Հա՞ որ...


Մեզանում առաջին հերթին գնաճային թռիչքներ արձանագրում են այն ապրանքները, որոնց ներկրման կամ արտադրության մենաշնորհը պատկանում է այս կամ այն օլիգարխին: Այս առումով, եթե «սև ցուցակ» կազմվի, ապա առաջին հորիզոնականում անվերապահորեն պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կհայտնվի` իրենից զգալիորեն հետ թողնելով բոլոր իր նմաններին: Այսպես, Լֆիկ Սամոն հիմա էլ որոշել ու կտրուկ ազատություն է տվել շաքարավազի գնին: Հետաքրքիր է, որ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե սույն օլիգարխի ու նրա նմանների հետ ինտելեկտ կոչվածն անհամատեղելի են, նույնպես չարաչար սխալվում են: Երբ հերթը հասնում է թանկացումներին, լֆիկանմանները նույնիսկ որոշակիորեն կարողանում են հոգեբանական գրոհի ենթարկել հասարակությանը: Դիցուք, դեռևս տարեսկզբին շաքարավազի կիլոգրամը 300 դրամից մի փոքր էր ավելի: Հետո այդ մի փոքրին «մի փոքր» էլ ավելացավ, և լուրեր շրջանառվեցին, որ քաղցր, բայց արդեն դառնորեն ձեռք բերվող սննդատեսակի գինը զգալի նոր վերելք է գրանցելու: Եվ քանի որ ամեն ինչ ու սովորականի նման օլիգարխի ուզածով է ընթանում, հիմա էլ թռիչքային գնափոխության ժամանակն է գալիս: Ի˜նչ վատ է որ. մի քանի ամսից քաղցր պահածոների սեզոնն է: Հիմա կթանկացնեն, մի քանի ամսից էլ մի քանի «մանրադրամ» կհավելեն, և… գերշահույթը պատրաստ է: Այս օրերին խոսվում էր շաքարավազի գինը 800-850 դրամի հասցնելու մասին, ու մինչ հանրությունը տեղի ունենալիքի հոգեբանական շոկն էր «վայելում», պարզվում է, որ երևանյան խանութները նշված ապրանքատեսակը 350-370 դրամով են վաճառում: Ու ստացվում է, որ սպառողները դեռ մի բան էլ շնորհակալ պետք է լինեն շաքարային օլիգարխին, քանի որ գները դեռևս նշված ու առաջիկայում հատվելիք սահմանագծին չեն հասել: Իսկ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական հանձնաժողովի հայտարարությունն իր անհեթեթությամբ համարժեք է այս ամենին. արձանագրվել է, որ շաքարի գինը դեռ 400¬ին էլ չի հասել: Զգալով, որ ինչ¬որ բան էլ իրենք պետք է հայտարարեն, ՏՄՊՊՀ¬ից հաղորդագրություն են տարածել, որ եթե շաքարավազի շուկայում գնային չարաշահումներ արձանագրվեն, ապա օրինախախտնե րին պատժելու խստագույն միջոցներ են ձեռնարկելու: