Արմեն ՄԽԵՅԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ


Խավարին պետք չէ վստահել, քանի որ չգիտես, թե քանի թշնամի կարող է քողարկել այն:

Մաս առաջին

ՕՐԸ շաբաթ էր, բայց ավտոմեքենաների պակաս կայանատեղում չէր զգացվում: Սամվելը դժվարությամբ, բայց վերջապես կարողացավ մեքենան կայանել կանգառում:

- Առավոտյան եթե սկսենք բարկանալ, ապա ի՞նչ կլինի օրվա մյուս ժամերին,- ինքն իրեն հանգստացրեց Սամվելն ու արձակեց ամրագոտին:

Նրա ուշադրությունը գրավեց ոչ հեռու կայանած մեքենայում նստած զույգը: Մեքենան թանկարժեք էր. վերջին սերնդի ամենագնացներից, այնպես որ իր վարած մեքենան հնոտի էր` նրա հետ համեմատած: Երիտասարդ, մոտ երեսուն տարեկան կնոջ դեմքն իրեն շատ լավ ծանոթ էր: Որպես լրագրող և լրատվական ամենահայտնի կայքի գլխավոր խմբագիր` նա լավ ճանաչում էր այդ կնոջը, ով բավականին բարձրաստիճան պաշտոնյա էր նախարարությունում: Ղեկին նստած տղամարդու դեմքը չէր երևում, բայց վառ կարմիր փողկապը և շքեղ մեքենան խոսում էին այն մասին, որ նա ևս պաշտոնյա է: Հավանաբար կրկին նախարարության աշխատակից, քանի որ Կառավարական շենքը հենց գրասենյակի հարևանությամբ էր գտնվում, ու ինքը հաճախ էր հանդիպում պաշտոնյաների: Կնոջ դեմքը հուզմունք էր արտահայտում ու Սամվելին թվաց` անգամ վրդովմունք:

Երիտասարդ կինը նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետն էր: Վերջերս իր հրապարակած հոդվածներից մեկը մեղադրանքներ էր պարունակում հատկապես նորանշանակ պետի` Տաթև Ստեփանյանի աշխատանքի վերաբերյալ:

«Հետո կասեն, թե լրագրողներն անգամ իրենց անձնական կյանք են ներխուժում»,- մտքում ասաց Սամվելն ու բարձրացրեց մեքենայի կողապակիները` պատրաստվելով դուրս գալ: Բայց այդ պահին շքեղ մեքենայի դուռը բացվեց, ու տիկին Ստեփանյանը դուրս եկավ մեքենայից:

Սամվելին կրկին թվաց, որ տիկին Ստեփանյանը մի փոքր զայրացած է: Մեքենայի դուռը սովորականից ուժեղ փակվեց: Կինն արագ քայլերով հասցրեց շրջանցել մի քանի կայանած մեքենաներ ու արդեն բավական հեռացել էր, երբ տղամարդը ևս մեքենայից փորձեց իջնել:

Հանկարծ Սամվելի ականջին հասավ մեկ ուրիշ մեքենայի անիվների ճռռոց, ապա տեսադաշտում հայտնվեց հենց մեքենան:

Մինչ Սամվելն ինքն իրեն կհարցներ, թե տեսնես` ո՞ր պաշտոնյայի անդաստիարակ տղան է Կառավարական շենքի մոտ նման բան անում, կատարվեց անսպասելին: Արագ ընթացող մեքենայի կիսաբաց պատուհանից Սամվելը նկատեց ինքնաձիգի փողը, ապա լսվեց վեց-յոթ կրակոց հենց իր ու իր կողքին կայանած մեքենաների ուղղութ յամբ:

Երբ բարձրացրեց գլուխը, հասկացավ, որ թիրախը պաշտոնյան էր, այլ ոչ թե ինքը: Մի քանի մեքենաների ազդանշանային համակարգերը գործի ընկան, լսվեցին առաջին ճիչերն ու օգնության կանչերը:

Սամվելը ոչ թե իջավ, այլ դուրս թռավ ու վազեց դեպի վիրավորը:

Միջին տարիքի տղամարդը դեմքով դեպի գետինն էր պառկած` ամբողջովին արյան մեջ:

Սամվելը փորձեց շրջել նրան, որպեսզի վիրավորը կարողանա շնչել:

- Ոստիկանություն, շտապ օգնություն կանչե´ք,- գոռաց նա:

- Չտա´լ, չտա´լ ոչ մեկին,- հազիվ կարողացավ արտաբերել վիրավորն ու ձեռքը մեկնեց դեպի Սամվելը:

- Մի´ խոսեք, ամեն ինչ լավ կլինի, լսո՞ւմ եք:

- Չտա´լ,- շարունակեց վիրավորը:

- Զանգեցի՞ք շտապ օգնություն,- հարցրեց Սամվելն իրեն մոտեցած մարդկանց:

Մի քանիսը գլխով արեցին:

Սամվելի ուշադրությունն այդ պահին գրավեց երիտասարդ կինը: Նա ահից երկու ափերով ծածկել էր դեմքը: Այդ կինը վայրկյաններ առաջ հենց նույն մեքենայում էր: Սամվելը փորձեց բարձրացնել վիրավորի գլուխն ու միայն այդ պահին ճանաչեց նրան` գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն էր: Սամվելը կրկին հայացք գցեց Տաթև Ստեփանյանի ուղղությամբ, բայց կինը կորել էր ամբոխի մեջ:

«Մեդիամոլ» լրատվականի գլխավոր խմբագիր Սամվել Գևորգյանն ակամա հայտնվեց իրադարձությունների կիզակետում: Դեպքից րոպեներ անց շտապ օգնության մեքենան ծանր վիրավորին տեղափոխեց հիվանդանոց, իսկ լրագրողները, մարդիկ ու ոստիկաններն անմիջապես շրջապատեցին դեպքի վայրը: Սամվելը կատարվածից ուշքի չէր գալիս:

(Շարունակելի)