Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կատարողական տպավորիչ ունակություններին առաջին անգամ անմիջականորեն հաղորդակցվեցի 2011-ին, երբ Արամ Խաչատրյանի անվան միջազգային դաշնամուրային մրցույթում շահեց 2-րդ մրցանակը: Ներկայացնելով միաժամանակ 2 երկիր` Հայաստանը և Բելգիան, սեփական ձեռագիրը հստակեցնող երիտասարդ դաշնակահարն արդեն 10 միջազգային մրցույթների դափնիներով հասցրել էր ուշագրավ ստեղծագործական տարեգրություն ձևավորել: Օրերս «Վերադարձի» 8-րդ միջազգային փառատոնում կայացավ մեր երկրորդ հանդիպումը: Համերգային 2 բարդագույն ծրագրերի ունկնդրությամբ հավաստիացա, որ շնորհառատ հայուհին ոչ թե սոսկ խոստումնալից ապագա ունեցող գրագետ դաշնակահար է, այլ ստեղծագործող երաժիշտ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան սրահում ցրտից սառչող ունկնդիրները զարմացած և հիացած էին նրա բեմական խիզախությամբ: Ինքնատիպ դաշնամուրային մեկնաբանությունների մտերմացնող ներուժով էլ տաղանդավոր դաշնակահարուհին սիրով անկեղծացավ «ԱՎԱՆԳԱՐԴԻ» հետ` թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ:

«Ամենաառեղծվածայինը կյանքն է»

- Ի՞նչն է կյանքում Ձեզ համար ամենադժվարը:

- Երևի թե չընկճվե՞լը: Բայց դժվարությունները գուցե նույնիսկ անհրաժեշտ են: Դրանք հաղթահարելու կամք միշտ եմ դրսևորել: Չէ, կարծում եմ, ամենադժվարը մենակությունն է: Մարդկանց մեծամասնությանը համակում է մենակության վախը: Ոմանց համար էլ անհաղթահարելի է մահվան վախը: Բայց ինձ թվում է, որ դա լավ վախ է, որովհետև հիշեցնում է, որ մենք ընդամենը մի կյանք ենք ապրում և այդ մի կյանքի ընթացքում մեզ զբաղեցնող շատ ու շատ խնդիրներ պարզապես լուրջ արժեք չեն կարող ներկայացնել: Իսկ մենակությունը երևի թե ամենատխուր, ամենադժվար բանն է, բայց դա էլ դարձյալ անհաղթահարելի չի: Փառք Աստծո, այս աշխարհում կա 7 միլիոն մարդ, և մենակ զգացող մարդն ինքը պետք է փնտրի նրանց մեջ իր սրտակցին: Արդեն 3 տարի է` աշխատում եմ պորտուգալուհի Մարիա-Ժոաո Պիրեշի հետ` նրա դաշնամուրային դասարանում: Ամբողջ աշխարհում հայտնի լեգենդար դաշնակահարուհի է: 40 տարի նվագել է աշխարհի ամենահայտնի դիրիժորների հետ, համագործակցել ձայնագրման հեղինակավոր ընկերությունների հետ, բայց զերծ է գերաստղի հավակնություններից, զարմանալի համեստ, բարի, զուսպ ու պարզ մարդ է: Նա 71 տարեկան է, բայց մենք հավասարների անկեղծ ընկերություն ենք անում: Մեծագույն բախտավորություն է ունենալ այդպիսի ուսուցիչ-գործընկեր-կյանքի ուղեկից: Երջանիկ եմ, որ նրա նոր նախագծում եմ ընդգրկված և արդեն 3 համերգ նվագել ենք միասին: Երբեմն, իհարկե, մենակության զգացողությունը կապ էլ չունի մյուս մարդկանց հետ, ներքին զգացողություն է: Կարող ես բազմաթիվ մարդկանցով շրջապատված լինել ու քեզ սարսափելի մենակ զգալ: Ես ինքս այդ զգացողությունն ապրել եմ մոտ 8 տարի առաջ: Հիմա ժամանակ էլ չի մնում մենակության. անընդհատ ուղևորություններ, դասեր, համերգներ... Նույնիսկ երբեմն երազում եմ մենակ մնալ ու գիրք կարդալ:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կուզենայիք լինել:

- Ամենադժվարն ամեն մարդու համար նաև կյանքում իր տեղը գտնելն է, ապա` կոչմանը հավատարիմ մնալն ու կայանալը: Ինձ համար շատ դժվար կլիներ կայանալ դրսում, եթե Հայաստանում հիմնարար գիտելիքներ չստանայի: Առաջին նշանակալից հաջողությունս 10 տարեկանում եմ ունեցել, չափազանց անսպասելի թե իմ, թե առաջին քայլերս ուղղորդող ուսուցչուհուս` Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի մանկավարժ Արքուհի Հարությունյանի համար: Ինչ-որ առումով «Շնորհալիներ-95» եռափուլ մրցույթ-փառատոնի առաջին մրցանակը ճակատագրական դեր խաղաց իմ կյանքում…

Հիմա ես Գերմանիայի քաղաքացիություն ունեմ, բայց գտնում եմ, որ դա կապ չունի անհատականության վկայագրի հետ: Կարևոր են, իհարկե, գեները, արմատները, ազգային ավանդույթն ու մշակույթը.... Միշտ փորձում եմ իմ ծրագիրն այնպես կազմել, որ ինձ սիրելի լինեն բոլոր գործերը: Շատ սիրում եմ Ռախմանինով նվագել, բայց, Բախն, օրինակ, ֆանտաստիկ կոմպոզիտոր է: Ինձ թվում է, որ անհնար է հոգնել նրան լսելուց. մաքրագործում, խաղաղեցնում է: Բեթհովենն էլ, Մոցարտն էլ, Բրամսը, նույն Լիստի սոնատը... Արտերկրի մենահամերգներս սովորաբար ավարտում եմ խաչատրյանական բիսային ակորդով` «Գայանե» բալետից «Ուզունդարան» ու «Սուսերով պարը»: Եթե նոր բիս են պահանջում, նվագում եմ Բաբաջանյանի «Կապրիչիոն» կամ «Էլեգիան», «Պոեմը» երբեմն նվագում եմ համերգային ծրագրում: Ամեն դեպքում հայ կմնայի: Իմ հայրենիքն է Հայաստանը: Չնայած, եթե երկքաղաքացիություն առաջարկվեր, կգերադասեի Գերմանիան, այնտեղ ինձ ինչպես տանն եմ զգում: Այս պահին աշխարհն այնքան բաց է բոլոր ազգերի համար, հատկապես Եվրոպայում, որ հանգիստ կարելի է մի երկրից մյուսը գնալ: Սրընթաց գլոբալիզացիան էլ բերում է նրան, որ մարդիկ խառնվում են իրար, ընդհանուր հետաքրքրություններն են առաջնային դառնում: Երաժիշտների միջև շեշտված սահմաններ չեմ տեսնում Եվրոպայում:

- Կա՞ մի գաղտնիք կամ անցյալում չասվածը, որն այսօր կբարձրաձայնեիք:

- Կան, երևի, մանկական գաղտնիքներ, թաքուն երազանքներ, որոնք ինքնաբերաբար բացվում են տարիներ անց: Ինքս, ճիշտն ասած, բաց մարդ եմ: Ուրիշների գաղտնիքները շատ լավ եմ պահում: Անձամբ փորձում եմ շատ գաղտնիքներ չունենալ, որովհետև ինձ շատ է հետաքրքրում իմ մտերիմների, ընկերների, հարազատների կարծիքը: Եթե որևէ չասված միտք, խմորվող մտահղացում եմ ունենում, անպայման կիսվում եմ նրանց հետ: Բազմակարծության մեջ գտնում, ճշգրտում, հաստատում եմ իմ սեփական դիրքորոշումը:Ամեն դեպքում ինքս եմ վերջնական որոշումը կայացնում:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Երևի թե կյանքը: Այն, որ մենք չգիտենք, թե հաջորդ վայրկյանին ինչ կկատարվի մեզ հետ: Ինչքան էլ մանրակրկիտ պլանավորենք, ինչքան էլ համոզված լինենք, որ ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, միևնույն է, հանկարծ, մի ակնթարթում անսպասելի, շրջադարձային երևույթ է տեղի ունենում: Մենք փոքրիկ հյուլեներ ենք կյանք գլոբալ հասկացության մեջ: Վերջերս իմ ընկերուհին կաթվածահար եղավ: Ընդամենը 28 տարեկանում: Ճիշտ է, կենդանի է հիմա, ֆիզիկապես ապրում է, բայց հայտնի չէ, թե կկարողանա՞ իր ջութակը նորից հնչեցնել: Տխուր են կյանքի այս կարգի անակնկալները: Միաժամանակ` զգաստացնող: Հուշում են, որ պետք է ամեն օրն իմաստավորել, չմոռանալ երբեք անկանխատեսելի փորձությունների հավանականության մասին, այնպես ապրել, որ երբեք կյանքի հետաքրքրությունը չկորցնենք: Ըստ իս` դա կյանքը դարձնում է ավելի գայթակղիչ, գեղեցիկ, հետաքրքիր: Այնպես որ` ամենա-առեղծվածայինը մեզ համար լիովին չբացահայտված ինքնահատուկ օրենքներով հենց կյանքն է: Փախստականների հոսքը դեպի Եվրոպա խաթարում է կյանքի կանոնավոր ռիթմը: Հայաստանի սահմաններն էլ վտանգվում են հաճախ: Ես ամենից շատ տագնապում եմ աշխարհի խաղաղության համար:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը:

- Իմ կյանքի ամենազավեշտալի դեպքերը կապված են հատկապես թռիչքից ուշանալու հետ: Ամենահիշարժանը: Փարիզում օդանավակայան էի գնացել: Թռիչքը 3 ժամ ուշանում էր: Չանցա անձնագրային ստուգումը: Մտածեցի` կհասցնեմ: 3 ժամն անցավ, դարձյալ 2 ժամ ավելացավ ուշացմանը: Եվս 1 ժամ, ապա` կես ժամ: Գնալով նվազում էին ուշացման ժամերը: Մի խոսքով, մի ամբողջ օր մնացի սպասասրահում, արդեն չգիտեի` ո՞ր կողմը պտտվել, ինչ ուշագրավ ժամանց գտնել: Հետո ցուցանակին երևաց ընդամենը 1 բառ` ուշանում է: Սկսեցի գիրք կարդալ` հոգնելով շարունակ նոր լրատվության ապարդյուն հետևելուց: Երևի մի 15 րոպե էր անցել, երբ նկատեցի, որ չկա այլևս այդ թռիչքը: Մոտեցա հետաքրքրվելու, ասացին` բա մենք Ձեզ էինք կանչում, թռավ Ձեր ինքնաթիռը…

Երաժշտական կյանքի հայտնի անեկդոտներից պատմեմ: Մի ֆանտաստիկ հռչակավոր դիրիժոր ամեն համերգի ժամանակ չափ տալուց առաջ ֆրակի գրպանից մի ծալած թուղթ է հանում, բացում, նայում, ապա դնում նորից գրպանը: Նրա աշակերտները շատ երկար տարիներ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչ կարող է պատկերված լինել այդ մոգական թղթի կտորի վրա: Փայլուն էին անցնում նրա ղեկավարած բոլոր ելույթները: Երբ օրերից մի օր նա մահանում է, բուռն հետաքրքրությամբ վերջապես հանում են գրպանից թվացյալ թալիսմանը, բացում և ապշահար լինում: Ընդամենը գրված էր` ջութակը ձախ կողմից, թավջութակը ` աջ: 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ