«Չարենց-114»


ԲԱՆԱՍԵՐ, չարենցագետ ու արվեստաբան Ռոբերտ Դավթյանն ավանդաբար քսաներորդ դարի ազգային բանաստեղծության մեծագույն դեմքի` Եղիշե Չարենցի ծննդյան օրերի նախօրյակին հրատարակում է գրքեր, որոնցում ներկայացնում է իր չարենցյան մտորումներն ու խոհերը, իր սևեռումները չարենցյան աշխարհին: Նաև պատմում է իր «Չարենցը և արվեստը» ատենախոսության յուրատեսակ ոդիսականի մասին, այն մասին, որ Չարենցի անվան շուրջ 1930-ականներին ձևավորված չարամտությունը այսօր էլ շարունակում են նոր արտաշեսոսկերչյաններ` կորցրած մարդկային խիղճն ու գիտնականի բարոյականությունը: Օրերս բանասեր-չարենցագետը, ով չարենցյան գիտական հետազոտությունների ասպարեզում դարձել է մի նոր ճյուղի հիմնադիր, ընթերցողի սեղանին դրեց իր նոր գիրքը` «Չարենց-114» պարզ ու մեկին խորագրով: Այստեղ Ռոբերտ Դավթյանը ներկայացրած նոր հոդվածներում մասնավորաբար իր ուշադրությունը սևեռել է բանաստեղծի հոգևոր կերպարին ու հոգևոր աշխարհին, առանձին քննարկման նյութ դարձրել Չարենց-Շեքսպիր առնչությունները: Մեծ բանաստեղծը, երբ ղեկավարում էր Պետհրատի գեղարվեստական գրականության բաժինը, հրատարակել է մեծ բրիտանացու «Լիր արքա» և «Մակբեթ» ողբերգությունները, խմբագրել թարգմանությունները` նպաստելով, որ շեքսպիրյան երկերը հայ ընթերցողին հասնեն բարձրակարգ թարգմանություններով և խոսքի անաղարտությամբ: Ռոբերտ Դավթյանն իր ոչ ծավալուն հոդվածում ներկայացրել է ինչպես Չարենցի մոտեցումները, այնպես էլ թարգմանությունների ձեռագրերի հետ կապված պատմությունները: Եղիշե Չարենցը մեծն Սայաթ-Նովայի երկրպագուն էր, սայաթնովյան շնչով է տոգորված նրա «Տաղարան» շարքը: Բայց, ինչպես պարզվում է, մեր աշուղական դպրոցի նոր ներկայացուցիչները ևս եղել են բանաստեղծի ուշադրության կենտրոնում. «Չարենց և Շերամ» հոդվածը, որը գրված է բանասերի բարեխղճությամբ, ապացույցն է ասվածի: Ռ. Դավթյանի հոդվածներն աչքի են ընկնում գիտական խորությամբ, գիտական կուլտուրայով: Ուստի դրանք դառնում են արժեքավոր և նշանակալի: Այս գրքում տեղ են գտել նաև մի շարք գրախոսականներ և թատերախոսականներ, անդրադարձ է կատարվել 20-րդ դարի մեր օպերային ռեժիսուրայի նշանավորա գույն ներկայացուցչին` Տիգրան Լևոնյանին: Հավատարիմ իր սկզբունքին, բանասեր-հրապարակախոսը նորից է անդրադարձել իր ատենախոսության պատմությանը, ցույց տվել այն անառողջ մթնոլորտը, որը տիրում է Գիտությունների ազգային ակադեմիայում, մեր գիտության մեջ առհասարակ: Հրապարակախոսն իր տագնապներն ու մտահոգություններն է ներկայացնում, ափսոսանք հայտնում, որ գիտության կառավարման մեջ մխրճվել են անազնիվ ու հաշվենկատ մարդիկ, ովքեր չունենալով գիտական մեծ ներուժ` ձգտում են ոչնչացնել շնորհալիներին, արժեքավոր գործեր ստեղծողներին: Գիտնականի բարոյականության և ազնվության խնդիրներն է արծարծում հեղինակը: Այդ արծարծումներն առավել արդիական ու հրատապ են դառնում հատկապես Գիտությունների ակադեմիայի վերջին ընտրությունների խորապատկերին: Ընտրություններ, որոնց արդյունքները միանշանակ չընդունվեցին գիտական հանրության կողմից, դատապարտվեցին մի շարք որոշումներ, երբ ակադեմիկոսներ և թղթակից-անդամներ ընտրվածների մեջ կային իրապես անարժաններ, գիտական «աճպարարությամբ» զբաղվողներ…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ