ՆԱ ՆԿԱՐԵՑ ԻՐԵՆ ԵՎ ԱՍԱՑ` «ՍԱ ԵՍ ԵՄ»


Նա դեմքին երբեք դիմակ չդրեց: Դեմքը դիմակ չընդունեց: - Որտեղացի՞ ես, երիտասարդ, - մի անգամ իր արվեստանոցում ինձ դիմեց Մարտիրոս Սարյանը: - Ի՞նչ ասեմ, վարպետ, հայրս մշեցի Է, մայրս` վանեցի: Ծնվել եմ Լենինականում, ապրում եմ Երևանում: - Այ տղա, դե ասա իսկական հայ ես, - ծիծաղեց վարպետը: ՀՍՍՀ ժողովրդական, Դաղստանի ԻՍՍՀ վաստակավոր արտիստ Մհեր Մկրտչյանը 1971-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում բարի, առաքինի Հայրիկ դարձավ, միշտ կենսուրախ միշտ մարդամոտ տաքսու վարորդ, թատրոնի բեմում` նորից Ղազար, նորից Պաղտասար, ստուդիայի սաների համար` ուսուցիչ, հրճվեց նրանց հաջողություններով, բարի մուտք շշնջաց, հետո ժամանակ գտավ թատրոնի շախմատի առաջնությանը մասնակցելու, հաղթեց առաջին երեք մրցանակակիրներին և... ամենավերջին տեղը գրավեց, ժամանակ գտավ` երգեց, նկարեց: 1972-ի հունվարին շտապեց Լենինական` «Պաղտասար աղբար» բեմադրելու: Նա միշտ շտապում է, նա ապրում է մարդկանց համար, արվեստի համար, որովհետև «Այս կյանքը զարմանալիորեն կարճ է, իսկ արվեստը հավերժ»: