«ՀԱՄ ԿՈՒԼԱՄ, ՀԱՄ ԿԵՐԹԱՄ»


 

Խորհրդարանական ընտրություններին առանց դաշինքի մասնակցելու և որոշ մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հայտարարությունները բնավ անակնկալ չէին: Բայց արի ու տես` մյուս քաղուժերի շրջանում դրանից հետո որոշակի իրարանցում է առաջացել: Ընդ որում, եթե, ինչպես նշեցինք, առաջատար քաղաքական զույգի որոշումները միանգամայն սպասված ու մինչև անգամ օրինաչափ կարելի է համարել, ապա ԱԺ ընտրությունների մյուս հավակնորդների գործողություններում ու պնդումներում այս անգամ ընդգծված հակասություններ ի հայտ եկան:

Շաբաթավերջին երևանյան հյուրանոցներից մեկում հրավիրված` բազմանդամ և բազմաթև կուսակցական ներկայացվածությամբ նախընտրական քննարկումը ըստ էության մեծամասնական ընտրակարգը քննադատելու միտվածություն ուներ: Ընդհանրական տպավորությամբ` շուրջ տասը կուսակցություններ հավաքվել էին արձանագրելու, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրությունների են գնում` արդեն իսկ 41 մեծամասնական մանդատները գրպաններում ունենալով: Ուշագրավ էր, որ նման համոզմունքը (ոմանց կողմից նույնիսկ ինքնավս տահ շեշտադրումներով) ըստ էության հերքում է Հանրապետականի և Բարգավաճի միջև առկա տարաձայնությունների վերաբերյալ «թեզը», քանի որ ստացվում է, թե վերջիններս արդեն իսկ համերաշխորեն կիսել են բոլոր 41 մանդատները: Այսինքն, առաջիկա ընտրություններից դեռ շատ առաջ համաձայնության են եկել հարցերի հարցի շուրջ:

Թվում է, թե չորս տասնյակ մանդատի համար պայքարը մյուս քաղուժերն ավելի քան անհուսալի են համարում և «մխիթարվելու» են միայն կուսակցական մասնակցությամբ: Կարելի էր կարծել, թե նման քաղուժերը դեմ լինելով մեծամասնական ընտրակարգին` բոյկոտելու են այն` խուսափելով նաև գրեթե անխուսափելի պարտություններ արձանագրելուց: Պարզվեց սակայն, որ այդ քաղուժերը մեծամասնական ընտրատարածքների առնվազն կեսում թեժ մրցապայքարի են նախապատրաստվում: Չի բացառվում նույնիսկ, որ որոշ դեպքերում որոշ քաղուժեր մինչև անգամ «բարտերի» տարբերակով այս ու այն ընտրատարածքում իրար պաշտպանեն:

Բոլոր դեպքերում, եթե 41 ընտրատարածքներում թեկնածուների բազմակուսակցականություն ապահովվի, ապա կարևորագույն մի խնդիր լուծված կլինի. օլիգարխների, տեղական հեղինակությունների անհեթեթ ու ձանձրալի դարձած մրցապայքարին կուսակցական թեկնածուները նոր շունչ կհաղորդեն` քարոզարշավը գոնե մասամբ գաղափարական դարձնելով: