«Մեզ օդի ու ջրի պես պետք է լավ ոստիկանություն»


 

Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ աշխատանքային հանդիպմանն անդրադառնալով վարորդական վկայականների փոխանակման գործընթացում հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում տեղ գտած թերություններին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է ձեռնարկել միջոցներ` քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները հնարավորինս բացառելու ուղղությամբ: Գերատեսչության ղեկավարը նշել է, որ արտաքին ծառայության մեջ նույնպես կան թերություններ, որ գրչի մեկ հարվածով վերացնելն անհնար է: Բայց կան այնպիսի թերություններ, որոնք հանդուրժել չի կարելի այսօր ու երբեք:

Նա շեշտել է, որ հասարակությանը ծառայություններ մատուցող ճանապարհային ոստիկանությունը պետք է հարիր լինի իր կոչմանը` ծառայել հասարակությանը, մինչդեռ կան մարդիկ, այսպես ասած` պահմտոցի խաղացող ճանապարհային ոստիկաններ, ովքեր չեն ընկալում օրվա հրամայականը, իրենց վարքուբարքով շարունակում են արատավորել սեփական անձն ու համակարգի անունը:

Ոստիկանության պետն անթույլատրելի համարեց, որ մի քանիսի պատճառով կարող է արատավորվել և´ ճանապարհային, և´ ընդհանրապես ոստիկանության պատիվը.

- Մեզ հարկավոր են ազնիվ, ուժեղ ու պատվախնդիր ոստիկաններ, մեզ օդի ու ջրի պես պետք է լավ ոստիկանություն, ուստի համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ քաղաքացին գոհ մնա, ինչպես ճանապարհային ոստիկանության մատուցած ծառայությունների որակից, այնպես էլ ճանապարհային ոստիկանների հետ ունեցած շփումից,- իր խոսքում նշել է Վլադիմիր Գասպարյանը: