ԱՆԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐ Նա միշտ ինքն էր` բոլորի Հրաչյան


20-րդ դարի հայ բեմի և էկրանի խոշորագույն դերասաններից է Հրաչյա Ներսիսյանը: Արվեստագետ, ով դարձավ հայ նորագույն թատրոնի ստեղծողներից մեկն ու դերասանական արվեստում գոյավորեց այնպիսի սկզբունքներ, որոնք մինչև այսօր չեն կորցնում իրենց հանդեպ հետաքրքրությունը, դառնում են ուսանելի: Իր ստեղծագործական կյանքը գլխավորապես աղերսելով Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին և այստեղ ստեղծելով իր դերասանական գլուխգործոցները` Հրաչյա Ներսիսյանն իր արվեստի ընդգրկումներով դուրս է եկել մեկ թատրոնի շրջանակներից, դարձել համազգային երևույթ, տեղ գրավել ռուս, ուկրաինացի, բելառուս, վրացի և այլ նշանավոր անհատականությունների կողքին: Հենց ռուսական թատերական միտքն էլ նրան համարել է դերասան-նորարար, ով հատկապես շեքսպիրյան իր կատարումներով խախտում էր հաստատված շատ ավանդույթներ` միավորելով ապրումն ու ներշնչանքը, խաղային երևակայությունն ու հույզերի զարմանալի-անբանտելի պոռթկումները: Հրաչյա Ներսիսյանն իր դերասանական գործունեությունը սկսել է 20-րդ դարի 10-ական թվականներին, հանդես եկել տարբեր թատերախմբերում` գլխավորապես համագործակցելով դերասան ու բեմադրիչ Մկրտիչ Ջանանի հետ: Արկածներով լի կյանք է ապրել իր երիտասարդության տարիներին, զորակոչվել թուրքական բանակ, ու որպեսզի չմասնակցեր ակտիվ ռազմական գործողություններին` ներկայացել է որպես գերմաներենի թարգմանիչ: Շատ լավ տիրապետելով թուրքերենին ու ֆրանսերենին, նա բառ անգամ չգիտեր գերմաներեն: Բայց ահա մի օր պարտավոր է լինում թարգմանել գերմանացի գեներալի: Գեներալը խոսում է, իսկ «թարգմանիչ» Ներսիսյանը զարմացած նայում է նրա դեմքին… Նրան սպառնում էր գնդակահարություն, սակայն Ներսիսյանն արցունքն աչքերին` գերմանացի գեներալին պատմում է ճշմարտությունը ֆրանսերենով, ու վերջինս միջնորդում է թուրքական հրամանատարության առջև` հանգիստ թողնել «գերմաներենի թարգմանչին»… Ուրեմն, պատահականությունը նրան փրկեց հայ թատրոնի համար: Հրաչյա Ներսիսյանի խաղընկերներից շատ քչերն են այսօր մնացել: Նրանցից` ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Հեղինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հաճույքով է վերհիշում, որ երբ մեծագույն դերասանը խաղում էր Լիր արքա` մի ամբողջ օր տանից դուրս չէր գալիս, կենտրոնանում էր, հեռու մնում բաքոսից, որի հետ հաճախ էր «բարեկամություն» անում… - Մենք զարմանում էինք` բեմում տեսնելով նրա ահռելի էներգիան, ուժը… Ներկայացման ավարտին զգում էինք, որ օրորվում էր, աչքերի մեջ խորամանկ ժպիտ կար… Նա ամեն արարի վերջում, բոլորից գաղտնի խմում էր մի գավաթ կոնյակ` այդպես շարունակելով ներկայացումը: - Մենք բախտավոր էինք, որ Հրաչյա Ներսիսյանի նման մեծության հետ բեմ էինք բարձրանում: Նայում էինք նրան, փորձում հասկանալ, թե ո՞րն է նրա արվեստի գաղտնիքը… Առաջին հերթին` նրա անսահման հմայքը, կապույտ-ծով աչքերը, որոնք հմայում էին մարդուն, խելքահան անում: Հետո` ապշելու տաղանդը, անսահման տաղանդը…. Գիտեք չէ՞, որ Վահրամ Փափազյանը մի առիթով Ներսիսյանի մասին ասել է, որ նա մի ահռելի ադամանդյա քարաբեկոր է… Ես Ներսիսյանի հետ մի քանի դեր եմ խաղացել` Դեզդեմոնա, Կորդելիա: Բառացիորեն հմայվել եմ նրանով, ինչն էլ օգնել է ինձ լավ խաղալ, այնպես չանել, որ այդ հզոր արվեստագետի կողքին կանգնեմ պարապ,- պատոում է ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի Մարգո ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Հրաչյա Ներսիսյանի հանդեպ ձևավորված համաժողովրդական սերը երբեմն անցնում էր իրականության սահմանները, վերածվում առասպելի: Նա քայլում էր փողոցում, ու մեքենաները կանգ էին առնում. բոլորը հիացմունքով նայում էին փողոցով անցնող Ներսիսյան-քանդակին: Նա բարձրանում էր բեմ, ու հանդիսատեսը վերացած-ներշնչված ծափահարում էր: Ծափահարում էր անգամ այն դեպքերում, երբ Ներսիսյանը խաղում էր այսպես կոչված «բացասական» հերոսների: Հանդիսատեսի համար նա միշտ Հրաչյա Ներսիսյանն էր` իր սիրելին: