Ընդառաջել` օրենքի շրջանակներում


ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` 2009թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացի ների դիմումներն ու բողոքները քննարկելու և դրանց արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՊՆ խորհրդական, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ մեր զրույցը միտված է պարզաբանելու հանձնաժողովի աշխատանքները: Ի՞նչ մտահոգություններ ունեն զորակոչիկներն ու նրանց ծնողները և գերազացապես ի՞նչ հարցերով են դիմում հանձնաժողովին: -Պարոն Հարությունյան , հանձնաժողովը գործում է նոյեմբերի 9-ից. ինչո՞վ էր պայմանավորված նման օղակ ստեղծելու անհրաժեշտությունը: - Հանձնաժողովի ստեղծումը պայմանավորված է մեկ հիմնական նպատակով, որն անչափ կարևորվում է պաշտպանության նախարարի կողմից, այն է` որպեսզի զորակոչն անցնի օրինականության և թափանցիկության պայմաններում: Ընդհանրապես, բանակային հիմնահարցերի լուծման գործում այսօր շատ է կարևորվում հասարակության ներգրավվածության խնդիրը: Դա բանակային գործընթացները դարձնում է ավելի թափանցիկ և հասարակության կողմից վերահսկելի: Հանձնաժողովի ստեղծումը պաշտպանության ոլորտի բարեփոխումների ընդհանուր փաթեթում հենց այս ուղեգծի դրսևորումներից մեկն է: Դրանով է պայմանավորված նաև նորաստեղծ այս կառույցի կազմը, որի ինն անդամներից հինգը Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներ են, իսկ մյուս չորսը` պաշտպանության նախարարության և Զինված Ուժերի գլխավոր շտաբի կառույցների` զորակոչային հարցերին իրազեկ պաշտոնյաներ: Հասկանալի է, որ այն խնդիր չունի փոխարինելու զորակոչային մարմիններին, որոնք իրենց վրա են կրում համապետական և համաբանակային կարևոր նշանակության այս գործընթացի պատշաճ իրականացման պարտականությունն ու պատասխանատվությունը: Սակայն լրացուցիչ հնարավորություն է ընձեռում անդրադառնալու այն դեպքերին, որոնք անհամաձայնությունների և դժգոհությունների առիթ են տվել, նաև այն հանգամանքներին` առողջական, ընտանեկան և այլ բնույթի, որոնք կարող են հաշվի առնվել և ընդառաջվել: Այս իմաստով, եթե անգամ մեկ դժգոհություն կամ տագնապ էլ հարթվի կամ փարատվի, ապա նույնիսկ այդ դեպքում կարելի է համարել, որ հանձնաժողովի ստեղծումն արդարացված է և անհրաժեշտ: Իհարկե, հարցը չի սահմանափակվում մեկ կամ մի քանի դիմումներով: -Որքանո՞վ են օգտվում զինակոչիկներն ու նրանց ծնողները հանձնաժողովի ընձեռած հնարավորությունից: Շա՞տ են արդյոք դիմում -բողոքները և ի՞նչն է դրանցում հատկանշական: -Այո, օգտվում են: Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 17 դիմում, գումարել է 4 նիստ: Բոլոր դիմումները քննարկվել են զինակոչիկների և նրանց հարազատների մասնակցությամբ: Դրանց մի մասը հանձնաժողովի միջնորդությամբ արդեն իսկ բավարարվել է: Անգամ այն դեպքերում, երբ զինակոչիկի կամ նրա ծնողի պահանջը չի բավարարվել, ապա դա տեղի է ունեցել միայն ու միայն խնդրի լրացուցիչ ուսումնասիրման հիման վրա: Մնացած դիմումներն ընթացքի մեջ են: Ստացված դիմումները կարելի է բաժանել երկու խմբի` ցանկություն-խնդրանքներ և բողոք-պահանջներ: Եթե առաջինների հիմքում ընկած են հիմնականում զինակոչիկի ընտանեկան առանձնահատուկ հանգամանքները, ապա երկրորդ դեպքում առավելապես գործ ունենք նորակոչիկների առողջական հարցերի հետ: Խնդիր, որը շատ կարևոր է: և դրանք քննարկելիս` պետք է բացառվեն վրիպումներն ու սխալները: Այդ իսկ պատճառով, հանձնաժողովի միջնորդությամբ կազմակերպվում են զինակոչիկների լրացուցիչ և ստուգիչ հետազոտություններ` մասնագիտացված բժշկական հաստատություններում, որպեսզի վերջնական որոշումները լինեն առավել հիմնավորված և վստահելի: Ինչ վերաբերում է դիմումների քանակին, ապա չեմ կարծում, թե դրանց թվի վրա հենվելով` ճիշտ կլիներ հեռուն գնացող եզրակացություններ անել. առավել ևս այս պահին, երբ զորակոչը նոր-նոր թափ է հավաքում: Սակայն երկու կարևորություն մեզ համար խիստ որոշակի է. առաջինը` քննության ենք առնելու և սպառիչ պատասխան ենք տալու յուրաքանչյուր դիմումի և, կոնկրետ դիմումներին արձագանքելուց բացի, կատարելու ենք նաև դրանց բովանդակային վերլուծություններ ու զորակոչին բնորոշ երևույթների ընդհանրացումներ, որոնք ընթացիկ կարգով` ապա նաև ամփոփելով ողջ գործընթացը, կներկայացվեն Պաշտպանության նախարարին: - Կարծում եք` բոլոր դիմումատուները գո՞հ կմնան հանձնաժողովից: - Վստահ եմ, որ զինակոչիկների և նրանց ծնողների նկատմամբ հանձնաժողովի անդամների մոտեցումը, պատասխանատու և ուշադիր վերաբերմունքն աննկատ և չգնահատված չեն մնա: Այս առումով, հանձնաժողովն իրոք առանձնահատուկ է. չեմ թաքցնում, մենք ի սկզբանե հակված ենք ընդառաջ գնալու մեր քաղաքացիներին, բայց, իհարկե` օրենքներով թույլատրելի սահմաններում: Հենց այս առումով էլ, չեմ բացառում, որ կլինեն նաև չարդարացած հույսեր: Ամեն դեպքում, հանձնաժողովը լրացուցիչ հնարավորություն է մեր քաղաքացիների համար` հետամուտ լինելու իրենց անհանգստացնող հարցերի լուծմանը, ուստի և խորհուրդ կտայի նրանց անպատճառ օգտվել այս հնարավորությունից:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ