ԵՐԿՈՒ ՍՆ ԱՐԴԵՆ ԸՆՏՐՎԱԾ ԵՆ


 

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ինքնաբացարկ է հայտնել ինքնաառաջադրված հանրապետական Սամվել Միքայելյանը: Արդյունքում` Ագարակի քաղաքապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն գործող քաղաքապետ, հանրապետական Մխիթար Զաքարյանն է: Նույն մարզի Քաջարան համայնքում ինքնաբացարկ է հայտնել ինքնաառաջադրված անկուսակցական Ռաֆայել Լալայանը: Այստեղ ևս միակ հավակնորդը գործող քաղաքապետն է` Վարդան Գևորգյանը: Նշանակում է, երկու թեկնածուն էլ արդեն կարող են համարվել ընտրված համայնքապետեր, որովհետև եթե անգամ իրենք գնան ու իրենց օգտին քվեարկեն, ընտրությունները կհամարվեն կայացած: Սակայն գուցե ժամանակն է, որպեսզի Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություն կատարվի և այն ընտրատարածքներում, որտեղ մինչ ընտրությունները գրանցվում են ինքնաբացարկներ` թողնելով մեկ թեկնածու, առաջադրումները համարվեն անվավեր և սահմանվեն նոր առաջադրումներ: Միայն այսպես հնարավոր կլինի խուսափել այն ասեկոսեներից, որոնք շրջանառվում են ընտրություններից առաջ ու հետո: