ՀԻՄԱ ԷԼ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ԴԵՖԻՑԻՏ ԿԱ


 

Հանրապետությունում հիմա էլ անասնակերի դեֆիցիտ է առաջացել: Խնդիրը սկսել է մտահոգել շատերին, վերջապես նաև` Գյուղնախարարությանը, ուր առայժմ փորձել են պարզել դեֆիցիտի պատճառները:

- Ձմռան ամիսներին տեղումների մեծ քանակ եղավ, և ապրիլ-մայիսին, երբ բնական կերահանդակներում պետք է բույսերի բնական վեգետացիան ակտիվ ընթանար, խոնավությունը քիչ էր հողում, տեղումներն էլ քիչ էին, և ըստ էության բնական վեգետացիան կարճ տևեց ու բավականին զանգված չաճեց: Խոտի պակասի պատճառներից մեկն էլ անասունների գլխաքանակի աճն է,- ասում են նախարարության պատասխանատուները:

Նախարարության պաշտոնյայի ներկայացրած տվյալների համաձայն, տավարի գլխաքանակը աճել է 20 հազարով, ոչխարինը` 60 հազարով: Իհարկե, լավ է, որ անասնագլխաքանակի աճ կա մեզ մոտ, բայց այս անասուններին էլ սնվել է պետք: Հիմա որոշել են խոտ ներկրել Ղարաբաղից, որտեղ ավելցուկ կա: Վերջապես հասկացան, որ Ղարաբաղում հսկայական տարածքներ կան, որոնք կարելի է օգտագործել և օգուտներ ստանալ: Բայց նաև պիտի մտածել այն մասին, որ հարկավոր է մեզ մոտ անասունների կերախոհանոցներ կառուցել, որոնք կարող են հսկայական օգուտներ բերել մեր պետությանը, համալրել բյուջեն...