«ՀՈՒՆՁՔ»


Հունձք` ասել է թե` խնամված հունդերից գոյացած բարիքի ամբարում: Բարիքն այդ շուրջ չորս ու կես տասնամյակ մարդկանց հույզերի յուրովի վերծանումներն են: Մշակը` հայ լրագրության նվիրյալ Վալերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում ստորագրությունը միշտ փնտրված է եղել հարյուր հազարավոր ընթերցողների կողմից: Երկար տարիներ «Ավանգարդի» ամեն համարը նորաշունչ դարձնող պատասխանատու քարտուղարը, ում դրական կարծիքը թևավորում էր հատկապես լրագրության անդաստանում ինքնահաստատման ուղին սկսող երիտասարդներիս համար: Որքան էլ ծանաբեռնված` նրա բեղուն գրիչը, սակայն, որսում էր ժամանակի հևքը, իսկ միտքը պրպտում էր անվերջ, որպեսզի ոչ մի արժանավոր անուշադրության չմատնվի: Հետագայում փոխվեցին Վ. Հարությունյանի աշխատանքային հասցեները, սակայն չփոխվեց նրա լավատեսությունը` աշխարհի ու չնվազեց սերը` մարդկանց հանդեպ: Ու այդ լավատեսությամբ սիրեց նաև այն դժվարությունները, որոնք արժանապատվորեն հաղթահարելը երևի ծնողներից փոխանցված ժառանգականությամբ էր ստացել: Ինչպես ինքն է ասում` - ...Ամենափոքր ուրախությունից ցնծալով, վշտից ճաքելով եմ ապրում, ստի ու ճշտի արանքում կռիվ տալով, թևաթափ երազներով, բայց միշտ հոգու կաղապարի ու կապանքների դեմ ըմբոստանալով: Ապրում եմ այսպես, կարոտում եմ Ագարակում արդեն ուրիշինը դարձած մեր տանը, հորս տնկած տանձի ու խնձորի, սալորի ու կեռասի ծառերին, մորս աճեցրած վարունգի, լոբու ու ռեհանի համին: Մեկ-մեկ թաքուն գյուղ եմ գնում, հեռվից նայում եմ մեր տանը... Աչքերս լցվում են: Չորսուկես տասնամյակ թղթին հանձնած բազմաժանր իր ստեղծագործություններից բծախնդրորեն ընտրված մի «փունջ» է այսօր հավաքել Վալերի Հարությունյանն ու նվիրել ծնողների հիշատակին: «Հունձքի» խոսուն վերնագրով գրքում նրա տարբեր տարիների և տարբեր լրատվամիջոցներում հրապարակված ակնարկներ են, հարցազրույցները, ուրախ ու տխուր դիտարկում¬մտորումները, որոնք ոչ մի ժամանակ չեն կորցնի իրենց այժմեականությունը: Չեն կորցնի, որովհետև հոգով են գրված և հասցեագրված են նրանց, ում ծանոթ է արարումի բերկրանքը: