ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ


Ինչ-որ մեկը ժամանակին ասաց` «Եթե անգամ դու չզբաղվես քաղաքականությամբ, միևնույն է, քաղաքականությունը կզբաղվի քեզանով»: Ու թևավոր այդ խոսքն անեծքի նման կախվեց մեր պետության գլխին: Եվ քաղաքականացվեց մեր կենցաղը, մեր հոգեբանությունը, մարդկային հարաբերությունները: Օրինաչա՞փ է դա արդյոք. առավել ևս` օրավուր նոսրացող մեր հասարակության համար. չէ՞ որ խմորումները պառակտում են մարդկանց, իսկ անհաշտ հանրությունը չի կարող խաղաղ ապրել:

Եթե հակիրճ, ապա կարող էինք «Քաղաքականության վնասները» վերնագրել մեր զրույցը` Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության ղեկավար Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Սակայն, ինչպես միշտ` նրա հետ երկխոսությունը չէր կարող մեկ թեմայով սահմանափակվել:

- Ե՞րբ է մարդը քաղաքականությամբ զբաղվում. երբ տեսնում է, որ չի կարողանում իր խնդիրները լուծել, չի կարողանում իր իրավունքն իրականացնել, որովհետև աշխատավարձը, կենսաթոշակը կամ նպաստը չեն բավականացնում: Եվ ոչ միայն դա: Դատարանն անարդար որոշում է կայացնում, կամ` բուժվել չի կարողանում, որովհետև այնտեղ միանգամից գումարներ են պահանջում: Էն էլ ի˜նչ գումարներ: Սրտային խնդիր ունեցողին ախտորոշելու համար, օրինակ, 200 հազար դրամ է պետք: Եթե թոշակառու է, իր ստացած 35-40 հազար դրամով ո՞նց է այդ գումարը վճարելու: Նշանակում է նա պետք է մահանա՞: Այս պարագայում ի՞նչ է անում անզոր մարդը: Սկսում է մտածել, թե ինչպես արտահայտի բողոքը և ակամա գնում է նրանց հետևից, ովքեր իշխանություններին դեմ են: Սա է հասարակության քաղաքականացման հիմնական պատճառը: Իսկ որպեսզի մարդիկ մոռանան, թե ովքեր են իրենց իշխանավորները, ինչը նորմալ երևույթ է, պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն քաղաքացիների համար, որ նրանք կարիք չունենան իրենց դուռը գնալու: Այսօր սեփականատեր կոչվածն է որոշում ու թելադրում, թե մարդն ինչով պետք է ապրի, ինչով սնվի:

- Թելադրում է, վտանգում է սպառողի առողջությունը, պարտադրում է…

- Որովհետև բերում են իրենց համար ձեռնտու ամենաէժանագինը, որն ունի պահանջարկ, քանզի մարդկանց մեծ մասին հասցրել են այդ աստիճանին:

Եվ այս պայմաններում մենք ուզում ենք, որ մարդը չքաղաքականացվի՞, կյանքը չքաղաքականանա՞: Իհարկե, պետք է այդպես լինի:

- Դուք ասում եք քաղաքականացվում է ընդդիմանալու համար, բնականաբար տեղափոխվում ենք ընդդիմության ճակատ: Բայց անկախ Հայաստանի 25 տարվա պատմության մեջ ես չեմ հիշում որևէ ընդդիմություն, որն իր շռայլ խոստումների գոնե մի մասն իրականացրել է: Չեմ կարծում, թե դրա պատճառը միայն իշխանությունն է: Ընդդիմությունն էլ այսօր ձևավորվում կամ ասպարեզ է իջնում սեփական խնդիրները լուծելու համար: Ու այդպես դառնում է կախարդական փակ շրջան: Վերջին հանրահավաքների սակավամարդությունը փաստում է, որ մարդիկ չեն հավատում:

- Մենք վերջապես պետք է վերանանք այն մտայնությունից, որ կա կամ պետք է լինի ընդհանուր ընդդիմություն: Ընդդիմությանը տարբերակել է պետք` գաղափարների, գաղափարախոսության տեսանկյունից, ծրագրային հարցերից:

- Հատուկենտ կուսակցություններից բացի, ի դեպ` այդ թվում նաև` Դեմկուսը, ես կոնկրետ ծրագիր չեմ տեսնում, որ ներկայացվի ժողովրդին, և ասեն, որ սրանով ենք ձեզ առաջնորդելու:

- Մենք չենք ուզում խառնվել ընդհանուրի մեջ, ամեն կուսակցություն ինքը պետք է պատասխանի` ինչո՞ւ չի ներկայացնում այն այլընտրանքը, որն այսօր անհրաժեշտ է մեր պետությանը: Մենք մեր այլընտրանքը հստակ ձևակերպել ենք հետևյալ կերպ` «Դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդել»: Դա ծրագիր է, որ բացարձակ կապ չունի այսօրվա գործող համակարգի հետ: Այլ խնդիր է, որ չենք կարողանում այն հանգամանորեն հասցնել ժողովրդին: Ինչ վերաբերում է, թե 25 տարվա ընթացքում ընդդիմադիր որևէ ուժ ժողովրդին տված խոստումը չի կատարել` այդպես չէ: Կոնկրետ կարող եմ բերել օրինակներ: Երբ 1995 թ. մենք 6 կուսակցություններով ձևավորեցինք Սահմանադրության նոր նախատիպ, որն ի դեպ խորհրդարանական մոդել էր, բայց ամբողջովին տարբերվում էր այսօրվա ներկայացվածից: Այն ժամանակվա ՀՀՇ-ական իշխանությունը պառլամենտում մեծամասնություն ունենալով, մեր նախագիծն ուղղակի շպրտեց մի կողմ և ամենամեծ խախտումներով, կեղծիքներով անցկացվեց իրենը: 96-ին մենք միասնական թեկնածուով հանդես եկանք նախագահական ընտրություններում և իսկապես, հասանք հաղթանակի: Ի՞նչ արեց իշխանությունը, բռնի ուժով, տանկերով պահպանեց իր իշխանությունը: Ժողովրդին հո չէի՞նք տանելու կրակի դեմ: Դրանից հետո քաղաքակիրթ ճանապարհով, խաղաղ, 50-60 հազարանոց հանրահավաք ներով փորձում էինք ինչ-որ բան փոխել մեր երկրում:

- Այն ժամանակ դեռևս հավատը կար: Հասարակությունն ակտիվ էր, բայց շատերը հեռացան երկրից:

- Դա ընդդիմության մեղքով չէր: Եկեք ի վերջո մեղավորի անունը տանք հստակ: Այս ամենի մեղավորը իշխանություններն են: Ընդդիմությունը լծակներ չունի և առանց ժողովրդի ոչինչ չի կարող անել: Կա նաև երկրորդ փաստարկը. հաճախ քաղաքական ուժերն են ասում, թե ինչո՞ւ չենք միավորվում: Հարց եմ տալիս, եթե քաղաքական կուսակցությունները չունեն ծրագրային ընդհանրություններ, ի՞նչ հենքի վրա կարող են միավորվել:

- Ասում են անելանելի վիճակներ չկան, բայց հատկապես արտագաղթի առումով մեզանում վիճակն անմխիթարական է: Այսօր սոցիալական ճգնաժամը բոլոր երկրներին է պատուհասել, նույնիսկ` գերտերություններին: Բայց մեր հայրենակիցներն օտար պետություններում հաղթահարում են դժվարությունները, համակերպվում են, ելքեր են որոնում, իսկ այստեղից հեռանում են: Պատճառը ո՞րն է, հոգեբանությո՞ւնն է փոխվել, երկի՞րը չեն սիրում, թե՞ հիասթափվում են այնքան, որ նույնիսկ համարժեք դժվարությունները պատրաստ են օտարի համար, օտար երկրում հաղթահարել, իսկ հայրենիքում` ոչ:

- Դա շատ լուրջ խնդիր է, որը կապված է ազգային հոգեբանության հետ: Ասել, թե ամբողջ ազգն է այդպիսին` չես կարող, բայց որ մեր ազգի մեջ կա այդ հոգեբանությունը` փաստ է: Ցավում եմ, որ մեր ժողովուրդն ունի այսպիսի ասացվածք. «Որտեղ հաց` այնտեղ կաց»: Սա գալիս է նաև պատմությունից: Այսինքն, դարեր շարունակ չունենալով պետականություն, մենք չենք ունեցել համապատասխան` ազգայինը պահելու, սեփականը զարգացնելու ինքնագիտակցություն: Բայց մյուս կողմից էլ` պահպանել ենք մեր ազգային ինքնությունը: Պատճառներից մեկը Ցեղասպանության փաստն է, երբ ձևավորվեց դասական սփյուռքը, ուր կազմավորվեցին հայկական համայնքներ, որոնք ունեին եկեղեցի, դպրոցներ, մշակութային օջախներ և այլն: Ու հիմա, երբ Հայաստանում ապրելը դժվարացավ, շատերը մտածեցին, որ հեշտ կլինի ապրել համայնք ների հետ: Այսինքն, գաղթօջախն իրենց համար Հայաստանի մի կտորը կլինի: Արտագաղթի պատճառները շատ լուրջ են, արմատները` շատ խորը: Չի կարելի միանգամից ասել, թե հայը սովոր է թողնել իր օջախն ու հեռանալ: Հեշտ չեն հեռանում, բայց արտագաղթն օր-օրի շարունակում է ահագնանալ: Այդ երևույթը ես մի նոր տերմինով կբնութագրեի` սոցիալական և հոգեբանական հարմարավետություն չեն գտնում: Եթե չունես բնակարան, չունես աշխատավարձ, թոշակդ չի համապատասխանում սպառողական նվազագույն զամբյուղին, չինովնիկին դիմելիս` հուզող հարցերդ լուծում չեն գտնում… Ի՞նչ կարող է անել անզոր մարդը` հիասթափվելուց, հուսահատվելուց բացի:

- Հրաշալի ձևակերպում էր` հոգեբանական հարմարավետություն, որն իսկապես դժվարանում ենք գտնել. սոցիալական հարմարավետության պակասը կամ բացակայությունն է խանգարում: Չե՞ք կարծում, որ մարդկանց հոգեբանությունն էլ փոխվել է և` ո´չ դրական առումով: Երբեմն համամիտ եմ այն կարծիքին, որ թեկուզ մի կարճ ժամանակով դիկտատուրա է պետք, որպեսզի հնարավոր լինի զսպել ժողովրդի բնական ընթացքը խաթարող, ժողովրդին հարստահարող այն փոքրիկ խմբին, որի ինքնաթողության արդյունքում մարդիկ հիասթափվում են երկրից:

- Ոչ թե դիկտատուրա` բռնատիրության իմաստով, այլ օրենքի դիկտատուրա է պետք: Օրենքը պետք է գործի: Ժամանակին, երբ Կարեն Դեմիրճյանը պլենումում հանդես եկավ շատ խիստ ելույթով, հավատացնում եմ` բոլոր նրանք, ովքեր ենթակա էին ձերբակալության, ասպարեզից կորան առժամանակ: Հիմա նույնը այս պահին է, երբ ես ասում եմ, որ մեր կուսակցությունը ներկայացնում է իսկապես այլընտանքային ծրագիր, ապա նկատի ունեմ, որ առաջին հերթին համակարգը վերից վար պետք է փոխվի: Դրա համար, այո, ժամանակ առ ժամանակ ավտորիտար գործողություններ անհրաժեշտ են լինելու: Երբ տեսնում ենք օրենքի սահմաններում և օրենքի պահանջով անհրաժեշտ է նաև կոշտ ուժ կիրառել, պետք է անենք:

- Դուք ճիշտ եք, բայց բոլոր երկրների օրենքներն էլ թողնում են ինչ-որ սողանցքներ, որոնցով կարելի է անցնել միայն նորին մեծություն փողով:

- Համաձայն եմ, բայց եթե այդ օրենքի սողանցքը բացահայտ է, ուրեմն պետք է անհապաղ փոխել այն: Հիշո՞ւմ եք, թե Պինոչետի գալուց հետո Չիլիում որքան զոհեր եղան: Պինոչետը դարձավ իսկական դիկտատոր, որն ուղղակի բոլորին պատժեց, վերացրեց շատերին: Ստալինը 37 թվականին իր իշխանությունն ավելի ամրապնդելու համար ահռելի սպանդ իրականացրեց: Դա երկիր կառուցելու ձև չի: Ոնց էլ լինի` այդ դարաշրջանն ավարտվում է, և ավարտվում է շատ վատ, ու ոչինչ անհետևանք չի մնում: Հայաստանի պարագայում, ես կարող եմ ասել, որ շատ դժվար է լինելու իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները, որ սովորական մարդը ցանկանա այս պետության մեջ ապրել և շարունակել այս պետությունը կառուցել: Այսինքն` երբ տեսնի, որ պետությունն իր մասին է մտածում: Մենք ինչո՞ւ ենք այս Սահմանադրության նախագծին դեմ: Իհարկե, որոշ կոպիտ սխալներ ուղղեցինք: Բայց նույնիսկ մարդու իրավունքների, սոցիալական իրավունքների դեպքում նշված է` «խթանում է»: Այսինքն, իրավունքը գրվել է, բայց դրա իրականացման պատասխանատվությունը լրիվ հանված է կառավարությունից, իշխանությունից: Նախագծի հեղինակներն ու կողմնակիցները ո՞նց են պատկերացնում սոցիալական իրավունքները «խթանելը»: Խթանելը պատասխանատու լինել չի նշանակում, ու դա ամրագրվում է Մայր օրենքով:

- Կուզենայի մի լավատեսական նոտա ևս հնչեցնեիք, որովհետև այն, ինչը Դուք ասում եք, մեր անուրախ իրականությունն է: Չէ՞ որ, իսկապես` անելանելի իրավիճակներ չեն լինում:

- Հայաստանին անհրաժեշտ են լուրջ ներդրումային ծրագրեր: Առավել ևս` այսօրվա կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ պարտքի ճիրաններից: Ընդհակառակը, ավելի խորանում-մեծանում է պետական պարտքը, որը չի կարող մեր զարգացմանը նպաստել: Արա Աբրահամյանն, օրինակ, ասել է, որ ցանկանում է տնտեսական այնպիսի ծրագիր իրականացնել, որը մարդկանց կապահովի համապատասխան աշխատանքով, որպեսզի այլևս նրանք ցանկություն չունենան հեռանալու իրենց տներից:

- Դուք ծանո՞թ եք ծրագրին, այն իրատեսակա՞ն է:

- Այո: Բայց խնդիրն այն է, որ երբ նա նման հայտարարությամբ հանդես եկավ, որևէ մեկը չհարցրեց, թե ո՞րն է, ո՞րն է այդ ծրագրի էությունը: Գարնանը Երևանում նախատեսվում է իրականացնել խոշոր տնտեսական միջազգային բիզնես-ֆորում` Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ: Առաջին ծիծեռնակը կա. նա այստեղ էր հրավիրել «ՌոսՏԷԿ» ղեկավար Սերգեյ Չեմեզովին, ով հետաքրքիր ծրագիր է առաջարկում: Նրան հաջորդեց մի պատվիրակություն` խոշոր հոլդինգի ղեկավարի մակարդակով. նրանք էլ նախատեսում են «Նաիրիտը» վերականգնել: Եթե այդպիսի ծրագրեր կան, ինչո՞ւ չխրախուսենք:

- Սամվել Կարապետյանի նման գործարարի մուտքը Հայաստան և այս ծանր ոլորտը ստանձնելը, Արա Աբրահամյանի այդ ծրագրերը, երևի, ինքնին լավատեսական են այն առումով, որ, ի վերջո, դրսում հարստացած մարդիկ փորձում են փրկել երկրի վիճակը:

- Լուրջ անհատներ են նրանք, և ցավալի է, որ անկեղծ մղումները հաճախ սվիններով են ընդունվում: Պատվեր չէի՞ն կատարում այն լրագրողները, ովքեր Ա. Աբրահամյանի ծրագրին ծանոթանալու փոխարեն փորձեցին նսեմացնել նրան:

- Առաջին ամենավտանգավոր դասն էր դա, որ մենք սովորեցինք` ով վճարում է, նա պատվիրում է «երաժշտությունը»:

- Ու նմաններն իրենց լրագրող են համարում: Ես վիրավորվում եմ, որովհետև ես էլ եմ ժուռնալիստ: Լրագրողը սեփական տեսակետ պետք է ունենա: Խոսքի ազատությունը չի նշանակում ցանկացած մարդուն վիրավորել: Կարևոր մի բան չպետք է մոռանանք. Հայրենիքը շատ կոնկրետ հասկացություն է: Հայրենիքը պետք է լինի այնպիսին, որպեսզի զգաս, որ դու ա´զգ ես: Այդ ազգը պետք է ունենա ընդհանուր տարածք, դա իր տունն է, իր պետությունը, որը ձևավորվում է համաժողովրդական համաձայնությամբ: Այսինքն` հիմքերը, կանոնները` Սահմանադրություն ասվածը, համաձայնեցված փաստաթուղթ պետք է լինի: Մեծ ընտանիքի կանոնադրությունը: Ասել է թե` մենք պայմանավորվում ենք, թե ոնց պետք է ապրենք մեր տանը: 

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ