ԹՈՒՐՔԻԱՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՀԱՐՎԱԾԸ


 

Հիմա Թուրքիո սահմանին կուտակված քրդերը կարող են միանալ տեղի և Իրաքի իրենց հայրենակիցներին: Իսկ սա արդեն շատ վտանգավոր կլինի Թուրքիայի համար: Ավելին, չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք քրդական պետության ստեղծմանը` Իրաքի և Թուրքիայի որոշակի տարածքների վրա: Հենց սա էլ կլինի «թուրքական գարնան» գլխավոր ինտրիգը…

Ինչպես արդեն նկատելի է դառնում, «արաբական գարնան» սցենարի բաղկացուցիչ է դառնում նաև Թուրքիան: Արևմուտքը նպատակադրվել է հաջորդաբար հարվածել Արևելքի մի շարք երկրների` «ժողովրդավարության ալիքը» տեղափոխելով նաև այնտեղ: Այդ են վկայում դրա սահմանամերձ շրջաններում սանձազերծվող պատերազմական գործողությունները, որոնք ընթանում են Քրդական բանվորական կուսակցության զինյալների և կառավարական զորքերի միջև:

Թուրքական իշխանությունները դեռ մինչև վերջերս կատարում էին Արևմուտքի հրահանգները: Թուրքիան որոշակի մասնակցություն ունեցավ «արաբական գարնան» ծրագրի մեջ ներքաշված երկրների ապակայունացման և ապստամբներին զենքով ու զինամթերքով աջակցելու գործում: Այսօր էլ շարունակելով ակտիվ մասնակցել Սիրիայում ծավալվող գործողություններին` Թուրքիան աստիճանաբար սկսում է ստանձնել Արև-մուտքի թիրախի դերը:

Ժողովրդավարությունն այն յուրատեսակ պատրվակն է, որի միջոցով Արևմուտքը ջանում է ծնկի բերել Արևելքն ու հպատակեցնել իրեն` միաժամանակ թույլ չտալով, որ արմատական իսլամիզմը տիրապետող դառնա 21-րդ դարում: Արևմուտքի գլխավոր խնդիրներից մեկը հպատակվող տերությունների ձևավորումն է, որպեսզի դյուրին լինի տնտեսության վերահսկումը տեղափոխել հարավ և տեր կանգնել այնտեղ առկա ահռելի ունեցվածքին:

Թուրքիան, իհարկե, հումքային հզոր պետություն չէ, սակայն արդեն փորձում է դառնալ Արևմուտքի էմիսարն ու իրեն հռչակել տարածաշրջանային առաջնորդ: Այս հանգամանքը, բնականաբար, այնքան էլ Արևմուտքի սրտով չէ, որովհետև Անկարայի հզորացումը կարող է վտանգ սպառնալ հենց Արևմուտքին: Ուստի, որոշակիորեն աջակցելով Քրդական բանվորական կուսակցությանը` Արևմուտքը ջանում է ապակայունացնել իրավիճակն ու Սիրիայից հետո` հարձակում գործել Թուրքիայի վրա` ամեն ինչ պատճառաբանելով թուրք-քրդական բախումներով և երկրում ժողովրդավա րության հաստատման միտումներով: Բնավ էլ պատահական չէր ԱՄՆ հետաքրքրությունը հայ-թուրքական սահմանային քարտեզի հանդեպ: Սա հուշում էր, որ Վաշինգտոնը կամենում էր ունենալ տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, Հայաստան-Թուրքիա հաշտեցմամբ լուծել Թուրքիայի հպատակեցմանն ուղղված մի շարք հարցեր: Պաշտոնական Անկարան չհասկացավ, որ այդ քարտեզի պարտադրումը և իր կողմից ճանաչումը կարող էր նվազեցնել Արևմուտքի հավակնությունները:

Հիմա արդեն ԱՄՆ և այլ արևմտյան տերություններ կարծես լռելյայն հետևում են թուրք-քրդական բախումներին` սպասելով, որ վիճակն այնքան ապակայունանա, որպեսզի միջամտությունը դառնա արդարացված: Չի բացառվում, որ քրդական ուժերը գործեն արևմտյան թելադրանքով և զենքով` նպաստելով Թուրքիայի մասնատման գաղափարին:

Այսօր Թուրքիայի սահմանին կուտակված են ավելի քան 70 հազար փախստական Սիրիայից: Նրանք հիմնականում քրդեր են, ովքեր կարող են միանալ քուրդ ապստամբներին: Թուրքիան վերջերս հայտարարում էր, որ կարող է ապաստան տալ մոտ 100 հազար փախստականի: Նա կամենում էր այս փախստականներին օգտագործել` բուֆերային գոտի ստեղծելով և քրդերից պաշտպանվելով: Սակայն ՄԱԿ-ը չարձագանքեց այդ հայտարարությանը, ինչը նշանակում էր, որ այդ կառույցին այնքան էլ չէր հետաքրքրում Թուրքիայի անվտանգությունը:

Լ.Մ.