Բեմանկարչությունը` Եվգենի Սոֆրոնովի


Արդեն գտնված և բեմավորված էր Պերճ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» դրամայի շահվերդյանական մեկաբանության թատերայնացման արտասովոր իմաստալից միջավայրը: Սեպերի նման գործողությունների տարածք ներխուժող ուղղաձիգ շղթաները, աջ ու ձախ կիտված փշապատ վանդակաճաղերի բեկորները ընդհանուր ծխամած խավարում ոչ միայն տպավորիչ ներկայացնում էին Անհուշ բերդում անփառունակ մահվան դատապարտված Արշակ թագավորի կալանախուցը, այլև, ինչ-ինչ դինամիկ փոփոխություններով, ապահովում առասպել դարձած վաղնջական իրադարձությունների արդիաշունչ կենդանացումը վերհուշի հնարքով: Գայթակղված ներկայացման բեմական արտահայտիչ կերպարով` մասնակցում էի ՀՀ վաստակավոր նկարիչ, պետական մրցանակների դափնեկիր Եվգենի Սոֆրոնովի, ավաղ, վերջին, հակաթատրոնական մթնոլորտում ամբողջացված, հակապարսկական հիստերիայով «Վարդանանք»-ից «Արշակ թագավոր»-ով փոխատեղված աշխատանքի ավարտական փորձերին: Մտքերի ընթացիկ փոխանակություններով բացահայտում նաև արդի հայ թատրոնի ամենաուշագրավ բեմանկարչի ստեղծագործական ու մարդկային նկարագիրը: Զուսպ ու համեստ, հեգնախառն հումորով այս արվեստագետն ուշադրությանս կենտրոնում հայտնվել էր հատկապես Արիստոփանեսի «Լիսիստրատ»-ով (բեմադրիչ` Երվանդ Ղազանչյան), մոտ մեկուկես տասնամյակ առաջ: Տպավորվելով ավելի վաղ` Խորեն Աբրահամյանի «Դոկտոր Շտոկման»-ի ձևավորման շուրջ ծավալված զրույցներում ի հայտ բերած շատրվանող երևակայությամբ, ոչ միայն բեմադրական մտահղացման, այլև պիեսի գործող անձանց, մարդկային նկարագրերին համոզչական կերպավորում գտնելու զարմանալի խորաթափանցությամբ: Երեք տասնամյակից ավելի աշխատելով Սունդուկյանի անվան թատրոնում որպես գլխավոր նկարիչ` Սոֆրոնովը բախտ էր ունեցել համագործակցելու ժամանակի ամենացայտուն անհատականություններից շատերի հետ: Ամենաբեղունը Վահե Շահվերդյանի հետ «Քաոս»-ով կնքած ստեղծագործական դաշինքն էր` 24 համատեղ բեմադրություն, աշխատանք միաժամանակ հաջորդ երկուսի` Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այց»-ի և Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»-ի վրա: Բազմազբաղությունն ամենևին չէր մեղմում պոռթկուն զայրույթը Մայր թատրոնում «վերևից» նախաձեռնված բարենորոգումների ամլացնող, կազմալուծող գրոհի հետևողական զարգացման ու տարանջատված խմբի թատրոնավեր վարքագծի հետևանքների անվրեպ կանխատեսումից բորբոքված: Ինքնահատուկ հեգնանքով գնահատելով բոլոր մեղավորների դերակատարությունը` այնուամենայնիվ, թատերապաշտությունից բխող ողջամիտ լավատեսությամբ փորձում էր ակադեմիական թատրոնին անհարիր լուսատեխնիկական աղքատիկ զինանոցի տված հնարավորությունները ծառայեցնել տեսարանների արտահայտչականությանը: Անմնացորդ հանձնվել էր ստեղծագործական տարերքին: Ընտանիքով հանդերձ: Բեմի վրա թատրոնական առաջին լրջացող քայլերն անող դուստրն էր` Մարգարիտան, վհուկի անսովոր կերպարանքով: Կողքին` հեզաբարո պահապան հրեշտակ անուշիկ կինը` Մերին, ում արած զգեստների համատեղ ճշգրտված բազում ձևավորումներով քանի-քանի ներկայացումների գեղանկարչական կտավն էր հարստացել: Մերին, ով Մարգարիտայի և սրտակից գործընկերների օգնությամբ անպայման ուժ կգտնի շարունակելու և ավարտին հասցնելու Շահվերդյանի հետ սկսած հաջորդ երկու բեմադրութ յունների գրեթե կոնկրետացված նկարչական կերպարը: «Բեմանկարչությունը` Եվգենի Սոֆրոնովի» այսօր սովորական դարձած արտահայտությունը մեր թատերական առօրյայում շրջանառության մեջ մտավ, կարծես, աննկատ: Երբ... Մեծ Հայրենականի կրակներում թրծված գնդի հրամանատար Իվան Սոֆրոնովի ու գլխավոր բժիշկ Սանդուխտ Դաբաղյանի մինուճար որդին` Ժենյան, Դոնի Ռոստովի Գեղարվեստի ուսումնարանի V կուրսում հանկարծ տարվեց չեխ նկարիչներ Սվոբոդայի և Վիխոդիլի` թատերարվեստ ներմուծած «սցենոգրաֆիա» երևույթով: Եվ Գորկու «Հատակում»-ի բեմական լուծմանը տրված մասնագիտական բարձր գնահատականով գոտեպնդված, ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիայում ստացած գիտելիքները գործնականում դրսևորելու փորձաշրջանն անցկացրեց Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Հոգեպարար ընտանեկան մթնոլորտում ձևավորելով «Հետաքննությունը վարում է միսիս Փայփերը» անգլիական դեդեկտիվը` վարակվեց մինչ այդ Բիտովի «Հայաստանի դասեր»-ով ու մոր պատմություններով միայն ուշագրավ, բայց և` անծանոթ, հոգու ազնվականությամբ անկրկնելի «ավետյաց երկրի» սիրով: Կրակոտ հմայքով օժտված Ալեքսանդր Գրիգորյանի ձգողական ուժով և օրավուր անբուժելի դարձող հայաստանախտով էլ կրկին հայտնվեց Երևանում` դիպլոմի պաշտպանությունից հետո: Եվ, թողնելով մոսկովյան շենշող թատերամիջավայրում հաստատվելու երանելի հեռանկարը, ստեղծագործական կայացման ճանապարհ ոտք դրեց` մեծապես տպավորված Տագանկայի բեմանկարիչ Դավիթ Բորովսկու աշխատանքներով, որոնց ցուցահան դեսները ժամանակին հախուռն վեճեր էին հարուցում իրենց համարձակ նորարարությամբ: Ռուսական բարձր, բարեկիրթ մշակույթի զարմանահրաշ քուրայով անցած Եվգենի Սոֆրոնովը, ներկայացումից ներկայացում հղկելով բնատուր օժտվածությունը, շուտով դարձավ ամենապահանջված բեմանկարիչը: Ռուսական թատրոնում Լերմոնտովի «Դիմակահանդեսը» և Վոլոդարսկու «Մեր պարտքերը» ձևավորելուց հետո Սունդուկյանի թատրոնի տնօրեն Հրաչյա Ղափլանյանի առաջարկով զբաղեցրեց գլխավոր նկարչի պաշտոնը և սկսեց աշխատել մի շարք հայ ռեժիսորների հետ: Վարդան Աճեմյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» բեմադրությունը ձևավորելուց հետո, ցավոք, երազանք մնացին նրա հետ Գառնիում «Իֆիգենիա»¬ն, «փոքր բեմում»` «Ռևիզորը» իրականացնելը£ Տարիներ անց, քրիստոնեության 1700¬ամյակի հոբելյանակատարության շրջանակներում, ճարտարապետական գլուխգործոցների հենքի վրա ներկայացում անելու, մտահղացումը կյանքի կոչվեց Զվարթնոցում` Տիգրան Լևոնյանի բեմադրած Դոնիցետիի «Պողիկտոս»¬ով£ Բուլղարական «101» թատրոնի ներշնչանքով ռեժիսոր Հրաչյա Ղազարյանի հետ սեփական ձեռքերով փորեցին «Փոսը»: Հիմնեցին իսկապես երիտասարդական¬փորձարա րական մի թատրոն, որում նորահայտ խենթերով ստեղծեցին արդիաոճ ներկայացումներ£ Ահա թե ինչու նրան սաստիկ տրտմեցնում էր «Փոսի» անհետացման մթնեցված պատմությունը ևս£ Հիմնական աշխատանքը ծավալելով Մայր թատրոնում («Քաջ Նազար», «Կորիոլան», «Անավարտ մենախոսություն», «Հացավան» և այլն)` Եվգենի Սոֆրոնովը իր լուման էր ներդնում յուրաքանչյուր նոր կարևոր թատերանախաձեռնության իրականացման մեջ£ Այդպես նա հայտնվեց Դրամատիկի «շինարարական հրապարակում»` քարը քարին դնելով Արմեն Խանդիկյանի, Վլադիմիր Մսրյանի, Արթուր Ութմազյանի, Ռաֆայել Քոթանջյանի և մյուսների հետ£ Այդպես նա հայտնվեց Կիրովականում` երիտասարդ գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանի շուրջ համախմբված թատերախմբի որդեգրած պոետիկ գեղագիտության զարգացմանը, աբելյանցիների միջազգային ճանաչմանը իր վառվռուն մասնակցությունը բերելով£ Բազմաթիվ հաջողված կիրովականյան աշխատանքներից հատկապես Չեխովի «Երեք քույր»¬ն էր իր կատարելությամբ առանձնացնում£ «Երբ Սոֆրոնովը ներկայացրեց «Քաոս»¬ի ձևավորման մակետը,¬ հրաժեշտի սրտառուչ խոսքում մտաբերում է Վահե Շահվերդյանը,¬ ես նոր միայն հասկացա, թե ինչ է բեմանկարչությունը£ Մեր ստեղծագործական փոխըմբռնումը խորացավ£ Հաճախ նրա գտած բեմանկարչական կերպարները հուշեցին ինձ բեմադրական նոր հետաքրքիր լուծումներ£ Ում բախտ է վիճակվել համագործակցել Եվգենի Սոֆրոնովի հետ, կվկայի անուրանալի մի իրողություն` արդի հայ բեմանկարչության առաջամարտիկի տեղը դեռ երկար թափուր կմնա»£ Միանգամայն օրինաչափ է, որ Մայր թատրոնում Շահվերդյանի ու Սոֆրոնովի 12-ամյա համագործակցությունը երկմիասնության պիտի վերաճեր` ծնելով ձևով ու բովանդակությամբ ներդաշնակ նոր ներկայացումներ` «Ավե Մարիա», «Բալի այգի», «Հին աստվածներ», «Ախացել», «Պատվի համար»… Երկար տարիներ ուղենշելով հայ թատրոնի բեմանկարչությունը` Եվգենի Սոֆրոնովը չդավաճանեց ինքն իրեն£ Հարազատանալով մեր հող ու ջրին` դարձավ լիարժեք անդամը հայ թատերաընտանիքի£ Եվ` անբաժան մասնիկը հայ ժողովրդի£ Իր իսկ խոստովանությամբ. «Ես ընդմիշտ մնացի Հայաստանում և բոլորովին չեմ ափսոսում£ Շնորհակալ եմ այս երկրից` ինձ տվեց ամեն ինչ»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ