«Հիբրիդացված» մայրենի


Գրական լեզվով հեռուստադիտողի հետ հաղորդակցվել փորձող «մայրենիի» որոշ սփռողներ գուցե չեն նկատում, որ իրենց խոսքի «անգլագալար» կամ «ռուսերե նային» տոնայնությունն ու շեշտադրումները չափազանց հեռու են հայոց լեզու համարվելուց: Խնդիրն այն է, որ «հայերեն օտարախոսություն» ախտանիշից անմասն չեն մնացել նաև լրատվամիջոցների մեծամասնությունը: Հասարակության հայելին վերջիններս են, որոնց արտացոլված տեսարանը տխուր է և անհուսալի: Մեզանում անգլախոսության ու ռուսախոսության մրցավազքը մի տեսակ անտրամաբանական է: Այն ժամանակ, երբ Հայաստանը Սովետական Միության կազմում էր, դեռ ինչ¬որ տեղ կարելի էր հասկանալ ռուսերենի ազդեցությունը կամ միախառնումը հայերենին: Թեև զարմանալիորեն հենց այդ ընթացքում էր, որ հայերենն առավել անխառն էր: Հետո, երբ «ռուսականացումը» մեզ այլևս չէր սպառնում, կարծես` բոլոր նախադրյալները կային հայերենի դիրքերն առավել ամրապնդելու ու այն հնարավո րինս լավ զտելու համար: Եվ մինչ մերոնք համարյա կողմնորոշվում էին` ինչից և ինչպես սկսել լեզուն պաշտպանել, «խոսքաշեն» մեր հասարակության դուռը թակեց «անգլերենային» հայերենը: Չնայած հիմա էլ Ամերիկայի կամ Անգլիայի կազմում չլինելուն` այդուհանդերձ, մերոնք գրկաբաց ընդունեցին անգլախոսությունը հայերենի հաշվին: Ստացվում է` սրտներիս չափազանց մոտ ենք ընդունել «քանի լեզու գիտես` այնքան մարդ ես» թևավոր խոսքը, թեև խնդրո առարկան բնավ լեզվաիմացությունը չէ: «Հիբրիդացված» հայերենով հաղորդակցվողների մեծամասնությունը նույնիսկ այդ լեզուներին ինչպես հարկն է` չեն տիրապետում: Փաստորեն յուրացնում ու կիրառում ենք ամեն տեսակի լեզու` անգամ լեզուների հիբրիդ ստեղծում, սակայն մայրենիից խույս ենք տալիս: Ամեն անգամ անգլերենով «կլորացված» «բարև» ասող հայը մի վայրկյան գոնե մտածո՞ւմ է` անգլիացիները հայերեն թեկուզ մի տառի ծանո՞թ են արդյոք: Չէ, նորաձևության այդ զոհի ազգային ինքնասիրությունն անօգնական մանկան պես ծվարած է հոգու խորքերում… Մայրենին, ըստ ամենայնի, կվերականգնվի ազգային ինքնագիտակցումը արթնացնելուց հետո, իսկ դրա համար նախ հարկ է «վեր կաց» անել` խնդրով զբաղվող պատասխանատու մարմիններին, կառույցներին ու կազմակերպություններին:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ