ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ, ԿԱՄ ԻՆՔՆ ԻՐ ՄԱՍԻՆ


«Մի լսեք մեր ծիծաղը, լսեք ցավը, որ թաքցնում Է Սա իր ետևում…»: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ - Ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում ինքներդ հավատացիք Ձեզ, զգացիք, որ գտել եք Ձեր ճիշտ ուղին: - Թաղի տղաներով գնում էինք թատրոն, նախօրոք պայմանավորվում, թե ո՞վ ում է կրկնօրինակելու: Հետո մեր շենքի միջանցքում ամեն մեկս մեր հերոսների խոսքերն էինք ասում: Ով շատ էր անգիր հիշում, նա էր հաղթողը: Մի օր տեքստիլի ակումբի նոր վարիչը եկավ մորս մոտ: «Տղադ թող գա, խաղա»: Մայրս ինձ նայեց, ես` նրան... գնացի: Մոլիերի «Սկապենի արարքներում» ծառա էի: Արդեն ներքուստ հրճվում էի, որ մարդիկ ծիծաղում են: Վախս անցնում էր: Մտածում էի, որ որքան շատ ծիծաղ կորզեմ, այնքան լավ է: Եվ սկսեցի բեմի վրա հնարել: Կոմիկություն էի անում, գլուխկոնծիներ տալիս: էհ, մարդիկ ծիծաղում են: Իմ թշնամի ծիծաղը դառնում էր իմ բարեկամը: Հետո, երբ Լենինական եկավ ժան էլոյանը` «Քաջ Նազարը» բեմադրելու, ինձ հասկացրեց, որ բարեկամացող այդ ծիծաղը ահավոր թշնամի կարող է դառնալ: Նա մեզ հետ աշխատում էր Ստանիսլավսկու սիստեմով: Ինձ տարավ ստուդիա: Քննություններ, էտյուդ ենք անում: Հիշում եմ, թե Վարդուհի Վարդերեսյանը, նոր հայրենադարձված, մի վտիտ աղջիկ ինչպիսի ոգևորությամբ ու վարպետությամբ կատարեց իր էտյուդը: Ասացին` եղբայրդ, որին երկար ժամանակ չես տեսել, եկել է, թակում է լուսամուտը: Դիմավորիր... Թե ինչ կատարվեց հետո, դժվար է պատկերացնել: Աչքերը հրդեհվեցին, գոռաց` Պարգևս... և լուսամուտի ապակիները ջարդեց: Նա հավատացել էր, թե իր մեռած եղբայրը հարություն է առել: Հետո թուլացած նստեց ու սկսեց արտասվել: Ախր նա հավատացել էր: Այո, հավատով պիտի խաղալ: Առաջին լուրջ հանդիպումս բեմի հետ տեղի ունեցավ 20 տարեկան հասակում: Գորկու «Թշնամիներում» խաղում էի ծերունու դերը: Արդեն սկսեցի մտածել, չլինի՞ թե սա լուրջ բան է: Հասկացա, որ թատրոնը մտնում է իմ կյանքի, իմ էության մեջ: Խեղճ մարդ էր իմ հերոսը, կյանքն իզուր ապրած... Վ. Վաղարշյանը, Ռ. Զարյանը նկատեցին ինձ, իմ մասին հոդվածներ գրեցին: Կրկնում եմ` Վ. Վաղարշյանը, Ռ. Զարյանը: Խենթանալ կարելի էր: Բայց դեռ ինքս ինձ չէի հավատում: Կանչեցին Երևան, ընդունվեցի ինստիտուտ` Վ. Վաղարշյանի կուրսը: Միանգամից` երրորդ կուրս: Նոր աշխարհ բացվեց: Թատրոնի, կինոյի, գրականության մեծերի անկրկնելի, հմայիչ աշխարհը: Խաղացի ուսուցչիս` Վ. Վաղարշյանի հետ «Եզովպոսում»: Ինստիտուտում բեմադրեցի «Վերք Հայաստանին»: Իսկ երբ տարիներ անց խաղացի Պաղտասար, այն Էլ Բեյրութում, այն էլ անկրկնելի Հրաչյայից հետո, արդեն ես լրիվ հավատացի ինձ... - Տվեք, խնդրում եմ, ծիծաղի Ձեր բնորոշումը: - Եթե աշխարհում բոլոր մարդիկ երջանիկ լինեին, ես համաձայն եմ, որ ծիծաղը վերանար: Բայց քանի որ ոչ բոլորն են երջանիկ, ինչ-որ տեղ կռիվ կա, վիշտ կա, ծիծաղը անհրաժեշտ է, առանց ծիծաղի հնարավոր չէ ոչ մի վերք բուժել: - Ձեր արվեստում լուրջն ու ծիծաղը ինչպե՞ս եք համատեղում: - Միշտ իրար հետ, իրարից անբաժան: Ամենատխուր ողբերգության մեջ ծիծաղ կա և ամենածիծաղելիի մեջ` ահավոր թախիծ: Իմ հերոսներն այդպիսի մարդիկ են: Մաքուր, պարզ, մարդկային, ազնիվ: Ես ուզում եմ, որ իմ հերոսները միշտ ժողովրդի հետ լինեն, որ նրանց ճշտությամբ, առանց գրիմի ու դիմակի հասցնեմ ճանաչելիության: Մարդը պիտի թախծի և ուրախանա: Չէ որ նա մարդ է: Երազում եմ խաղալ մի մարդու դեր, որին թվում է, թե ինքն անսահման երջանիկ է, բայց ցավոք, ինքը չգիտի, որ ողբերգություն է ապրում: - Երևի դա կլինի Ձեր կյանքի ամենաուրախ օ՞րը: - Այո, այո´: Առայժմ իմ հերոսին չեմ գտել: Որոնում եմ և եթե չգտնեմ, երևի ես կնստեմ ու կստեղծեմ նրան: Ուզում եմ գրել, ժամանակ չունեմ: Վերջին 5 տարում 18 կինոյում նկարվել եմ, հետո թատրոն, տուն, գործեր, գործեր... - Պատմեք Ձեր կյանքից ծիծաղաշարժ մի դեպք: - Ստեփանավանում «Տերն ու ծառան» էինք նկարում: Առավոտյան կազմ ու պատրաստ, համապատասխան համազգեստներով գնում էինք նկարահանման վայրը: Մտա հյուրանոցի ռեստորան` ուտելիք վերցնելու: Մի քանի հովեկներ, Թբիլիսիից էին, ինձ ճանաչեցին, մոտ կանչեցին, սկսվեցին բաժակաճառերը: Նրանցից մեկը արհամարհանքով էր ինձ նայում: Ընկերներին ասաց. «Այդ խեղճ հովիվ մարդուն ի՞նչ եք զբաղեցրել, թող գնա»: Հետո դարձավ ինձ. «Գնա քո բանին»: Վեր կացա, որ դուրս գամ: Հանկարծ բռնեց թևիցս ու դիմեց ընկերոջը. «Վայ մե, Աշոտ, էս խո 01-99-ը չի՞»: Ասացին` այո: Ուրախացավ: «Աշոտ ջան, մի սրան տուր, տանեմ, երեխեքին ցույց տամ, բերեմ...»: - Խաղալը հաճելի՞ է, թե՞ տառապանք: - Հաճելի, քաղցր, անհրաժեշտ... տառապանք: Երբ ինձ դեր են տալիս, ահավոր կասկածով եմ մոտենում: Վախն ինձ մի տեսակ հիվանդացնում է: Աչքիս էլ ոչ մի բան չի երևում: Ապրում եմ երկունքի շրջան: Ջղայնանում եմ, տխրում, ուրախանում: Չէ, տառապանքով է ծնվում դերը: Ինձ լիցքավորողը, ոտքի վրա պահողն այն պահն է, այն վայրկյանը, երբ իմ մեջ մի բան փայլատակում է: Կարողանո՞ւմ եմ ժամանակին բռնել փայլատակումի լույսը, ուրեմն ապրում եմ ստեղծագործական հաճույք: Իսկ այդ պահին հաճախ չէ, որ հանդիպում ես... Հիշում եմ Ֆիրդուսու խոսքերը` «Մի օր դու ես թամբի վրա, մի օր թամբն է քո վրա»: Հանճարեղ խոսքեր են: Եվ եթե միշտ և ճիշտ բռնես անորսալի այդ պահը, միշտ դու կլինես թամբի վրա: - Ձեր սիրած մեծերը: Եվ ինչո՞ւ: Գնահատեք նրանց: - Վահրամ Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանն իմ կուռքերն են եղել: Սիրում եմ Բանիոնիսին, Սոֆի Լորենին: Գրողներից` Վիլյամ Սարոյան, Պարույր Սևակ, կոմպոզիտոր ներից` Բախ, Արմեն Տիգրանյան: «Անուշ» օպերայի համար գժվում եմ: Նկարիչներից` Սարյան: Բոլոր մեծերի գնահատման չափանիշը, երևի, պիտի փնտրել նրանց` ժողովրդին տվածով: Արվեստի մարդը պիտի ապրի իր թողածի, տվածի համար մեծագույն անհանգստությամբ, վախով, պատասխանատվությամբ: Ապրիր, խաղա, ստեղծագործիր այնպես, որ մարդիկ քեզ հավատան, որ եթե Յագո ես, ատեն քեզ, փորձեն աշխարհից ջնջել քո տեսակը... «ԱՎԱՆԳԱՐԴ», 1972 թ.