչ բիզնես, ի՞նչ փող»` զարմանում են նրանք` հավատացնելով, թե իրենց բոլոր մղումներն ազնիվ են ու բացի ազգի և պետության բարօրությունից` իրենք ոչինչ չեն երազում: Բայց ամեն անգամ նորից ու նորից է պարզվում, որ ժողովրդի հոգսերով տապակվողներն ավելի շատ գումարահավաքներով են մտահոգվել: Դե, չէ՞ որ ընտրությունից¬ընտրություն ճառախոսելու համար էլ ապրել է պետք: Ու երբ գալիս է փողերը կիսելու ժամանակը, «հանկարծ» պարզվում է, որ դրանք արդար ու հավասար չեն բաշխվում: Պարզվում է նաև, որ մինչ այդ էլ (այսինքն` ոչ ընտրական ու խաղաղ տարիներին) բաժանվելիք¬կիսելիք փողեր եղել են: Բնականաբար, քաղուժերի վերնախավերը միմյանց աչքածակության հանդեպ աչք են փակել` ավելի ուշ ավելի մեծ փողեր հավասարապես կիսելու հույսով ու ակնկալիքով: Պարզ է սակայն, որ քաղմիավորների տրոհումներին հասարակությունը հիմնականում անտարբեր է վերաբերվում: Սակայն խարդավանքների, «չար» ուժերի դավադրությունների մասին կուսակցապետերի հեքիաթանման պատմություններին հավատացողներ հաստա´տ այլևս չեն լինելու: Հիմա (և կարելի է ասել բարեբախտաբար) ամեն ինչ լիարժեքորեն հստակվել է. իսկապես ուժեղ են այն կուսակցությունները, որոնք մինչև հիմա կարողացել են չտրոհվել ու հետագայում էլ նրանց հաջողվելու է զերծ մնալ այդ ախտից: Այլապես միշտ էլ հնարավոր է երևակայական մեղավորներ փնտրել, բայց իրականում անազնիվ գործարքներում ներքաշված մնալով` հասարակությունից քվե ակնկալել: