ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԻՐԱՊԱՏՈՒՄ ՀԵՔԻԱԹԸ


Երիտասարդ բեմադրիչ Սամսոն Մովսիսյանը գտել էր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ծննդյան 80-ամյակի հանդիսության թատերականացման ուշագրավ բանալին: Դասական հենքով և ինքնատիպ մտածողությամբ հրաշալի բեմանկարիչ Անժելա Գալստյանի հետ հաստատած ստեղծագործական բարձրաճաշակ համախոհությամբ այս բեմում ներկայանալով իր հեղինակած մի քանի բեմադրություններով` վաստակել էր իրադարձային այս կարևորագույն հանդիսության թատերականացման իրավունքը: Եվ պարզ ու տոնախինդ ներկայացմամբ նորովի կամրջվեցին Տիկնիկայինի 8 տասնյակ տարիները` բոլոր ժամանակների ամրակուռ դաշինքով:

Ժամանակի քամուց ծածանվում է բոլոր սերունդների մանուկների խոսնակ բեմի վարագույրը: Զվարթ ձայնով սկսում է մանել իր պատմության կծիկի թելը: Մի քանի ակնթարթում հանդարտվում է հոբելյանական դահլիճի աշխույժ խոսքուզրույցը: Բեմում անցուդարձող չարաճճի «ուղևորների» խաղացանկային ճամպրուկների պարունակության շարունակական պեղումներով վեր են հանվում պատմության գզրոցներում խնամքով պահպանված անունները: Հանրածանոթ տիկնիկ-հերոսներին կենդանանալու դիտարժան հնարավորություն ընձեռելով` մեծ ու փոքրին համակած տոնական տրամադրությունն է խորացնում շնորհալի ռեժիսորը: Առանց զարմացնելու միտում հետապնդող արտասովոր հնարքների ու աճպարարության, արժանավոր զավակի անթաքույց հպարտությամբ: Հանդիսախաղի անկաշկանդ փոխըմբռնման մթնոլորտում անձանձիր տպավորվում է ամենքին հարազատացած թատրոնի 80 տարիների տարեգրությունը: Տոնական տրամադրությամբ վարակված բոլոր մասնակիցները մանկան անմիջականությամբ ձայնակցում են դահլիճով շրջող Թզուկի երգին: Լեգենդար ու նորաստեղծ թատերախաղերի բնութագրական կերպավորումները մեջընդմիջվում են հետնաբեմին ժամանակ առ ժամանակ հեռարձակվող տեսանյութով: Մոռացված ու հանրահայտ թվերի և փաստերի լեզվով ամբողջանում է թատրոնի նկարագիրը: Առանց բացառության բոլոր հանդիսականներն են ուշի-ուշով կլանում և վերարժևորում իրենց վերստին մանկացրած վարագույրի ծածանվող խոսքը: Ականջ դնենք նրա պատումին:

...Խորհրդահայ տիկնիկային թատերարվեստի նախակարապետ Հասմիկ Գյոզալյանի անմիջական նախաձեռնությամբ էր, որ 1935-ին Հայաստանում ստեղծվեցին առաջին տիկնիկային թատրոնները: Նախ` Գյումրիում, ապա, ընդամենը երեք ամիս անց` Երևանում, Պատանի հանդիսատեսի թատրոնին կից (երբեմնի Սպայի տանը): Մի խումբ անփորձ նվիրյալների` դերասաններ Սոֆյա Բեջանյանի, Արաքսյա Արաբյանի և Պողոս (Պավլոս) Բորոյանի, մանկավարժ Մարուքե Դուրգարյանի, նկարիչ Գևորգ Առաքելյանի համախոհությամբ ներկայացված «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» նույնքան հետաքրքրությամբ ընդունվեցին թե´ մանուկների, թե´ մեծերի կողմից, որքան Մոսկվայի կենտրոնական տիկնիկային թատրոնի ռեժիսոր և նկարիչ Պ. Յակշինի «Կաշտանկան» (Ա. Չեխով) ու «Աղվես քույրիկը» (Գ. Մատվեև): Եվ առաջնեկներով հարթվեց թատրոնի կայացման հետագա ուղին: Մշակույթ ծնող երանելի ժամանակներ էին: Եվ բարձրարվեստ մշակույթի զարգացմանը նպաստավոր պետական հոգատարությամբ Տիկնիկայինի «շինարարությանը» լծվեցին ժամանակի բոլոր կարող ուժերը: Հայ թատրոնի անխամրելի լեգենդներից Տիգրան Շամիրխանյանը բեմ հանեց Ղ. Աղայանի «Եղեգնուհին», Լևոն Քալանթարը` Հովհ. Թումանյանի «Չախ-Չախ թագավորը», որի բեմականացման հեղինակն էր Վարդան Աճեմյանը: Հայ տիկնիկային դրամատուրգիայի կայացմանը էապես նպաստեցին Նաիրի Զարյանը («Ամենագազան»), Մկրտիչ Կորյունը («Տղան և աղավնին», «Չարիկն ու Քաջարիկը»), Ալեքսանդր Արաքսմանյանը («Մանչուկն ու Ցիբոն», «Գառնիկ ախպեր») և տասնյակ ուրիշներ: Հանրային քննությամբ հղկվեցին ներկայացումների թե´ գրական հիմքը, թե´ թատերական գրավչությունը:

Պաշտոնական մեծարանքի «հիթ-շքերթով» հեղեղված տոնական ճեմասրահում ձեռքից ձեռք էր անցնում Դերենիկ Մարտիրոսյանի նորընծա «Բարի հրաշագործը»` բեմում փորձարկված ամանորյա 8 հեքիաթ-թատերախաղերի ժողովածուն: Խոսուն հավաստիքը` հին ու նոր ժամանակների փոխկապակցվածության:

Նոր սերնդի երախտիքի տարատեսակ դրսևորումներն ավագները սիրով ընկալեցին: Չմոռացվեց քանքարավոր նախնիներից ոչ ոք: Նաև` բազմաշնորհ ռեժիսոր Բորիս Շունաևը: Հենց նրա երևանյան 20-ամյա ծանրակշիռ նվիրումին ենք պարտական` լուծարումից հետո թատերախմբի ծավալած վեցամյա գործունեության, ինչպես նաև վերաբացման համար: Այնուհետև` Մանյա Ասլանյանին, Երվանդ Մանարյանին, Անդրանիկ Գամջյանին, Ռուբեն Մարուխյանին, Արմեն Սաֆարյանին, հայաստանյան տիկնիկային փառատոների «ավանգարդիստ» Մնացական Փիլոյանին: Վերջին մեկուկես տասնամյակը` ներկայիս գեղարվեստական տնօրեն Ռուբեն Բաբայանին, ում ռեժիսորական մուտքն ազդարարվել է Վոլկովի «Բեթղեհեմի աստղի տակ» պիեսի բեմադրությամբ:

Ներկա դերասանախմբում ավագների` «Թատրոնի պատմահայր» Դերենիկ Մարտիրոսյանի, Ալեքսանդր Թաքլչյանի, Գագիկ Ռոստոմյանի կողքին իրենց հմուտ տիկնիկավարությամբ և դերասանական շնորհներով աչքի են ընկնում Աղասի Մելքոնյանը, Կարեն Խաչատրյանը, Զարուհի Անտոնյանը, Ինգա Զահալյանը, Նաիրա Հակոբյանը, Աննա Պետրոսյանը, Լիանա Արեստակյանը...

Շատերը: Հանդիսատեսային համակրանք վաստակած հարյուրավոր ներկայացումներն էլ խնամքով ապրեցվում են տասնյակ տարիներով: Նոր սերունդն արդիաշունչ վառվռուն գունագեղությամբ է բեմը կենդանացնում: Հարյուրավոր երկրներում ունեցած հյուրախաղերը, բազմաթիվ մրցույթ-փառատոներում շահած մրցանակներն ասվածի փայլուն հավաստիքն են: Կասկածից վեր է, որ թատերական այս օջախում դեռ երկա˜ր կհուրհրա տարահասակ մարդկային հոգիներ կրթող ու ջերմացնող կենդանի արվեստի մաքրագործող կրակը:

...Խոսող վարագույրի ներշնչանքով հյուսված, տարիքային սահմանափակում չունեցող այս իրապատում հեքիաթը լուսավոր ապագայի հույս է շողարձակում: Նրա գլխավոր հերոսներից Երվանդ Մանարյանն ու Ռուբեն Մարուխյանը` դահլիճից, իսկ Ժամանակի ծխածածկույթը ճեղքած Ռուբեն Բաբայանը` բեմից, հավաստում են մանուկների միտքն ու հոգին կրթող այս կառույցի կենսունակությունն ու արժանապատիվ երկարակեցությունը: 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ