1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ոգելից խմիչքների հայաստանյան շուկայում հետաքրքիր իրավիճակ է հասունանում: Չար լեզուներն ասում են, որ հաջորդ ամսվա կեսերից օղու, գինու և գարեջրի մեծ դեֆիցիտ կարող է առաջանալ: Տեղի ունենալիքն այս անգամ հաստատ Ամանորից առաջ խմիչքի տեսականու սպառման աճի կտրուկ մեծացմամբ չի պայմանավորվելու: Տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ տարեսկզբից խմիչք արտադրող¬ներկրողների վճարելիք հարկերի չափն աճելու է... Լրացուցիչ 101 միլիարդ հարկի փնտրտուքը ստիպել է կենտրոնանալ նաև ալկոհոլային խմիչքների շուկայի վրա և գործադիրում արձանագրում են, որ անհիշելի ժամանակներից դիցուք ակցիզային հարկն այստեղ անփոփոխ է մնացել, մինչդեռ այդ շուկան նույնպես վաղուց գնաճային տարերքին է տրվել: Ասել է թե` ակցիզային հարկի դրույքաչափը խմիչքի ու հատկապես օղու ներկայիս գների մեջ գրեթե աննկատ է մնացել: Ամեն ինչ մինչև վերջ հասկանալի ու անգամ ընդունելի է թվում, սակայն գնային այս «անցումն» էլ չի կարող առանց ցնցումների լինել: Ոգելից խմիչքների շուկան, ինչ խոսք, գերհագեցած է. անսահման տեսականին ու տրաքվելուն մոտ ցուցափեղկերն այլ բան չեն վկայում: Այլ հարց է, թե ներկրողներն ու տեղական արտադրողները որքանո՞վ նպատակահարմար կգտնեն հին գներով, այն էլ` տարվա ամենաշահութաբեր ամսին, ազատվել իրենց ապրանքից: Ընդ որում, խմիչքը վաճառասեղաններին կարող է չհասնել ոչ միայն արտադրող¬ներկրողների քմահաճույքների արդյունքում: Իրացնող ցանցն իր հերթին, կարող է միանգամից որոշակի խմբաքանակներ ձեռք բերել` Ամանորից հետո այն վաճառելու նպատակով: Նրանք իրենք են հաստատում, որ խմիչքի պահանջարկը մեծ է լինում նաև հունվարյան առաջին երկու շաբաթներին: Այսինքն, տարվա առաջին ամսվա առաջին կեսին էլ կարելի է նոր գներով իրացնել վաղօրոք պահեստավորված արկղերի էժան պարունակությունը: Ավելին, տոնական խառնաշփոթի օրերին որևէ մեկն ակցիզային դրոշմանիշի տարեթիվը հաստատ չի ստուգելու: Դե, իսկ եթե մինչ այդ մարդիկ հասցրած չլինեն բավարար չափով խմիչք հայթայթել, ապա հունվարի առաջին շաբաթներին նրանք լրացուցիչ հաճույք կպատճառեն վաճառողների գրպաններին: