Տուգանք` շեֆի գրառումներն անտեսելու համար


Չինական զբոսաշրջային մի ընկերությունում տուգանել են այն աշխատակիցներին, ովքեր հրաժարվել են Weibo սոցիալական կայքում մեկնաբանություններ գրել իրենց ղեկավարի գրառումների ներքո:

Ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցները` Ցզինան գավառում գտնվող այդ ընկերության ավելի քան 200 աշխատակիցների ստիպել են 50-ական լուան (7,5 դոլար) տուգանք վճարել` շեֆի խնդրանքը չկատարելու համար: Եթե անկեղծ, ապա այդ խնդրանքը մի մեծ բան չէր. ընկերության ղեկավարը սոցցանցում իրենց կազմակերպության նորություններն է ներկայացրել: 7,5 դոլարն էլ առանձնապես անհաղթահարելի գումար չէ, սակայն տուգանվածները գտնում են, որ ոտնահարվել են իրենց իրավունքները և երկրի աշխատանքային օրենսգիրքը:

Ընկերության ղեկավարը ստիպված է եղել նույն սոցցանցում բացատրություն տարածել, որ աշխատակիցների մեկնաբանությունները կնպաստեին ֆիրմայի հեղինակությանը: Բացի այդ, յուրաքանչյուր ընկերություն հավատարիմ աշխատակիցների կարիք ունի:

Բայց, ինչպես սովորաբար լինում է, հակառակ արդյունքն է ստացվել: Դատափետելով ղեկավարին` օգտատերից շատերը գրել են, որ այլևս չեն օգտվի զբոսաշրջային այդ ընկերությունից:

Կամեցել էր լավ գործ անել, բայց ստացվեց հակառակը: