ԳԻԶԻՐՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՈՐՈՇԵԼ Է


 

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի օրերս արած մի հայտարարություն խիստ զայրացրել է Գյումրու դաշնակցականներին: Ինչպես արդեն գրել ենք, Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաև ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի երկարամյա տեղակալ Հովսեփ Սիմոնյանը, ով Գյումրիում ժողովրդավարական և Արցախյան շարժման կազմակերպիչներից է: Տեղեկանալով Հովսեփ Սիմոնյանի առաջադրման մասին, գեներալ Աշոտ Գիզիրյանը ասել է, թե նա «որևէ շանս չունի քաղաքապետ դառնալու»:

Մարզպետը, բնականաբար, կարող է ունենալ իր անձնական կարծիքն ու մոտեցումները, կարող է դրսևորել իր համակրանքը, մանավանդ որ առաջադրված է նաև իշխանական թեկնածու: Բայց Գյումրիում ընտրող չհամարվող Գիզիրյանի խոսքն այնքան է վիրավորել ՀՅԴ-ականներին, որ կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Գևորգ Ալեքյանն ընդվզել է.

- Հովսեփ Սիմոնյանը էթիկայից ելնելով է իր առաջադրման մասին տեղյակ պահել վերադասին` Աշոտ Գիզիրյանին: Չեմ կարծում, թե Գիզիրյանը պետք է որոշի, թե ով պետք է լինի Գյումրու քաղաքապետը: Քաղաքապետին ընտրելու է ժողովուրդը, և, հետևաբար, բոլոր հարցերի պատասխանը կստանանք ընտրություններից հետո:

Ավելացնենք, որ ՀՅԴ Գյումրու կառույցն արդեն բանակցություններ է վարում ՀԱԿ տեղական կառույցի հետ` Հովսեփ Սիմոնյանին աջակցելու հարցում: Չի բացառվում, որ Կոնգրեսի Գյումրու կառույցը սատարի ՀՅԴ անդամին, մանավանդ որ գյումրեցի կոնգրեսականների և հայաստանյան կառույցի ղեկավարների դիրքորոշումների միջև լուրջ հակասություններ չկան: Արդեն Սիմոնյանին աջակցելու մասին հայտարարություն է արել նաև «Ժառանգությունը»: Սա նշանակում է, որ աստիճանաբար երկրորդ քաղաքում ընտրությունները ստանում են որակական նոր դրսևորումներ...