Շահում է ժողովուրդը` բարգավաճում է երկիրը 


Անկախ իր ընթացքից և նույնիսկ արձանագրվելիք վերջնարդյունքից էլ անկախ` Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն քարոզարշավի նոր մշակույթ ձևավորեց: Միտինգային միակողմանի ելույթների ու լավագույն դեպքում` տվյալ քաղաքական ուժի ճաշակով նախապատրաստված «դահլիճից» հնչող մեկ-երկու հարցերի փոխարեն` «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներն ուղղակիորեն հարաբերվում են բնակչության հետ, անմիջականության մթնոլորտ ստեղծում, լսում մարդկանց դժգոհություն ները, փորձում ինչ-որ չափով բացատրելի դարձնել նրանց չարացնող դժվարությունները:…

Մի խոսքով` «առանց փողկապի» հանդիպումները, որոնց կարիքը, պարզվում է` ունեին հատկապես գյուղական վայրերում ապրող մեր հայրենակիցները: Ու մանավանդ` պաշտոնյաների, ինչպես ժողովուրդն է ասում` «հարց լուծողների» հետ առնչվելու, հոգում կուտակվածը մեղմ կամ կոպիտ տոնով արտահայտելու: Իսկ հոգում կուտակված դառնահամից գոնե մերթընդմերթ ազատվելն անհրաժեշտություն է, որովհետև այդ կուտակումները հետո մաղձ են դառնում` թունավորելով առողջ օրգանիզմը:

Իսկապես մեզանում քաղաքական նոր մշակույթ կարելի է համարել այս քարոզարշավը. մանավանդ` իր հրապարակայնությամբ, երբ երկու ճակատների ներկայացու ցիչների հանդիպումները հեռարձակվում են` գրեթե առանց «մկրատելու» տեսանյութերը: Ասում ենք` «գրեթե առանց մկրատելու», որովհետև ամեն բանական արարած էլ հասկանում է, որ ամեն օր ժամեր շարունակ տևող հանդիպումներն ամենայն մանրամասնությամբ պարզապես անկարելի է հեռարձակել. ի վերջո` դա կարող է հոգնեցնել, ձանձրացնել:

Ո՞վ չգիտե, որ իշխանության հեղինակության պատասխանատուները մեծ ու փոքր պաշտոնյաներն են: Ընդ որում, բարձր պաշտոն զբաղեցնողներից ամեն մեկն իր ոլորտում մթնոլորտ է ձևավորվում նախ` իր ընտրած կադրերով, ապա սեփական աշխատաոճով: Հանրությունը հենց ա´յդ կադրերի հետ է առնչվում, նրանց անգործությունից հիասթափվում և ընդվզում է պետության առաջին դեմքերի դեմ: Ուրեմն փոքր և միջին չինովնիկից պետք է պահանջել: Բայց պահանջելու համար և պահանջելուց առաջ բարոյական իրավունք պետք է ունենան ոլորտների «ծայրագույն մագիստրոսները»: Ու ամեն ինչ այլ կլիներ, եթե նրանք վայելած լինեին կամ որոշեն վայելել «համաժողովրդական հարգանք, վստահություն» ասվածները:

Եվ, ընդհանրապես, գահավիժող այս աշխարհում ամեն ինչ այլ կերպ կդառնա, եթե ինքնամեծար հզորները մի օր հանկարծ օրհնանքի քաղցրությունն ըմբոշխնեն, օրհնանքի զորությունն զգան:

Անկախ վերջնարդյունքից` այս հանրաքվեում պարտվողներ չեն լինի, եթե առավել շատ քվեներ ստացած կողմը հետայդու որոշի գործով հիմնավորել քարոզարշա վային խոստումները: Այդժամ միայն կգրանցվի իրական հաղթանակը` հօգուտ ժողովրդի, որի ներկայացուցիչները նաև իրենք են: Այդ դեպքում միայն օրենսդիր կամ գործադիր իշխանություններում «ոտնատեղ» որոնողները կգիտակցեն, որ ընտրողի քվեն նրա վստահությունն է, որին արժանանում են անդուլ աշխատանքով: Իրենց աշխատանքի արդյունքում շահում է ժողովուրդը: Շահում, որի բարիքները վայելում են հենց պաշտոնյաները, և գլխավոր բարիքի անունն է` օրհնանք:

Մի խոսքով, շահում է ժողովուրդը` բարգավաճում է պետությունն ու զորանում են իշխանությունները: