Ջնջում են մեր դարավոր հետքը


 

Այն, որ Ջավախքն այսօր հայտնվել է ծանր իրավիճակում, կարելի է ասել փակուղու առջև` բոլորիս է հայտնի: Վրաստանում քանդվում են հայկական մշակութային կոթողները, հայկական բնակավայրերի դարուց ի վեր եկած անվանումները փոխարինվում են վրացականով, հայկական դպրոցներում կրճատվում են հայոց լեզվի դասաժամերը, արգելվում է հայերեն գրքերի մուտքը Հայաստանից և այլն: Հայ-վրացական երկկողմ հանդիպումների ժամանակ շեշտն հիմնականում դրվում է Հայաստանի և Վրաստանի դարավոր բարեկամության վրա` շրջանցելով Ջավախքի հիմնախնդիրը: Իսկ եթե վերջինիս հարցը շոշափվում էլ է, ապա մակերեսային ու ավարտվում է եղբայրական փոխըմբռնմամբ, այսինքն` ինչպե՞ս կարող է Քարթլոսը վնասել Հայոսին կամ հակառակը: Մինչդեռ Վրաստանում շատ շուտ ամեն ինչ մոռացության է տրվում, ու շարունակվում է հակահայկական քաղաքականությունը:

Փորձենք անդրադառնալ Ջավախքի գրական կյանքի լուսավոր անցյալին ու խավարոտ ներկային:

Փաստ է, որ այսօր այն անկում է ապրում: Մեռնում են հայկական թերթերը` հայի տեղեկատվություն ստանալու միակ աղբյուրը: Մինչդեռ տարիներ առաջ ջավախքցին կառուցում էր տպարաններ, հրատարակում բազմաթիվ և բազմաբնույթ պարբերականներ ու թերթեր` համոզված, որ դա իր զավակների հայ մնալու գրավականն է: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ կգա մի ժամանակ, և ինքն իր ստեղծածն իր հողի վրա պահելու ոչ մի հնարավորություն չի ունենա:

Ախալքալաքի հայկական տպարանը գործել է դեռևս 1890-ական թվականներից: Այստեղ լույս են տեսել «Ջավախք», «Կարմիր Ջավախք», «Ռանչպար», «Սոցիալիստական անասնապահություն», «Բոլշևիկյան կոլխոզ», «Հոկտեմբերյան դրոշով» թերթերը:

Նինոծմինդայի տպարանը սկսել է գործել մոտավորապես 1930-ականների սկզբից:

Երկրի գրական-մշակութային կյանքի ձևավորման մեջ անմասն չեն մնացել նաև Թիֆլիսում և Ախալցխայում լույս տեսնող հայալեզու պարբերականները` «Մանկավարժանոց» -ը, «Հայրենիք»-ը և այլն: Թերթեր, որոնք հնարավորինս անաչառ ներկայացրել են Վրաստանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական և հոգևոր կյանքը` հատուկ ուշադրություն դարձնելով հայապահպանության խնդիրներին:

Այսօր իրավիճակն այլ է: Վրաստանում այլևս հայկական պարբերականների նույն չափաքանակը հնարավոր չէ արձանագրել: Վրացական իշխանությունների հակահայկական քայլերի արդյունքում հայալեզու պարբերակաները սկսեցին կամաց-կամաց փակվել, իսկ մնացած մի քանիսն էլ, տրվելով վրացամետ քաղաքականությանը, կորցրեցին իրենց բովանդակային կայունությունը:

- Վերցնում ես թերթը, փնտրում որևէ կարևոր իրադարձություն, իսկ այնտեղ ամեն ինչ նույնն է, նույն դատարկ, աննյութ նյութերը, նույն վերնագրերն ու միանման հոդվածները,- արդարացիորեն բողոքում են բնակիչները:

Ներկայումս Վրաստանում լույս տեսնող ու փոքրիշատե կայուն լսարան ունեցող թերթերն են «Վրաստանը», «Ակունքը», «Արշալույսը», «Արևիկը»: Վիրահայոց գրական մշակութային կյանքի կայացման մեջ մեծ ավանդ ունեն «Զարթոնք» և «Վերնատուն» տարեգրքերը:

Ընդամենը մի քանի պարբերական` ամբողջ մշակութային կոթողի փոխարեն, այն էլ մի կերպ գոյատևելով, մի կերպ հաղթահարելով առաջացած գրական ճգնաժամը:

Եթե այս ամենին գումարենք նաև հայկական դպրոցների ներկայիս վիճակը, ստացվում է, որ վրացական իշխանություններն արդեն իսկ տոնում են իրենց հաղթանակը:

Վրաստանն արգելում է հայերեն գրքերի մուտքն իր երկիր, ասելով, թե ինքը կարող է տպագրել հայալեզու դասագրքեր: Արդյունքում հայ երեխան սովորում է Վրաստանին ձեռնտու տարբերակով ներկայացված հայոց պատմության, աշխարհագրության և այլ դասագրքերով: Իսկ ծնողը, ուսուցիչը ինչքան էլ մտածեն ու մտահոգվեն, միևնույն է` պետք է շարժվեն հայկական ասացվածքով. «Փափախդ ծեծիր-ծեծիր ու գլուխդ դիր»:

Ի՞նչն է հակահայ այս քաղաքականության պատճառը: Այս առնչությամբ հնչող բոլոր ինչուներին տրվում է մեկ պատասխան.

- Ուզում են ջնջել մեր դարավոր հետքը, մեզ ոչնչացնել մեր իսկ հողի վրա:

Սիրանուշ ՊՈԴՈՍՅԱՆ