Նորամուտների աշո՞ւն է լինելու


Այս տարի թեժ գարուն-ամառ չխոստացան մեր քաղգործիչները, թեև ամառն իսկապես թեժ եղավ: Թեժ աշունով էլ չեն սպառնում: Ի՞նչ է կատարվում: Ոչ իշխանական ուժերը (որ իրենց ընդդիմադիր են կոչում) վերջապես սկսել են գնահատել իրենց խոսքի արժեքը, ավելի իրատե՞ս են դարձել, հասկացե՞լ են, որ ժողովուրդն այլևս չի հավատում այն սին խոստումներին, որոնք արագ հօդս են ցնդում` խոստացողների դիրքերը բարելավվելուց հետո: Եվ լավ է, որ ադպես է:

Փոխարենը բուռն թափով նոր կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում. ստեղծվում են, միավորվում: Դրանում ևս մի լավ բան կարող է լինել, եթե այս նորերը ուսումնասիրել, չափուձևել են իրենց սպառած «ավանդականների» սխալները և չեն պատրաստվում նրանց խոտոր ճանապարհով գնալ: Այսինքն, հնոտիի նման մարդկանց ձանձրացրած քաղուժերի թևատակին չեն ուզում ծվարել, բայց արդյո՞ք հստակեցրել են անցնելիք այն ուղին, որը դեպի նեղ-անձնական, նեղ-խմբային ճահիճ չի տանում: Եթե` այո, ուրեմն արդեն իսկ պետք է գիտենան, որ, դիցուք, որպես ընդդիմադիր ինքնահռչակումը դեռ պետականաշահ ու ժողովրդասեր լինել չի նշանակում: Եթե` այո, ուրեմն վերջապես իրենք քարոզարշավներում ժողովրդին էլ կբացատրեն, որ պետականամետ գործիչը իշխանասերը չէ: Իշխանասիրությունն էլ երկիմաստ է` իշխանությո՞ւն ես սիրում, թե՞ իշխանավորներին: Վերջիններիս կողքին լինելը, նույնիսկ նրանց սխալները չնկատելը շատ ավելի բարոյական է, քան տարբեր բարձրախոսներով լուտանք ներ տեղալով` իշխանության ղեկին կամ կերակրատաշտի մոտ տեղ որոնելը:

Որքան էլ ասենք, որ մեր քաղաքական դաշտը գերհագեցած է տարանուն կուսակցություններով, միևնույնն է, նորի պահանջը կա: Ո´չ քանակի առումով, ոչ էլ` դիմակափոխ գործիչների վերաձևումի: Այլ այնպիսի անհատների, ովքեր գիտակցում են, որ քաղաքականությունը երկրի հենարանն է և ոչ թե տնամերձ շքեղ ժամանցավայր, որը ձեռք գցելուց հետո մոռանում են խոսք ու խոստում:

Տեսնես գիտակցո՞ւմ են, որ Հայաստան պետության համար անչափ պատասխանատու պահին են ասպարեզ իջնում, երբ անէական թվացող անփութությունն անգամ ճակատագրական կարող է լինել: Ճակատագրական` ոչ միայն ժողովրդի համար, որը կրկին ձեռքն է առել պանդուխտի ցուպը:

Առաջիկա աշնանային թեժացումներ, բարեբախտաբար, ոչ ոք չի խոստացել: Փոխարենը` աշունը նորամուտներով է նշանավորվել: Տա´ Աստված, որ քաղարենայում նոր հայտ ներկայացնողներն իսկապես մերժեին անփառունակ հների գործելաոճը, և վերջապես մարմնավորեն կառուցողական ասվածը: