«ԳՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ»


Այս վերնագիրն է կրում ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած նոր գիրքը, որում ամփոփված են 20-րդ դարավերջի սփյուռքյան գրականության ճանաչված ու սիրված անուններ, մի շարք գրականագիտական հոդվածներ: Խմբագրական խորհուրդը, որի նախագահը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանն է, կազմել է ինքնատիպ ու հագեցած տարեգիրք, որը կազմված է չորս բաժիններից: Պոեզիայի բաժնում տեղ են գտել Սագօ Արեանի, Էլենա Մասեհեանի, Թորոս Թորանեանի, Սարգիս Գ. Խաչերեանի, Լօլա Գունտաքճեանի, Գրիշ Դավթյանի, Ավիկ Դեյրմենջյանի, Սոնա Վանի, Յարվարդի, Անա Արզումանեանի բանաստեղծությունները: Այս բանաստեղծներից շատերը ծանոթ են հայաստանյան ընթերցողին, նրանք մասնակցում են հայրենի գրականության ընթացքի ձևավորմանը, բերում ու հաստատում նոր հուզական գրգիռներ: Սփյուռքահայ նորագույն բանաստեղծությունը, ինչպես ծանոթանում ենք տարեգրքից, աչքի է ընկնում համարձակ նորարարությամբ, ձևի ու բովանդակության ինքնատիպությամբ, պատկերաարտահայտչական յուրատիպ հղացումներով: Այս բանաստեղծները մի բույլն են միայն Սփյուռքի պոեզիայի, նրանցով չի ամբողջանում սփյուռքյան բանաստեղծությունը, քանզի բանաստեղծական հետաքրքիր անուններ կան ԱՄՆ-ում, Թուրքիայում, Սիրիայում, Ֆրանսիայում, ուստի առաջին գրքում ներկայացնելով վերը հիշատակված բանաստեղծներին, խմբագրական խորհուրդը, հավանաբար, հետագա գրքերում կներկայացնի մյուսներին: Արձակի բաժնում զետեղված են Պերճուհի Ավետեանի, Սեդա Գրիգօրեանի, Վրէժ-Արմեն Արթինեանի, Կոլիա Տեր-Հովհաննիսյանի, Սարգիս Վահագնի, Յակոբ Միքայելեանի պատմվածքները: Իսկ ահա թատերգության հատվածում ժամանակակից հայ թատերգության ամենաերևելի դեմքերից մեկի` Արա Արծրունու «Ո՞վ է բախում դուռը» և Խորեն Արամունու «Հարսնացուն Թուրքիայից» պիեսներն են: Որքան էլ այսօր Սփյուռքի թատրոնը կորցնում է իր դիմագիծը, հեռանում են բեմադրիչ նորարարները, այնուհանդերձ այնտեղ ստեղծվող բեմական գրականությունը վկայությունն է այն իրողության, որ ստեղծվում են բոլոր նախադրյալները` վերականգնելու սփյուռքի թատրոնի լավագույն ավանդույթները: Այս երկու հեղինակն էլ ծանոթ ու սիրելի են դարձել հայ թատերասերին, արդեն իսկ կամուրջ է նետվել նրանց ստեղծագործությունների և հանդիսատեսի միջև: Նրանք տարբեր թատերական դպրոցների ներկայացուցիչներ են, տարբեր ավանդույթների կրողներ, սակայն նրանց թատերգությունը միևնույն հոգեբանական միտումների արտահայտությունն է: Տարեգրքում ուշագրավ և խորքային հոդվածներով հանդես են եկել Մարի Ռոզ Աբուսեֆյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Յարութ Մարաշլեանը, Սոնա Մնացականյանը, Մարգար Շարապխանեանը և Արմեն Ավանեսյանը: Հոդվածներից յուրաքանչյուրը, անդրադառնալով գիտական հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաների և խնդիրների` հարստացնում է մեր գրականագիտության այն ճյուղը, որը զբաղվում է Սփյուռքի գրականությամբ: Իրապես, անգնահատելի գործ են կատարել ՀՀ Սփյուռքի նախարարությունն ու Գրականության ինստիտուտը` հեղինակելով տարեգրքի առաջին հատորը: Այն ոչ միայն վառ պատկերացում է ձևավորում սփյուռքյան արդի գրականության մասին, այլև խթանում է սփյուռքի գրականությունը, հաստատում այն միտքը, որ օրավուր այլափոխվող սփյուռքում հայեցիության պահպանման կարևորագույն հանգրվաններից մեկն էլ գրականությունն է: Հետևաբար, հայրենիքում ձևավորված հետաքրքրությունն ու ուշադրությունը կարող են նպաստել, որպեսզի զարգանա և հարստանա սփյուռքյան գրականությունը: