ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ «ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ»


 

Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին, կիսաքանդ շենքում հայտնաբերվել էր 22-ամյա Մարի Դավթյանի այրված ու գազանների կողմից հոշոտված դին: Ավելի ուշ պարզվել էր, որ նրան այրողը եղել է 51-ամյա Գևորգ Թադևոսյանը, որը կառույցի նկուղային հարկում դաժանաբար ծեծել, ապա կպչուն ժապավենով կապել ու այրել էր 1-ամյա երեխայի մորը: Պարզվեց նաև, որ նույն անձը մեկ շաբաթ առաջ այրել էր երիտասարդ կնոջ տնակը: Այդպես դաժանաբար հաշվեհարդար տեսնելու պատճառը, պարզվեց, որ իբր դստերը անբարոյականության ճանապարհից հետ կագնեցնելն է եղել: 19-ամյա դուստրը` Ալվարդը, ընկերություն է արել Մարիի հետ, երկուստեք զբաղվել են մարմնավաճառությամբ` յուրաքանչյուր հաճախորդից գանձելով 1000-ական դրամ: Հայրը բազմիցս զգուշացրել է Մարիին` հեռու մնալ իր աղջկանից, այլապես «նրան կվառի»: Սակայն Մարին շարունակել է մտերմությունը Ալվարդի հետ... Նշենք, որ սա Գևորգ Թադևոսյանի դստեր համար կատարված առաջին մարդասպանությունը չէ. 2009թ.-ին Գևորգի որդին իր ընկերների հետ դարձյալ այրելով սպանեց մեկին, ով իբրև փորձել էր բռնաբարել քրոջը` այն ժամանակ անչափահաս, սակայն արդեն իսկ ամուսնացած ու բաժանված 16-ամյա Ալվարդին: Ուշագրավ է, որ այդ ժամանակ ևս այրված, սակայն դեռ չմահացած տղամարդուն կենդանի թաղել էին Պոլիտեխնիկական ինստիտուտի տարածքում: Ալվարդի եղբայրն այժմ Արթիկի գաղութում է: Ստացվում է, որ այս ընտանիքում արդեն վարժվել են մարդկանց այրելուն, դաժանաբար ոչնչացնելուն...
Մենք զրույցներ ունեցանք մի շարք գյումրեցիների հետ, որոնք սահմռկած են կատարվածից. ոմանք չէին կարողանում բառեր գտնել` կատարվածը գնահատելու: Միակամ էին բոլորն այն հարցում, որ այս դաժան սպանությունը որևէ արդարացում չունի. ոչ մեկին իրավունք չի տրված Լինչի դատաստանի ենթարկել մարդուն, ինքնադատաստանը դարձնել մտածողություն և գործելակերպ: Մարմնավաճառությունը դատապարտելի է, սակայն մեկ ուրիշին կյանքից զրկելու փոխարեն` «թասիբով» հայրը լավ կաներ, եթե զբաղվեր հարազատ դստեր դաստիարակությամբ, նրան զերծ պահեր մարմնավաճառությունից: Մանավանդ` ինչպես ասում են շատերը, Մարին չի հարկադրել զբաղվել սեփական մարմինը վաճառելով, անբարոյականությամբ: Ալվարդն ինքն է մղվել դեպի այդ` այդպես նաև վաստակելով չնչին գումարներ, որոնց գոյության մասին ծնողներն իմացել են... Հետևաբար, ինչո՞ւ էր Գևորգ Թադևոսյանը պատժում մի անպաշտպան կնոջ, ում տանը սպասում էին մեկամյա երեխան և ծնողազուրկ քույրը...
Կատարվածին, անտարակույս, գնահատականներ կտրվեն, մարդասպանը կստանա պատիժ, սակայն այս երևույթի մասին պետք է առավել լրջորեն մտածել: Գյումրու «ֆանտաններ» կոչվող թաղամասում, որտեղ ապրել է Մարին, մեծ թիվ են կազմում միայնակ կանայք, սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ, ովքեր մարմնավաճառությունն իրենց համար դարձրել են ապրուստի միջոց: Ոստիկանությունը բազմիցս է այս թաղամասից բերման ենթարկել մարմնավաճառներին, զգուշացրել նրանց, սակայն կանայք հաճախ արդարացել են` պատճառաբանելով իրենց ծանր սոցիալական վիճակը: Սոցիալական ծանր վիճակով է հավանաբար արդարացրել իր գործունեությունը նաև Մարին... Այստեղ, իհարկե, մեկ անգամ ևս հիշենք բազմաթիվ «գրանտակեր» հասարակական կազմակերպություններին, սոցիալական ծառայություններին, բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպան, իբրև թե սոցիալական ծրագրեր են իրականացնում, զբաղվում հասարակության խոցելի խմբերի խնդիրներով: Ո՞ւր էին նրանք, ինչո՞ւ չէին զբաղվում Մարիի ու այս թաղամասում ապրող մյուս մարմնավաճառների խնդիրներով:
 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ