Ի ՑԱՎ ՍՐՏԻ

ԱՆԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԻՆ


 

Այս նամակն ինձ տվեց մի երիտասարդ, երբ բարձրանում էի խմբագրության աստիճաններով: Հարցրեցի, թե ի՞նքն է հեղինակը: Պատասխանեց` ոչ: Ուզեցի վերադարձնել իրեն, սակայն կարդալուց հետո այն ինձ հետաքրքրեց, մանավանդ որ նույն այս մտահոգություններով ապրում եմ ինքս` անգամ երբեմն խուսափելով «Ժողովրդական երգիչ» ծրագիրը դիտել: Այլևս անհանդուրժելի է տեսնել, թե ինչպես մասնագիտական կրթություն չունեցող մի դերասան, ով ավելի շատ հայտնի է որպես զվարճաբան և թամադա, փորձում է մասնագիտական «դասեր» տալ երիտասարդ երգիչներին:

- Միացնում եմ հեռուստացույցը, մարմինս ամբողջությամբ հանձնում եմ բազկաթոռին, ձեռքս եմ վերցնում մեկ գավաթ սուրճը` ակնկալելով հաճելի երեկո` պարուրված Կոմիտասյան երգ ու երաժշտությամբ, որ մեզ էր մատուցվելու «Ժողովրդական երգիչ-3» նախագծի մասնակիցների կողմից: Կատարումները նույնիսկ գերազանցեցին իմ ակնկալիքները, բայց մրցութային համերգի ողջ ընթացքը ինձ այնքան նյարդայնացրեց, որ ստիպված եղա ժյուրիի անդամներից մեկի նման ինքս էլ ջարդել սուրճի բաժակը: Իսկ թե ինչի՞ համար բարկացա, հիմա կանդրադառնամ առանձին -առանձին: Նախ` ի՞նչ ասել է` եթերի ժամանակ բաժակ ջարդել, հետո էլ ասել, թե չարը խափանվեց: էլ ո՞ւր մնաց էսթետը, ի՞նչ ենք սովորեցնում մեր երեխաներին` որ ամեն անգամ բարկանալիս մեկական բաժակ ջարդե՞ն... Եվ դա անում է մի մարդ, ով շատ երեխաների համար սիրելի հերոս է: Երկրորդ` ի՞նչ ասել է ` եթերից միմյանց հետ խոսել այնպես, ինչպես որ կխոսես շուկայում` ընկերոջդ հետ գնումներ կատարելիս` «Ալ ջան, Լյով ջան...»:

Ստացվում է, որ պարոն, տիկին, երգիչ ու երգչուհի, վաստակավոր արտիստ և այլ տիտղոսներ վերացել են, և փոխարինելու են եկել սնափառ ու քստմնելի, առօրյա-խոհանոցային դիմելաձևե՞րը: Նախագծի հաղորդավարն իրեն թույլ է տալիս այն, ինչ ուզում է ու մեկնում` ես անում եմ հոգուս բխանքը: Բա եթե մի օր Ձեր հոգին հենց այդ պահին եթերում մերկանալ ուզի՞, դա՞ էլ պետք է անեք: Եվ ամենագլխավորը, աղավաղված է ժյուրիի կազմը. երբ գուսանը, ով այդ երգերի հեղինակն է և ամենից շատը նա գիտի այդ ոլորտի մասին, նստում է հանդիսատեսին հավասար, իսկ շարքային դերասանը փորձում է գնահատական տալ երգին, ասել է թե` բժիշկը փորձի կոշիկ կարել…:

«Ժողովրդական երգիչ» ծրագիրն իրապես դարձավ «Շանթի» ձեռքբերումներից մեկը, նրա ամենաինքնատիպ նախագիծը, որը մեծ ընդունելություն ունի նաև Սփյուռքում: Դեռ մարտ ամսին գտնվելով Բեյրութում, ես լսեցի բազմաթիվ հիացական խոսքեր այս ծրագրի մասին: Այս նախագիծը հարստացրեց ոչ միայն մեր կատարողական դպրոցը նոր անուններով, այլև քրքրեց շատերի հիշողությունն ու մեզ վերադարձրեց մոռացված բազմաթիվ ստեղծագործություններ: Երկու եթերաշրջանի ընթացքում կազմակերպված մրցույթները հիացրեցին և ուրախացրեցին, համերգներին հյուր եղան նշանավոր կատարողներ, երգաստեղծ կոմպոզիտորներ: Մինչդեռ ընթացող մրցույթն ի սկզբանե վերածվել է բալագանի, երբ ընտրությունը կատարում էին ոչ թե արհեստավարժները, այլ սոսկ մարդիկ, ովքեր պիտի ապահովեն «զվարթ տրամադրություն»: Կարծում եմ, որ «Շանթ» հեռուստաընկերությունն իսկապես պիտի շուտափույթ կերպով հրաժարվի էժանագին շոուից, Լյովիկ Հարությունյանից ու Ավետ Բարսողյանից և վերականգնի նախագծի նախորդ ձևաչափը` պահպանելով ժանրաոճային առանձնահատկությունը:

Լ.Մ.