ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԷԼ ՄՈՌԱՑՎԵՑԻՆ


Պետական բյուջեի նախագծում «մոռացության» տրվեցին նաև բարձրագույն դպրոցի պրոֆեսորներն ու դասախոսները, որոնց արդեն քանի˜ տարի խոստանում են աշխատավարձերի բարձրացումներ: Սակայն ամեն տարի բյուջեի քննարկումների ժամանակ հորինվում են տարբեր պատճառաբանություններ, հիշատակվում են վճարովի համակարգից եկող գումարները և «փակում» հարցը: Մեր պետությունն իր առաջնահերթություններից մեկն է հռչակել բուհական համակարգի վերափոխումը, կրթական նոր ծրագրերի և տեխնոլոգիաների հիմնավորումը, որոնք էլ Հայաստանը կարող են դարձնել տարածաշրջանային գիտակրթական կենտրոն: Այս գաղափարի իրականացման համար, կարծես թե, ինչ-որ քայլեր արվում են, մասնավորաբար Երևանի պետական, Ճարտարապետաշինարարական համալսարա նները և մի շարք այլ բուհեր համալրվում են նոր տեխնիկական միջոցներով, ձևավորում են որոշակի կապեր աշխարհի տարբեր բուհերի հետ: Ու այս ամենը ողջունելի է: Սակայն հազիվ թե հնարավոր լինի հասնել ցանկալիին, քանի դեռ արհամարհված է դասախոսական կազմը, որին տրվում են չնչին վճարներ` այսպես անկարևորելով նրա դերը կրթության արդիականացման ասպարեզում: Հաճախ է խոսվում այն մասին, որ բուհերը մեծ եկամուտներ են ստանում վճարովի համակարգից, ուստի դասախոսների աշխատավարձերի բարձրացումը կապվում է արտաբյուջետային միջոցների հետ: Կարծես սխալ մոտեցում և սխալ քաղաքականություն չէ, սակայն բուհերից շատերի ռեկտորները հայտարարում են, թե արտաբյուջետային միջոցներն իրենք օգտագործում են տեխնիկական և լաբորատոր սարքերի ձեռքբերման, հրատարակչական գործունեության ծավալման, վերանորոգումների համար: Նման հայտարարություն ուսումնական տարվա սկզբին արեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` լիովին արդարացնելով որոշումը: Սակայն այլ բուհերում վարձավճարները չեն բավականացնում անգամ առաջադիր խնդիրների լուծման համար, քանի որ տարեցտարի պակասում է ուսանողների թիվը, և նվազում են նրանց եկամուտները: 2012-ի բյուջեի նախագծում իսպառ մոռացության են տրվել բուհական գիտության ներկայացուցիչները: Անհարմար է անգամ խոստովանել, որ Կոնսերվատորիայում դրույքային աշխատավարձերը չեն անցնում 25 հազար դրամից, մինչդեռ մեր երկրում գործում են նվազագույն աշխատավարձերի չափեր: 1993-ից ի վեր մի շարք բուհերում չեն վերանայվել ժամավճարային չափերը, իսկ որոշներում էլ, դասախոսներին քիչ վճարելու համար հորինվել են տարբեր պատճառաբանություններ: Օրինակ, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կիրառության մեջ է մտել համատեղության դրույթը. դասախոսն աշխատում է լրիվ ժամային ծանրաբեռնվածությամբ, պարապում նախատեսված չափով, սակայն ստանում է համատեղության հաշվարկով` յուրաքանչյուր ժամի համար կորցնելով մի քանի հարյուր դրամ: Մեր երկրում մի դատապարտելի հոգեբանություն է օրինականացվել. բարձրացնենք դատավորների աշխատավարձերը, որպեսզի նրանք կաշառք չվերցնեն: Եվ ամեն տարի բարձրացնում են: Մինչդեռ բուհերից շատերը հռչակելով կոռուպցիայի հանգրվաններ` ոչինչ չի արվում` նաև դասախոսների սոցիալական վիճակի բարելավմամբ պայքար ծավալել կոռուպցիայի և կաշառակերության դեմ…

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ