Աղանդ` անառակաբարո


 

Երեխաների սեռական զեխություններ
Աղանդավորական խմբերի ոտնձգություների դեմ, փաստորեն, միայն մենք չէ, որ անզոր ենք կամ անհետևողական: Դա, իհարկե, սփոփանք չէ. ընդհակառակը` է´լ ավելի զգոն լինելու լրացուցիչ ահազանգ:
Անցյալ շաբաթավերջին ավարտվեց օրենսբուրգյան աղանդավորների աղմկահարույց գործի հետաքննությունը, և շուտով մեղադրյալի կարգավիճակով դատարանում իրենց զառանցանքները կներկայացնեն այդ այլասեռվածների 45-ամյա առաջնորդ Վյաչեսլավ Վեսնինն ու նրա 5 «զինակիցները»: Քրգործի ծավալը 75 հատոր է, մեղադրական եզրակացությունը` 8 հազար թերթ: Այդ խեղաթյուրվածներին սպասվում է մինչև 20 տարվա ազատազրկում:
«Կատարելագործման դպրոց» ծածկագրված և իրեն հասարակական հիմնադրամ անվանող աղանդը գործել է ամբողջ 17 տարի և բացահայտվել 2010 թ.:
- Խմբի անդամները քարոզել են հրաժարում` հասրակությունից, ընտանիքից, դպրոցական ուսումնառությունից: Արմատավորել են անկանոն սեռական կապերը և երեխաների ընդգրկումը դրանցում: Հետաքննությամբ հայտնաբերվել են 180 հանցավոր դրվագներ,- պարզաբանել են իրավապահները (տեղեկացրել է kΘ.ru-ն):
Աղանդի որոգայթում շուրջ 300 մարդ է. նրանցից 14-ը` 5-16 տարեկան անչափահասներ: Նրանք ցոփ խնջույքներ են կազմակերպել բնության գրկում` հրապարակային սեքս քարոզելով: «Արտագնա» այդ լպիրշություններից մեկի ժամանակ ձերբակալվել է հիմնադրամ կոչվածի 180 անդամ: Այդ օրն էլ պարզվել է, որ Վեսնինը հոգեթերապևտ է, ում տարիներ առաջ վռնդել են հիվանդանոցից` սխալ բուժումների պատճառով:
Դեռևս ուսանողական տարիներին այդ հրեշը հրապուրվել էր շնչառական մարզումներով` երբ մարդը շնչում է երկար ու հաճախակի. դրա արդյունքում` թթվածնի գերառատութ յունից զգայախաբություններ (հալյուցինացիա) են առաջանում: Այս մեթոդը հաճախ կիրառվում է թմրամոլներին ու հարբեցողներին բուժելիս, որովհետև այդ պարագայում նրանք ավելի հեշտորեն են ներշնչվում: Թերևս այս կերպ էլ վարպետ հոգեորսը կարողացել է այդքան մարդու մոլորեցնել:
Տարօրինակ չէ, որ սկզբում Վեսնինը մեծ հաջողությամբ հոգեգարի դեր է խաղացել և ուղարկվել Չելյաբինսկի հիվանդանոց` անմեղսունակության աստիճանը որոշելու: Իսկապես արհեստավարժ է...
Հիմա նրա ազդեցությունից դուրս մնացած աղանդավորները չեն թաքցնում զարմանքն` իրենց իսկ պահվածքից. չեն պատկերացնում, թե ինչպե՞ս կարող էին նրա զազրելի պահանջ-հորդորները կատարել: Սակայն ամենասարսափելին հոգեբանորեն խեղված երեխաներն են, նրանց հոգիներն ու ուղեղները մաքրելու ջանքերն արդյո՞ք ցանկալի արդյունք կտան: