76 կինոժապավեն` 22 երկրներից


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա Արտ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ` օգոստոսի 19-ից մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Սոցիալական շեշտադրությամբ մշակութային այս նախաձեռնութ յան նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների ու մշակութային նմուշների ցուցադրությունն է: Եվ, իհարկե, դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: Փառատոնի շրջանակում կանցկացվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ ու ցուցահանդեսներ, արտերկրից Հայաստան են ժամանել մեկ տասնյակից ավելի հյուրեր, «առանց տոմսի» ձևաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը:

Այս տարի «Ֆրեսկոյի» ծրագրում ներառված են 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը` հայկական: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի մարզային ծրագրով:

Օգոստոսի 19-ից 21-ը Հաղարծնի վանքային համալիրում անցկացված միջազգային բացօթյա կինոճամբարի 100-ից ավելի մասնակիցներին սպասվում էին մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև գիշերային բացօթյա կինոդիտում-քննարկումներ` ֆիլմերի հեղինակների անմիջական մասնակցությամբ: «Ֆրեսկոյի» կինոճամբարն այդ օրերին միացավ այս տարի առաջին անգամ իրականացվող «Հաղարծնի օրեր» խորագրով միջոցառմանը:

Փառատոնի երկրորդ հատվածը կանցկացվի Երևանում: Հաճելի անակնկալ ունեն հատկապես լուսանկարչության սիրահարները: Նախատեսվում է երկու մեծ ցուցահանդես, որոնց պաշտոնական մեկնարկը կազդարարեն հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի և լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի վարպետության դասերը:

Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին երեկոյան Կարապի լճում կանցկացվեն բացօթյա կինոդիտում-քննարկումներ` ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ: Կինոդիտումներից առաջ նախատեսված է կենդանի համերգային ծրագիր: Օգոստոսի 26-ին տեղի կունենա «Մրրոն և ընկերները» խորագրով ազգագրական համերգը, իսկ հաջորդ օրը` օգոստոսի 27-ին Կարապի լճի բացօթյա բեմում «Ալեքսանդրապոլ Օրկեստրա» խումբն է: Նույն օրն էլ կազդարարվի փառատոնի պաշտոնական փակումը:

Հավելենք նաև, որ հավատարիմ մնալով իր որդե-գրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը, իսկ «Ֆրեսկոյի» մրցանակները, ավանդույթի համաձայն, պատրաստել են Խարբերդի մանկատան սաները: