Կենսոլորտի աստիճանական անկում 


ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը հրապարակել է 150 երկրների ներկայացրած «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) նախնական վերլուծությունը: Համաձայն դրա` եթե ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ներդրումներն իրականանան ներկայացված ցուցանիշներով, ապա Երկրագնդի մթնոլորտային ջերմաստիճանը կբարձրանա 3-3.5 աստիճանով, չնայած` նախատեսված առավելագույն շեմը պետք է մինչև 2 աստիճանը լիներ:

Մեր հանրապետության հողային տարածքի մոտավորապես 60 տոկոսը ենթարկված է դեգրադացիայի

Այս առիթով ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մտահոգություն էր հայտնել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաների և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա շեշտել էր, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր ամեն ինչ կանի` կլիմայի փոփոխության մեղմման նպատակով միջոցառումներ իրականացնելու և իր գործողությունների ծրագրով նախատեսված ոչ ավելի քան 2 աստիճան ջերմաստիճանի բարձրացմանը հասնելու համար:

Հայ բնապահպաններն էր իրենց հերթին ահազանգ հնչեցրին, որ Հայաստանն արդեն իսկ զգում է ջերմաստիճանի նման բարձրացման բացասական հետևանքները` ջրասակավություն, տեղումների նվազում, հրդեհների քանակի աճ, անապատացման գործընթացների ակտիվացում: Այնուամենայնիվ, ի՞նչ է սպառնում ՀՀ էկոհամակարգին, և արդյո՞ք դրանք հնարավոր է մեղմել: Այս մասին է զրույցը ՀՀ Ազգային ագրարային համալսարանի Ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ

Սուրեն ՀՈՒՆԱՆՅԱՆԻ հետ:

- Ձեր կարծիքով Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել գլոբալ տաքացման հետևանքով ի հայտ եկող տարերային երևույթներին:

- Ընդհանուր առմամբ, համաշխարհային մակարդակով երկրագնդի գլոբալ տաքացումը իրական փաստ է: Ըստ միջազգային բնապահպանական կազմակերպություն ների դիտարկման արդյունքների` երկրագնդի տաքացումը կազմում է 0,3-ից մինչև 6 աստիճան: Եթե արտանետումները նույն տեմպերով շարունակվեն, ապա մեր հանրապետությունում այն ահռելի փոփոխությունների կհանգեցնի:

- Կբացե՞ք փակագծերը. ինչպե՞ս հասկանալ «ահռելի փոփոխություններ» արտահայտությունը:

- Հայաստանի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը կարող է բարձրանալ ցելսիուսի սանդղակով մինչև 7 աստիճան, բարձրադիր գոտիներում մինչև 4,5 աստիճան` պայմանավորված մեր հանրապետության անտառածածկ հատվածների նվազմամբ և բուսականության քայքայմամբ: Մյուս կողմից, մեր անտառածածկ տարածքները նվազում են, արտանետումներն ավելանում են, և դրա հետևանքով տեղի է ունենում նաև կենսոլորտի դեգրադացիա, որը, իհարկե, կհանգեցնի նաև կլիմայի կտրուկ փոփոխության:

- Ի՞նչ քայլերով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կենսոլորտի դեգրադացիան և մեղմել կլիմայի փոփոխությունը:

- Առաջին հերթին պետք է ավելացնենք մեր անտառային տարածքները: Հարկավոր է մշակաբույսերի այնպիսի տեսակներ տնկել, որոնք ավելի ջերմասեր են, խոնավության հանդեպ պահանջը քիչ է, և ռացիոնալ օգտագործենք մեր ռեսուրսները: Մասնավորապես, այսօր իրականացվող ընդհանուր ոռոգումը պետք է փոխարինել կաթիլային ոռոգման համակարգերով: Կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը մշակաբույսերի աճեցման և մշակման ժամանակ: Բայց ամենակարևոր հարցն այսօր հողերի դեգրադացման խնդիրն է, իսկ դա նշանակում է, որ ներկայումս հողերը քայքայվում են, ինչը հանգեցնում է մշակաբույսերի բերքատվության անկման և անապատացման: Կան հետազոտությունների տվյալներ, որոնց համաձայն մեր հանրապետության տարածքի մոտավորապես 60 տոկոսը ենթարկված է դեգրադացիայի:

- Փաստորեն մեր հանրապետությունում էկոլոգիական վիճակն անհանգստացնող է:

- Այո, պետք է ասել, որ մեր հանրապետությունում էկոլոգիական վիճակը բարվոք չէ. պատճառը օդի և էկոհամակարգի աղտոտվածությունն է, որը ջերմաստիճանի փոփոխմամբ և այլ հարցերով է պայմանավորված:

- Ասացիք, որ մեր հողերի 60 տոկոսը դեգրադացված են, ուստի կարելի՞ է ասել, որ առանց այն էլ սահմանափակ հողային ռեսուրսի պայմաններում առողջ հողաշերտ գրեթե չի մնացել: Մանավանդ` չի բացառվում, որ եղածն էլ կարող է շատ արագ դեգրադացվել:

- Մեր հանրապետությունն ունի մոտ 3 մլն հեկտար հողատարածք, և եթե այն 60 տոկոսով բազմապատկենք, ապա ստացվում է, որ մոտ 2 միլիոն հեկտարը տարբեր աստիճանի դեգրադացման ենթարկված հողեր են:

- Դրանց փրկությունը ի՞նչը կարող է լինել, և, արդյո՞ք դա միայն կլիմայի տաքացման հետևանք է:

- Այո, կլիմայի տաքացումը բերում է հողի խոնավության նվազման, հողերում օրգանական նյութերի ինտենսիվ հանքայնացման, որն էլ իր հերթին արագացնում է հողերի քայքայումը: Հողերի դեգրադացման դեմ պայքարելու միջոցներից մեկը հողում օրգանական նյութերի պահպանումը և ավելացումն է: Դա կարելի է իրականացնել նոր տեխնոլոգիաներ ներդնելով, օրգանական պարարտանյութեր օգտագործելով, անտառապատման միջոցառումներ իրականացնելով:

- Եթե փորձենք SOS հնչեցնել, ապա առաջինն ո՞ւմ պետք է ուղղել այդ ահազանգը:

- Այն պետք է առաջին հերթին ուղղել Բնապահպանության նախարարությանը և կառավարությանը, քանի որ այսօրինակ հարցերը պետք է պետական կառավարական բարձր օղակներում լուծվեն: Ես կարծում եմ, որ բոլորն էլ գիտեն այս իրավիճակի մասին, պարզապես ձեռնարկվող միջոցառումներն այնքան սակավ են: Եթե շարունակեն նման ձևով և տեմպերով միջոցառումներ իրականացնել, ապա մեր էկոհամակարգերը կենթարկվեն վերջնական դեգրադացիայի, որը վերականգնելը հետագայում կդառնա անհնարին:

- Տեսակետ կա, որ կլիմայի գլոբալ տաքացումը նաև պայմանավորված է մոլորակի դիրքի փոփոխությամբ: Այսինքն` երկրագնդի առանցքի շեղման աստիճանը գնալով ավելանում է: Կա՞ արդյոք նման վարկած:

- Կան նման վարկածներ, որոշ էկոլոգ-գիտնականներ կարծում են, որ գլոբալ տաքացումն հետևանք է ոչ միայն մթնոլորտային ջերմոցային գազերի արտանետումների քանակի ավելացման, այլ հիմնականում պայմանավորված է կենսոլորտի քայքայմամբ: Հիմնական խնդիրն ընդհանրապես կենսոլորտի պահպանումն է: Որոշ գիտնականներ գլոբալ տաքացումը կապում են նաև Արեգակնային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ. դրանք բնական փոփոխություններ են, և մենք դա կանխարգելել չենք կարող, բայց արտանետումները կանխել մարդիկ կարող են, որն անպայման պետք է իրականացնել:

- Իսկ Ձեր կարծիքով երկրագնդի տարբեր հատվածներում տեղի ունեցող անոմալ երևույթները, օրինակ տաք կլիմայական գոտիներում ձյուն, կամ անապատային գոտում հորդառատ անձրևներ տեղալը նույնպե՞ս գլոբալ տաքացման հետևանք կարող է լինել:

- Դրանք անոմալ երևույթներ են, որոնք օդի շրջանառության խախտման հետևանքներ են: Մի տեղում ձյուն է տեղում, մյուս տեղում ցունամի է լինում, դրանք երևույթներ են, որոնք այսուհետ ավելանալու են` ողջ մոլորակի մասշտաբով:

- Կան կանխատեսումներ, թե գլոբալ տաքացման կամ անոմալ երևույթների ավելացման հետևանքով երկրներ կանհետանան քարտեզի վրայից: Ձեր կարծիքով` նման կանխատեսումը կարելի՞ է իրատեսական համարել:

- Իհարկե: Եթե կլիմայի փոփոխություն տեղի ունենա, սառցադաշտերի հալոցքի հետևանքով օվկիանոսների մակարդակը կբարձրանա 2-ից մինչև 5 մետրով: Նման դեպքում մոտավորապես 30 պետության տարածք կանցնի ջրի տակ: Ծովափնյա և օվկիանոսի հարակից տարածքներում երկրագնդի ողջ բնակչության մոտ 80 տոկոսն է ապրում, և նման երևույթը կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել: Ուստի, գլոբալ տաքացումը բավական բարդ խնդիր է և մարդկության համար կարող է դառնալ իսկական չարիք:

- Ո՞րն է ձեր խորհուրդը մեր ազգաբնակչությանը: Ի՞նչ պետք է անել այսօր` վաղը փաստի առջև չկանգնելու համար:

- Առաջինը` մեր բոլորի պարտքը պետք է լինի մեր հանրապետության անտառային կամ բուսական տարածքների պահպանումը և ավելացումը: Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ամեն մի ծառի կամ թփի պահպանությունը թույլ կտա պահպանել մեր էկոհամակարգերը, որոնք կլանում են մթնոլորտ արտանետված ջերմոցային էֆեկտ առաջացնող գազերը: 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ