...Առաջնահերթելով հատուցման կարևորությունը


Թուրքիայի արտգործնախարարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին պատրաստվող հայության դեմ կազմել է 7 էջանոց «Հայկական զեկույց», որը կրում է «1915-ի իրադարձությունները» վերնագիրը: Այն տպագրվել է հայերեն ու անգլերեն և ուղարկվել բոլոր հասարակական կառույցներին: Զեկույցում, Հայոց ցեղասպանութ յան հարցում Թուրքիայի ժխտողականությանը հավատարիմ` հեղինակները խեղաթյուրել են փաստերը: Հեղինակները չեն մոռացել հիշատակել նաև ցեղասպանությունից հետո կայացած դատավարությունը: Եվ որպես վերջաբան, փարիսեցիական հարց է տրվում` «Հայերին վերացնել ու կոտորել ցանկացող պետությունը մի՞թե կդատեր հայերի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերած թուրք պաշտոնյաներին»: Թուրքիայի ժխտողականության, Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների մասին է զրույցը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ: - Կարող է տարօրինակ թվալ, եթե ասեմ, որ Հայոց ցեղասպանության խնդրում թուրքական մերժողականությունն ինչ-որ իմաստով ինձ ուրախացնում է: Թուրքերը նման կեցվածքով մեկ անգամ ևս ապացուցում են, որ իրենց նախորդների հրեշավոր ոճրագործության իրավահաջորդն են: Օսմանյան այս ախտը` նրանց մերժողական կեցվածքը, և ընդհանրապես, այդ իրավահաջորդության հանգամանքը (այլ ազգերի կարծիքը հաշվի չառնելու, միշտ պարտադրանքով խոսելու, սեփական ճշմարտությունն ուժի դիրքերից հաստատելու) այնքան ամուր ու կարծր է նստած նրանց մտածելակերպում, որ շարունակում են ժխտել անժխտելին: Իրենք այսօր հայտնվել են ծիծաղելի վիճակում, երբ ամբողջ աշխարհը, այդ թվում նաև նրանց դաշնակից համարվող Ամերիկայի Միացյալ Նահագները, զանազան իրավական աստիճաններում փաստել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Թեկուզ` ԱՄՆ¬ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերջին որոշումը, որտեղ բանաձևին դեմ քվեարկողները ևս փաստել են Հայոց ցեղասպանության իրողությունը և իրենց դեմ լինելը պատճառաբանել են թուրք-ամերիկյան հարաբերությունների ջերմությունը պահպանելու մտահոգությամբ: Այսինքն, երբ աշխարհը որևէ կասկած չունի հայկական ջարդերի վերաբերյալ, թուրքերը դեռ շարունակում են իրենց հին երգը: Այն շղթան, որի սկիզբը դրել էր սուլթան Համիդը, հետո շարունակեցին երիտթուրքերը, ավարտեցին քեմալականները` մեկ գաղափարախոսության երեք փուլերն էին: Եվ այդ իմաստով, 100- ամյակին ընդառաջ` ցեղասպանության հարցում թուրքական մերժողականությունը չի զարմացնում: Այսօրվա թուրքական ղեկավարությունը, նախորդ սերնդի կատարած մեղքը վերցնելով իր վրա, շարունակում է նույն` ցեղասպանության քաղաքականությունը: Հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը, որը մտավ փակուղի, մեկ անգամ ևս հուշում է, որ Թուրքիայում ոչինչ չի փոխվել, այն մնացել է կայսրական ոճով աշխարհի հետ խոսող երկիր, օսմանյան մտածողությամբ առաջնորդվող տերություն: - Այսինքն, կարելի է ասել, որ այսօր էլ շարունակվում է պանթուրքիզմի գաղափարախոսությո՞ւնը: - Իհարկե: Թեկուզ, վերջերս նրանց կրտսեր եղբայրները, օրինակ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մեհտիևն իր` 22 էջանոց կեղծ աշխատության մեջ միտք է զարգացնում, թե 1920-ականների սկզբին ադրբեջանական որոշ հողեր տրվեցին Հայաստանին (նկատի ունի Զանգեզուրը), ինչով թուրքական աշխարհի միավորման բնական ձգտումն ընդհատվեց, և սեպի նման Զանգեզուրը հայտնվեց Նախիջևանի ու Ադրբեջանի միջև` Ադրբեջանն անջատելով իր ավագ եղբայր Թուրքիայից: Ես բազմիցս նշել եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացն արդեն պատմության գիրկն է անցել: Այս կամ այն երկրի կողմից, ասենք` Անգլիայի կամ մեկ տասնյակից էլ պակաս ամերիկյան նահագների կողմից չճանաչելը դեռ չի նշանակում, թե ցեղասպանությունը կասկած է հարուցում: Այժմ պատմական, գիտական հարթությունից այն տեղափոխել է պետք իրավաքաղաքական դաշտ: Պատահական չէ, որ թուրքերը սպառնում են զրպարտության ամբաստանությամբ մեզ տանել միջազգային դատարան` ցեղասպանության հարցում իրենց մեղադրանք առաջադրելու համար: Մենք պետք է պատրաստ լինենք` միջազգային դատարանում իրավական խնդիր դնելու` Հայոց ցեղասպանության դիմաց հատուցման պահանջով: Այսուհետ խնդիրը պետք է շոշափենք միայն հատուցման տեսանկյունից, որովհետև նյութականից բացի այն նաև տարածքային հատուցում է ներառում: Այսօր աշխարհը Կոսովոն ճանաչելիս պատճառաբանում է, թե դրան միջազգային ճանաչմամբ տրվում է պետական անկախություն, այն հիմնավորմամբ, որ նրա բնակչությունը ենթարկվել է էթնիկական զտման: Խոսքը լավագույն դեպքում, մինչև 10 հազար մահմեդականների սպանության մասին է: Նրանք էթնիկական զտման ենթարկվելու հետևանքով գոնե իրավունք են ստացել ունենալ անկախ պետություն` սերբական երկրում, սերբական հողի սրտում: Էթնիկական զտում արտահայտությունը շատ մեղմ է հնչում այն իրողության կողքին, որ տեղի ունեցավ հայ ժողովրդի նկատմամբ 1915-23 թթ.: Ուրեմն, մենք պետք է առաջնորդվենք միայն հատուցման կարևորությունն առաջնահերթելով: Պատահական չէր, որ թուրքական կողմը 1965-ից հետո ընտրեց խնդիրը ճանաչման դաշտ տեղափոխելու մարտավարություն: Դրանով ստվերվում է գլխավոր հարցը` հատուցումը: Հիշենք` 1965-ին Երևանի փողոցներ դուրս եկած մարդկանց կարգախոսը` «Մեր հողերը…»: - Այսօր մարդիկ կան, որ ասում են, թե ինչքա՞ն կարելի է վերքի վրա աղ լցնել: - Ոմանց մոտ այն թյուր կարծիքը կա, թե հզոր հարևանի պարագայում շոշափել ցեղասպանության խնդիրը, նշանակում է վտանգել այսօրվա Հայաստանի Հանրապետությունը: Ես դրա հակառակ կարծիքին եմ: Խնդրի բարձրաձայնումը բխում է հայ ժողովրդի անվտանգության շահերից: Եվ ամենակարևորը` ցեղասպանության դիմաց մինչև հայ ժողովուրդը հատուցում չստանա, զարկվածի հոգեկերտվածքը, մորթվածի բարդույթը մեր միջից դուրս չի գա: - Երբ քննարկվում էր հայ-թուրքական արձանագրությունների հարցը, ոմանք պնդում էին, թե հայ-թուրքական գործող սահմանը չճանաչելը խելագարութ յուն է և ինքնասպանություն, որովհետև այդպիսով մենք պատերազմ կհայտարարենք Թուրքիային: - Մեր կամքից անկախ, աշխարհը հայ- թուրքական սահման (իրավական առումով) ճանաչում է Վիլսոնյան սահմանագիծը: Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ին գծված և հոկտեմբերի 13¬ին վերահաստատված փշալարը բացարձակապես պետական սահման չէ, որովհետև 20-ականներին ո´չ խորհրդային Ռուսաստանը, ո´չ քեմալական Թուրքիան միջազգային իրավունքի սուբյեկտ չէին: Նրանք ապստամբական ռեժիմներ էին, և միայն 1924 թվականից սկսվեց խորհրդային Ռուսաստանի ճանաչման գործընթացը: Այնպես որ` անօրինական պայմանագիր էր դա, և հիշյալ արձանագրություններով Ախուրյան-Արաքսը որպես պետական սահման ճանաչելով, խաչ ենք քաշում ցեղասպանության դիմաց Արևմտյան Հայաստանով հատուցելու խնդրի վրա:

Հարցազրույցը` Արթուր ԴՈԽՈԼՅԱՆԻ