Անցյալին հենվելով` կերտենք ապագան


Զրույց զորամիավորման հրամանատար, գնդապետ Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ: - Զորամիավորման մարտական պատրաստության և իրականացված ողջ միջոցառումների համակարգի վերլուծությունը հաստատո՞ւմ է, որ կարողացել եք իրականացնել Ձեր առջև դրված խնդիրները: - Զինված ուժերի համակարգում ցանկացած զորամիավորում, զորամաս ունի մեկ խնդիր` լիարժեք կատարել բոլոր առաջադրանքները: Որակական առումով մեր նպատակն այն է, որ տեսականորեն, գործնականորեն բարձր մակարդակի հասնենք, ունենանք ֆիզիկապես, բարոյապես նախապատրաստված անձնակազմ, որն իր մասնագիտական պատրաստությամբ ի վիճակի կլինի լուծել ցանկացած խնդիր, իհարկե, տեխնիկապես հագեցած պայմաններում և հաշվի առնելով մեր անցած փորձը: Տարին եզրափակել ենք բարձր ցուցանիշներով: Մարտական պատրաստության պլանով կատարել ենք բոլոր խնդիրները, ունեցել ենք լուրջ հաջողություններ: Պլանով նախատեսված բոլոր միջոցառումները` զորամասային, զորամիավորման, անցկացրել ենք պետական մակարդակով: Մասնակցել ենք հայ-ռուսական համատեղ զորավարժություններին: ՀՀ զինված ուժերը ներկայացրել ենք մենք, և ես` որպես հրամանատար, նշել եմ, որ մեր զորամիավորման համար մեծ պատիվ է ներկայացնել հանրապետության զինված ուժերը: Մեր մարտունակության աստիճանը բարձր են գնահատել մասնակից երկրների պետական այրերը, ովքեր ներկա էին զորավարժություններին: Կարևոր է արձանագրել, որ տարին եզրափակել ենք` առանց արտակարգ պատահարների: - Զինծառայողների անվտանգության ապահովման և մարտական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ միջոցներ կա՞ն Ձեզ մոտ: - Այսօր զորամասերը բոլոր պայմաններով ապահովված են (եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ակնհայտ կդառնա): Ստեղծված միջոցները, անշուշտ, գոհացնում են զինծառայողներին: Զգալի ձեռքբերումներ ունենք. կացարանային պայմանները համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին: Մեր պետությունը կարողանում է մարտունակ պահել բանակը: Ինչ վերաբերում է զինվորի անվտանգության ապահովմանը, հիմնական երաշխիքը անձնական կարգապահությունն է: Նրանք ունեն երկու խնդիր, նախ` սրբորեն կատարել իրենց պարտականությունները, ապա` իրենց կարգապահությամբ ապահովել անվտանգությունը: Անկարգապահ կոլեկտիվը հղի է անվտանգության կանոնների խախտումներով: Համատարած զբաղվածությունն ապահովում է ստորաբաժանումների կարգապահությունը: Այդ իսկ պատճառով մեր օրվա կարգացուցակում համակարգված ձևով ընդգրկված են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Նորից կրկնում եմ` անվտանգության երաշխիքն անձնական կարգապահությունն է և հրամանատարների կողմից պահանջկոտությունը: - Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում զինվորների նկատմամբ բարոյահոգեբանական ճիշտ մոտեցման առումով: - Մեր բոլոր աշխատանքները` նախատեսված վերադաս հրամանատարության կողմից, համակարգված ընթացք ունեն: Փորձում ենք զինծառայողների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերել: Մենք նահապետական ազգ ենք. զինծառայողներից յուրաքանչյուրը տարբեր բնավորությամբ օժտված անհատ է, պետք է ճիշտ մոտեցում դրսևորել: Վստահաբար արձանագրում եմ` մեր զինվորը պատրաստակամ է: Նման ծանր փուլեր անցած հայը ֆիզիկապես ու հոգեբանորեն այդքան ընկճված չէ: Երկար ժամանակ է արդեն մենք գտնվում ենք դիրքային պաշտպանության մեջ, խրամատներում ենք տարիներ շարունակ, իսկ դեմ դիմաց կանգնած է թշնամին: Մենք պետք է լինենք պարտադրողի դերում: Զինվորը քաջ գիտակցում է այս ամենը, իսկ ամեն մի հրամանատար պետք է լինի, պարտավոր է լինել մանկավարժ ու հոգեբան… - Զորամաս-հասարակության կապի ամրապնդման համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: - Այս տարի ՊՆ հրամանով կրթական ողջ օջախները կցագրվել են զորամասերին: Տարվում են համատեղ աշխատանքներ դպրոցների տնօրենների, զինղեկների հետ: Ըստ պլանի` յուրաքանչյուր զորամաս համապատասխան աշխատանք է տանում: Նպատակը մեկն է` կարողանալ դպրոցահասակներին ճիշտ դաստիարակել, ռազմական անհրաժեշտ գիտելիքներ փոխանցել, որպեսզի հայ երիտասարդն անհրաժեշտ հոգեբանությամբ, գիտելիքներով մտնի զորամաս: Միանշանակ, և° մեզ, և° հասարակության համար հեշտ կլինի: Արդեն անհրաժեշտ ներդաշնակություն է ձևավորվում: Հասարակությունը պիտի հարգի իր երկրի բանակը: Երկրի խաղաղությունը պայմանավորված է զինված ուժերի մարտունակությամբ: Հայ ընտանիքը երեխայի հոգևոր դաստիարակությանը մեծ ուշադրություն թող դարձնի, ունենք այս բացթողումը: Երիտասարդը ծառայելով, կյանքի այս կարևոր դպրոցն անցնելով` կնպաստի լավ հասարակության ձևավորմանը: Երկրի պաշտպանությունը միայն բանակի խնդիրը չէ: Անցյալը պեղելիս կրկին համոզվում ենք` ունեցել ենք հերոսական ուղի, իսկ դրա շինարարը ժողովուրդն է: 1992 թ.-ին նոր միայն կազմավորվեց մեր բանակը, իսկ մինչ այդ ո՞ւմ ուսերին էր երկրի պաշտպանությունը: Մեր ազատամարտիկների արյան գնով դիմակայեցինք հակառակորդի ոտնձգություններին: Օրհնյալ էր հայոց բանակի ստեղծումը, իսկ ժողովուրդը` տառապյալ, բայց անկոտրում կամքով: - Զորամասային բուժկետերի` անհրաժեշտ սարքավորումներով վերազինումը, որակյալ մասնագետներով համալրումը գոհացնո՞ւմ են զինծառայողներին: - Չեմ կարող արձանագրել, որ ամեն ինչ կատարված է, դեռ ընթացքի մեջ է. վերանորոգման աշխատանքներ են տարվում: Զինծառայողն ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը` որևէ ախտանիշի հայտնաբերման դեպքում: Նորակոչիկը քաղաքացիական կյանքից հետո սկզբում որոշակի դժվարությամբ է հարմարվում զինվորական կարգուկանոններին, բայց մի քանի ամիս անց դառնում է լիարժեք կայացած անձ: Հավելեմ, որ ֆիզիկական ու հոգեկան ներդաշնակություն լինում է մշակութային կյանքի առկայությամբ նաև: Մշակութային օջախների հետ կապը հիմնականում իրականացվում է ՊՆ համապատասխան վարչության կողմից: ԱՀՏԱ գծով տեղակալները համագործակցում են մշակութային օջախների տնօրենների հետ, փորձում ենք ավելի սերտացանել կապը: Ունենք ինքնագործ խումբ. շուտով կայանալու է խմբի առաջին ելույթը: Այսօր զորամասերում բազմաթիվ հանդիպումներ են լինում արվեստագետների հետ, նրանց խոսք ու զրույցին կարոտ է մեր զինվորը: Զորամասերում կարևորում եմ նաև հոգևոր սպասավորների այցելությունները: Հայրենասիրությունը ռազմական գիտելիքների իմացություն չէ միայն: Մեր ապագան կերտելու ենք պատմական անցյալի մշակութային հարստությանը հենվելով… Սա է ճշմարտությունը…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ