Հա՞ որ...


«Հայռուսգազարդի» սահմանած բնական գազի մեկ խորանարդ մետրի սակագինը ինչպես հայտնի է` կողոպուտ լինելուն շատ մոտ է գնահատվում: Մասնագետներն էլ բազմիցս հաշվարկել ու հրապարակել են, որ գազի մեկ խորանարդը շատ ավելի մատչելի արժեք կարող էր ունենալ, եթե մատակարար կառույցի գերշահույթային ախորժակը փոքր¬ինչ մեղմվեր: Նման իրավիճակում պարզ է, որ ձմեռային ամիսները մեծացնելու էին բնակչության դժգոհությունը, իսկ առավել անապահովների շրջանում պարտքերն անխուսափելի էին դառնալու: Եվ ահա «Հայռուսգազարդը» սկսել է հայտարարել, թե գտել է «ելքը»: Մինչև վերջին գրոշը մարդկանց գրպաններից կորզելու նպատակով այս ընկերությունը գործընկեր է դարձրել երկու բանկերի, որոնք առաջարկում են կոմունալ վճարումներն իրենց մասնաճյուղերում կատարողներին գազային վարկ տրամադրել: Պայմանով, սակայն, որ գարնան և ամռան ամիսներին, երբ վճարաչափերը մեղմված լինեն, մարդիկ նաև ձմեռային պարտքը մարեն: Պարզ է, որ բանկերը հենց այնպես չեն լավություն անելու մարդկանց: Նախ կոմունալ բոլոր վճարումներն իրենք են ընդունելու (ինչում նրանք միշտ են շահագրգռված), իսկ բացի այդ, գազի թանկ վարձավճարին գումարվելու է նաև տրամադրվելիք վարկի տոկոսները: