«Հավերժական Կազանովան» սիրող հայր է


Ինչպես նշել էին ռուսաստանյան աղբյուրները` Վալերի Լեոնտևը` վերջերս Մայամիում անցկացրած հանգիստը նվիրել է… 1 շաբաթական երեխայի խնամքին: - Դուք այս փոքրիկի հա՞յրն եք,- հարցին Լեոնտևը պատասխանել է. - Թող մարդիկ մտածեն` ինչ ուզում են: Եվ չի թաքցրել, որ անչափ երջանիկ է: Լեոնտևի, Բասկովի, Կիրկորովի հիթերի հեղինակ, կոմպոզիտոր Վլ. Եվզերովն էլ ցանկություն է հայտնել նորածնի կնքահայրը դառնալ: Հետաքրքրասեր լրագրողները նրանից են փորձել ճշտել` իսկապե՞ս Լեոնտևն է նրա հայրը. այդ դեպքում` մայրն ո՞վ է: - Լեոնտևի բոլոր մտերիմներն այսօր գլուխ են կոտրում և չեն կարողանում ճիշտ պատասխան ստանալ: Իսկ ուղղակիորեն նրան հարցնել` ոչ մեկը չի համարձակվում: …Հիմա ես ԱՄՆ մեկնելու վիզա եմ ձևակերպում և հուսով եմ, որ առաջիկա հունվարյան արձակուրդներին Մայամի կթռչեմ, որպեսզի ծանոթանամ նորածնի հետ,- ասել է երգահանը: - Որոշ հրատարակություններ գրել են, թե երեխան, իբր, Լեոնտևի սանիկն է: - Իր` կնքահայր դառնալու մասին Վալերան ինձ ոչինչ չի ասել: Կնքահայր լիներ` կասեր: Բայց, Վալերային ճանաչելով որպես ծայրահեղորեն պատասխանատու մարդ, ես կասկածում եմ, թե նա կհամաձայներ կնքել ինչ-որ անծանոթ մարդկանց երեխայի: Լեոնտևի կինը` Լյուդմիլա Իսակովիչը, ժամանակին ասել է, որ ինքը դեմ չի լինի, եթե ամուսինը «կողմնակի» երեխաներ ունենա: Հիմա էլ նա գրեթե նույնն է կրկնել. - Ես միշտ ասել եմ` եթե նա ցանկանում է երեխաներ ունենալ, թող ունենա: Ես երեխային կվերաբերվեմ որպես իմ զարմիկի: Կամ… որպես կնքամոր: Այսպիսով, կնքամոր հարցը կարծես լուծված է: Իսկ ո՞վ է մայրը. MK-ի ունեցած տվյալներով` նա ռուսական ծագմամբ երիտասարդ ամերիկուհի է` էստրադայի աստղի Մայամիի շրջապատից: Սպանություն` դատական նիստի ժամանակ Մի քանի ամիս առաջ Պերմից Գերմանիա մեկնած 28-ամյա Ալեքս Վ-ն դատական պատասխանատվության է ենթարկվել` Եգիպտոսի քաղաքացուհի Մառվե էլ Շերբինիին վիրավորելու մեղադրանքով: Խաղահրապարակներից մեկում եգիպտուհին Ալեքսի երեխայից խնդրել էր ճոճանակը զիջել իր 3-ամյա որդուն: Ալեքսն էլ մերժել էր` նրան ահաբեկիչ անվանելով: Այս ամենը մեղմ է թվում` միջադեպին հաջորդած վայրագության համեմատ: Դատարանը միայն վիրավորանքի համար կբավարարվեր տուգանքով: Սակայն Ալեքսը հենց դատարանում հանկարծ գրպանից հանում է դանակն ու բոլորի, այդ թվում և եգիպտուհու 3-ամյա որդու աչքի առաջ սպանում իրեն մեղադրող կնոջը: Եվ Դրեզդենի դատական ատյանը նրան մեղավոր է ճանաչում ոչ միայն 31-ամյա եգիպտուհու սպանության, այլ նաև նրա 32-ամյա ամուսնու դեմ մահափորձի ու ռասայական մղումներով նրա հասցեին վիրավորանքների համար: Այդպիսով պերմցի երիտասարդը ցմահ ազատազրկվել է և պատիժը կրելու է գերմանական բանտում: