ԲԱՐԻ ԵՐԹ, ԱՐՄԵՆ


Աշխարհընկալումն այն բանալին է, որով դռներ կարող են բացվել ու փակվել քո առջև: Աշխարհընկալումն աշխարհին նայող քո հայացքն է` իրողությունները տեսնել-ճանաչելու, գնահատելու, դրանք ընդունելու կամ մերժելու ունակությունը: Ու եթե լավատեսություն կա քո հայացքում` իրատեսակա´ն լավատեսություն, ուրեմն աշխարհը միայն սև ու սպիտակ չի պատկերվում քեզ: Ասել է թե` քո ներաշխարհը հարուստ է ապրեցնող գույներով, որոնք վանում են հուսահատությունն ու անպտուղ տրտմությունը:

Արմեն ՄԽԵՅԱՆԻ ներաշխարհում իշխողը լավատեսությունն է. ոչ թե դժվարությունները շրջանցելը կամ չնկատելը, այլ դրանք հաղթահարել կարողանալու հավատը և հետևողականությունը: Տակավին երիտասարդ, բայց արդեն այնքա˜ն ընդարձակ է նրա հետաքրքրությունների շրջանակը: Այսինքն` այնքա˜ն հարուստ է նրա ներաշխարհը, որ այնտեղ պարզապես չես հասցնի ձանձրանալ:

Առաջին մասնագիտությամբ ինժեներ է, երկրորդ մասնագիտությամբ` ֆինանսների կառավարիչ. սովորել և ավարտել է ճարտարապետաշինարարական համալսարա նը, ապա` Պետական կառավարման ակադեմիան: Այնուհետ, վերապատրաստվելով «Կրթություն Հայաստան» ծրագրի շրջանակներում, նախապատրաստվում է ուսումնա կան նոր տարին դիմավորել հեռավոր մարզերից մեկի մի դպրոցում, ուր մասնագետի կարիք կա: Մաթեմատիկա է դասավանդելու Ստեփանավանում:

Եվ այս ամենին զուգընթաց` նա ուրիշ մի սեր էլ ունի` գրականությունը: Ոչ թե միայն որպես ընթերցող, այլ` ստեղծագործող:

Արմենի արձակ ստեղծագործություններն ընթերցելիս` իսկույն զգում ես, որ դրանց հեղինակը դեռ շատ ասելիք ունի: Եվ, որ ամենակարևորն է` այդ ասելիքը հոգու կուտակումներից են բխում: Ու ակամա համակվում ես նրա ապրումներով և նրա հայացքով ես նայում գրական նյութ դարձած իրավիճակներին:

- Ե՞րբ և ինչպե՞ս արթնացավ գրելու ցանկությունը,- հարցնում եմ:

- Փոքր հասակից եմ գրել` փոքրիկ ոտանավորներ: Հետո հասկացա, որ արձակով շատ ավելի խորքային կարող ես ներկայացնել հոգումդ կուտակվածը, կարող ես խնդիրներ վերհանել: Դրան նպաստեց այն, որ ժամանակին որոշել էի լրագրող դառնալ. սովորեցի բարձրաձայնել խնդիրները: Ոչ թե պարզապես քննադատել, այլ վերհանել մարդկանց անհանգստացնող թիրախային խնդիրներն ու նաև լուծումներ առաջարկել:

- Ո՞վ է քո հերոսը:

- Պայքարող, մարտնչող, դժվարություններին անձնատուր չեղող մարդը, ով հավատում է հաջողությանը: Ես ինքս էլ վստահ եմ, որ եթե հավատաս սեփական ուժերիդ, չհիասթափվես, չծուլանաս, ամենափոքրիկ թվացող քայլն իսկ դիտարկես որպես մեծ ճանապարհին արված քայլ` երբեք չես հոգնի:

- Դու և քեզ նման որոնող անձն, իսկապես չի հոգնի, Արմեն: Ինժեներ, ֆինկառավարիչ, արձակագիր, լրագրողական հակումներ ու հանկարծ… մանկավարժ…

- Ես հասկացա, որ երկրի երաշխավորված ապագայի հիմքում հիմնավոր կրթությունն է: Հասկացա, որ հարկավոր է մեզանից հետո եկող սերնդին հիմնավոր գիտելիքներով զինել: Եվ ինձ պարտավորված եմ զգում նրանց հաղորդել իմ գիտելիքները, հմտությունները: Նրանք դպրոցից պետք է գիտակցեն կրթության արժեքը: Պետք է հասկանան, որ հաջողության նախապայմանը, դեպի նպատակների իրականացում տանող ճիշտ ճանապարհն ինքնուրույնությունն է: Հենց այս նպատակով էլ որոշել եմ գնալ մայրաքաղաքից շատ հեռու գտնվող մարզ, որտեղ մասնագետ մանկավարժի կարիք կա, որտեղ երեխաները զրկված են մաթեմատիկան լիարժեքորեն սովորելու հնարավորությունից:

- Եթե շատ բարձր պաշտոն ունենայիր կամ հրաշքով կախարդական փայտիկ գտնեիր, ինչի՞ց կսկսեիր` քո պատկերացրած պետությունը կառուցելու համար:

- Մեր հասարակության հիմնական խնդիրը հավատի բացակայությունն է. մարդիկ չե´ն հավատում, որ իրենք կարո´ղ են: Շատերը չեն էլ մտածում, որ իրենցից յուրաքանչյուրը պետության մի մասնիկն է, և պետությունն էլ մեզանից յուրաքանչյուրով է ամբողջական: Այսօր մենք նմանվում ենք մի նվագախմբի, որի երաժիշտներից ամեն մեկը մի մեղեդի է նվագում: Մի խոսքով` նախ կփորձեի վերականգնել մարդկանց հավատն իրենց և ուրիշների նկատմամբ: Կփորձեի հնարավորություն տալ, որ յուրաքանչ յուրն իր սիրած գործով զբաղվի: Այդ դեպքում միայն` ուժերը ներածին չափով յուրաքանչյուրս մե´ր գործով զբաղվելու դեպքում, կկարողանանք բարգավաճ, կայուն պետություն ստեղծել, որտեղից ոչ մեկը չի ցանկանա հեռանալ:

Արմեն Մխեյանի արձակից ընտրել ենք «Դավաճանության գինը» վեպը, որը հատվածաբար կներկայացնենք մեր ընթերցողին: Ինչպես նույնանուն գրքի խմբագիր Ա. Հովակիմյանն է նշել`

- Արմեն Մխեյանն այս անգամ անդրադարձել է գենետիկ ձևափոխության ենթարկված մշակաբույսերի խնդրին: Իրադարձությունների կիզակետում հայտնվում է լրատվական կայքի խմբագիրը, ով ակամա դառնում է բարձրաստիճան պաշտոնյայի սպանության վկան: Հանցագործություն, որը նպատակ ունի կոծկել և վերացնել մեկ այլ հանցագործության հետքը:

Հանուն արդարության նրանց պայքարը վերածվում է կյանքի ու մահու կռվի, որտեղ վստահել կարող են շատ քչերին...

Գործողությունների կտրուկ ու անհավատալի զարգացում` լի անսպասելի լուծումներով:

Միևնույն ժամանակ հեղինակը փորձում է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց անտեսումը կարող է վտանգել պետության և ժողովրդի անվտանգությունը:

Իսկ մեզ մնում է նաև ընթերցողին փոխանցել մեր ուրախությունն առ այն, որ Արմենի նման մտահոգ, պատասխանատվության զգացումով ապրող երիտասարդներ կան մեր պետության թիկունքում:

Բարի երթ` դեպի բոլոր նպատակներիդ իրագործման մեծ ճանապարհ, Արմեն: