Հյուրասրահ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


Երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում նշվեց ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան 50-ամյակը : - Սիրելի Հրաչյա, նախ թույլ տուր շնորհավորել ծննդյանդ 50-ամյակի առթիվ և մաղթել ստեղծագործական հաջողություններ և երջանկություն: Քո մասին կարծես թե շատերը գիտեն, շատերն են ծանոթ քո անցած ստեղծագործական ուղուն… Դու քո կենսագրությունը սկսեցիր որպես կրկեսի արտիստ, իսկ հետո անցար դրամատիկական բեմ: Ինչպե՞ս կբացատրես այդ յուրատեսակ շրջափոխումը: - Ես հրապուրված էի կրկեսով, ապրում էի կրկեսով: Երևի հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանն իմ սիրտն ու հոգին էլ էր կախարդել: Կրկեսային արվեստի նկատմամբ մեզանում բուռն մղումներ և ցանկություններ եղել են, շատ երիտասարդներ են ցանկացել իրենց ճակատագիրը կապել կրկեսի հետ: Սակայն չափազանց դաժան է կրկեսը, այն ընդունում է միայն համարձակներին և խիզախներին. նրանց, ովքեր կամենում են նորություն բերել, կրկեսային կատարումները հասցնել բարձր արվեստի մակարդակին… Ինձ մոտ բեկումը տեղի ունեցավ շատ անսպասելի, կրկեսի կողքին իմ կյանքում հայտնվեց նաև թատրոնը, ու ես հասկացա, որ թատրոնում փոքր-ինչ այլ կերպ կկարողանամ հասնել ինքնադրսևոր ման… Իսկ եթե կատակով ասեմ, ապա կարծես փոփոխությունը շատ չէր. Ենգիբարյանի աշխարհից տեղափոխվեցի նրա հարազատ եղբոր` Հրաչյա Ղափլանյանի աշխարհ: - Թատրոնում, ուր դերասանական վառ անհատականություններ կային, դու եկար ու միանգամից դարձար երիտասարդ հերոսների դերակատարը: Մեկ տասնյակից ավելի դերեր խաղացիր, որոնց բարձրակետը, իմ համոզմամբ, Ռոմեոն էր` Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության մեջ: Կարելի է ասել, որ դու 20-րդ դարի հայ թատրոնում երկրորդ Ռոմեոն ես` Խորեն Աբրահամյանից հետո: Դժվար չէ՞ր մաս կազմել Դրամատիկականի դերասանախմբին: - Դրամատիկական թատրոնը յուրատեսակ է մեր իրականության մեջ: Ես եկա այն ժամանակ, երբ այն ղեկավարում էր Հրաչյա Ղափլանյանը, ում փոխարինեց Արմեն Խանդիկյանը: Բոլորի հետ էլ հետաքրքիր է եղել աշխատել, իսկ դերասանախմբի հետ ես շուտ «լեզու գտա»: Տեսակների խնդիր, տեսակների միավորման և ներդաշնակման հարց կա: Դերասանական իմ տեսակը, գեղագիտական իմ որոնումները մոտ էին թատրոնի դերասանախմբին, այդ պատճառով էլ մերձեցումը հեշտությամբ տեղի ունեցավ: Այո´, բախտն ինձ ժպտաց, ու խաղացի գրեթե բոլոր երիտասարդ հերոսների դերերը: Ինչ վերաբերում է Ռոմեոյին, ապա այդ դերը խաղացի ինձ համար անսպասելի խանդավառությամբ, ոգևորությամբ: - Ռոմեոյից հետո շեքսպիրյան այլ դերեր էլ ես խաղացել, որոնցից ուզում եմ առանձնացնել Մարկ Անտոնիոսը և Համլետը: Ես քո Անտոնիոսիմասին գրել եմ. «Անտոնիոսի մենախոսությունը Հրաչյա Հարությունյանի հերոսն արտաբերում էր որպես ներքին մտորումների և մտածումների արտահայտություն` նրա հրապարակախոսական պաթոսից անցնելով դեպի կիսաձայն մտորումը: Սա ռեժիսորական-դերասանական ուշագրավ լուծում էր, մտահղացում, որն ուներ գաղափարական արժեք և իմաստ. Անտոնիոսի շուրթերով հնչում էր ոչ միայն դամբանական, այլև` մեծագույն մեղադրանք, մինչդեռ այս խենթացած ամբոխին ու Հուլիոսին սպանողներին պետք չէին այդ մտքերը, պետք չէր ճշմարտությունը մի մարդու մասին, ով հասել էր աստվածային բարձունքին` մոռացնել տալով, որ ւինքն էլ գահ էր բարձրացել արյունալի ճանապարհով… Կիսաշշուկով ասված խոսքերը, որոնք Հարությունյան-Անտոնիոսը արտաբերում էր հուզմունքով, ներքին այրմամբ, միաժամանակ` մտորելով ու խորհելով, կարծես թափանցում էին ամբոխի գիտակցության մեջ, ու նրան ոտքի հանում: Եթե բեմադրության ընդհանուր արտահայտչաձևն ընդգծված էքսպրեսիան էր, ապա Հ. Հարությունյանը նախընտրել էր զուսպ ու ներքին տոների վրա կառուցված խաղաձևը` նախապատվությունը տալով հոգեբանական մանրամասներին, նրբագծերին, մեղմ, գրեթե շշուկով արտաբերվող խոսքին, որի ազդեցությունը չափազանց մեծ էր…» - Շնորհակալ եմ արտահայտված կարծիքի համար: Դե, թատերագետներն իրենց մոտեցումներն ունեն, որոնք երբեմն հեռու են դերասանի մոտեցումից: Բայց այս դեպքում երևի մենք իրար հասկացել ենք… - Քո ընտանիքը շատ հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս` Սյուզան Մարգարյան, Սիրուշո… Այս հանրահայտությունն ինչպե՞ս է ազդում ընտանեկան հարաբերութ յունների վրա: - Մեզանից ամեն մեկն իր աշխատանքն է անում: Ուրախ եմ շատ, որ Սյուզանին և Սիրուշոյին լսում են, որ նրանք ունեն ունկնդիրների մեծ բանակ: Սիրուշոն մասնակցում է միջազգային բազմաթիվ ծրագրերի, բարեգործական նախաձեռնությունների: Ընտանիքում մենք չենք ապրում դրսի հաջողություններով: Մեզ հեռու չենք պահում մարդկանցից, «աստղային կյանք» չենք վարում: Ջերմ հարաբերությունների վրա կառուցված ընտանիք է, հայ մարդկանց ընտանիք: Անհանգստացնում է միայն այն, որ երբեմն ոմանք ցանկանում են խցկվել ընտանիքի սահմաններից ներս, ինչ-որ անհեթեթ ու իբրև թե սկանդալային լուրեր տարածել… Դրանք ծիծաղելի են: Հազար անգամ գրել են Սիրուշոյի ամուսնալուծության ու էլի նման բաների մասին… - Հոբելյանի առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ հնչեցին, բազմաթիվ գնահատականներ եղան… - Դրանք շոյում են ինքնասիրությունը, ուրախացնում են: Մտածում ես, որ արածդ անհետ չի կորել… -Ուրեմն, թող շատ լինեն այդ հետքերն ու շատ լինեն նոր դերերը: -Շնորհակալություն: