ԶՈՐԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ


Գեներալ-գնդապետ Սերգեյ Արշակի Սարդարովը (25.02.1909 թ.) 100 տարեկան կլիներ Հայ ազգի նվիրյալ զավակ Ս. Ա. Սարդարովը Հայրենական մեծ պատերազմի մասնակից զորահրամանատարներից եզակիների թվում է: 1941 թ. հուլիսին Արխանգելսկում նա ստանձնել է կործանիչ ավիացիոն գնդի հրամանատարի պաշտոնը և շարունակել օդային մարտերում հարվածներ հասցնել ֆաշիստական Գերմանիայի զորքերին` տարբեր ճակատամարտերում. 1942 թ. աշնանը` Արխանգելսկի պաշտպանությունը հյուսիսում, 1943 թ.` Աստրախանի, Գրոզնիի, Մին. Վոդիի հարավում, 1944 թ.` Թամանի թերակղզու, Ղրիմի ազատագրմանը, Օդեսայի պաշտպանությանը: Նրա խիզախությունն աննկատ չմնաց, և նշանակվեց կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատարի տեղակալ, այնուհետև` հրամանատար: 1945 թ. մասնակցել է Արևելյան Եվրոպայի երկրների ազատագրմանը, իսկ Մեծ հաղթանակից հետո` 1952 թ., նրան շնորհվել է ավիացիայի գեներալ-մայորի կոչումը: Մինչև 1950 թ. Ս. Սարդարովը եղել է հարազատ կործանիչ դիվիզիայի հրամանատարը, 1952 թ. ավարտել է ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիան և ստանձնել Գ. Ժուկովի անվան ՀՕՊ ռազմա-հրամանատարական ակադեմիայի պետի տեղակալի պաշտոնը` մինչ 1956 թ.: 1958 թ. նրան շնորհվել է ավիացիայի գեներալ-լեյտենանտի, իսկ 1965-ին` ավիացիայի գեներալ-գնդապետի կոչումները: Ս. Ա. Սարդարովը պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, երեք Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով և մի շարք մեդալներով: Մահացել է 1987 թ. սեպտեմբերի 6-ին, Մինսկում: Ա. Ս. Սարդարովը ծնվել է 1909 թ. փետրվարի 25-ին Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում: Ճակատագրի բերումով նրանց ընտանիքը տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ Սերգեյը աշխատել է հեծանիվների վերանորոգման արհեստանոցում: 1930 թ. սովորել է Մոսկվայի պետական բանվորական համալսարանի բանասիրական ֆակուլտե տում, որտեղից 1931 թ. զորակոչվել է ռազմա-օդային 14-րդ թռիչքային ավիացիոն դպրոցը: 1933 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով այն, գործուղվել զինծառայության Հեռավոր Արևելք` հատուկ կարմիրադրոշ բանակ: Սկզբում եղել է օղակի, հետո էսկադրոնի դասակի հրամանատար, 1939 թ.` կործանիչ ավիացիոն գնդի կոմիսար, 1940 թ.` նույն գնդի հրամանատար (31 տարեկանում), որն էլ «արժևորում» է նրան բազմակողմանիորեն ավելի լավ, առանց մեկնաբանությունների: Սերգեյ Արշակի Սարդարովի կյանքը և գործունեությունը լավագույն օրինակներից է` սովորելու, աշխատելու, զինծառայության մեջ սրբությամբ կատարելու իր պարտականությունները և հաղթելու` հարուստ, բովանդակալից կյանք ապրելու տեսակետներից: Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ Գնդապետ