ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՏԵՎՈՒՄ


Անցած շաբաթավերջին ավարտվեց Միացյալ Նահանգների Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պաշտոնական այցը արևելաասիական երկրներ: ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության նորանշանակ ղեկավարը եղավ Մալայզիաում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Չինաստանում: Ամենուրեք տիկին Պետքարտուղարին ցույց տրվեց ամենաբարձր մակարդակի ընդունելություն: Նրա հետ բանակցություններ վարեցին ոչ միայն հիշյալ երկրների իր պաշտոնակիցները, այլև անխտիր բոլոր երկրների առաջին դեմքերը` վարչապետներն ու նախագահները: Ընդսմին, առաջին դեմքերը տիկին Հիլարիի նկատմամբ ցուցաբերեցին հատուկ ուշադրության նաև այլ նշաններ` նրա հետ միասին հանդես եկան համատեղ ասուլիսներով, հատուկ ճաշկերույթներ կամ, ինչպես ընդունված է ասել` ընդունելություններ կազմակերպեցին նրա պատվին: Սովորաբար, այդ կարգի համատեղ ասուլիսները անց են կացվում համարժեք պաշտոնատարների մասնակցությամբ, իսկ ճաշերը տրվում են հյուրընկալող երկրի համարժեք պաշտոնատարների անունից: Այս դեպքում անսովոր էր այն, որ ոչ թե, օրինակ, Չինաստանի արտգործնախարարը, այլ նախագահ Հու Ձին Տաոն այդ կարգի պաշտոնական ընդունելություն կազմակերպեց: Տիկին Հիլարին էլ, ըստ համաշխարհային լրատվամիջոցների կայծակնային կարգով տարածած տեղեկությունների, բարեհաճեց գովասանքի խոսքեր ասել…չինական խոհանոցի մասին: Միջազգային որոշ վերլուծաբաններ հակված էին տիկին Հիլարիի հանդեպ ցուցաբերված նման արտակարգ ուշադրությունը պայմանավորել ԱՄՆ նոր Պետքարտուղարի անձով: Իբր նա, ինչքան չլինի, Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինն է, սովոր է այս աշխարհի առաջին դեմքերի ուշադրությանը: Չէ՞ որ նա հնարավորություն է ունեցել 8 տարի շարունակ Վաշինգտոնի Սպիտակ Տանը, որպես տանտիրուհի, հյուրընկալելու շատ ու շատ պետությունների ղեկավարների: Ինչ խոսք, տիկին Քլինթոնը այս պահին տարբեր երկրներում կառավարող ղեկավարներից շատերին հազիվ թե Սպիտակ Տանը երբևէ ընդունած լինի: Բայց նրանց նախորդներին, հավանաբար, հյուրընկալելու հնարավորություն ունեցել է: Իսկ պետության ղեկավարների հանդեպ ցուցաբերված ուշադրությունն ու հարգանքը նախ և առաջ հարգանք է տվյալ պետության ու ժողովրդի հանդեպ: Հետևաբար, չի բացառվում, որ նշված պետությունների ներկայիս ղեկավարները իրենց ուշադրությամբ ընդամենը պատշաճը մատուցեցին ժամանակին իրենց պետություն ների նախորդ ղեկավարների հանդեպ տիկին Հիլարիի ցուցաբերած սիրալիրության դիմաց: Սակայն այս կարգի սենտիմենտալությունները հատուկ չեն միջազգային պրակտիկային: Հավանաբար, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ուղղակի հարկադրում է պետությունների ղեկավարներին` մի կողմ դնել դիվանագիտական պայմանականությունները և ժամ առաջ իրական երկխոսություն սկսել ճգնաժամի հետևանքները հաղթահարելու ուղիների մասին: Մասնավորապես, տիկին Պետքարտուղարը աշխարհին ուղղակի զարմացրեց` Պեկինում տված ասուլիսում հայտարարելով, թե «Միացյալ Նահանգներն ու Չինաստանը միասնաբար քայլեր կձեռնարկեն համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարելու համար»: Ի՞նչ է նշանակում «միասնաբար`» տիկին Պետքարտուղարը չմանրամասնեց: Սակայն նկատի առնելով, որ Միացյալ Նահանգները արտաքին պարտքի հաշվին ապրող ու գոյատևող պետություն է, չի բացառվում, որ Չինաստանը հանդես գա որպես միջնորդավորված կերպով ամերիկյան տնտեսությունը ֆինանսավորող… դոնոր: Ինչպե՞ս: Միացյալ Նահանգները, հնարավոր է, դարձյալ Համաշխարհային Բանկից խոշոր վարկեր վերցնելու անհրաժեշտության առաջ կանգնի: Իսկ Չինաստանը այս պահին տարադրամով ամենամեծ պահուստային ֆոնդն ունեցող պետությունն է աշխարհում: Այդ պահուստները գերազանցում են ամերիկյան 1,5, այլ պնդումներով` 2 տրիլիոն դոլարը, ուստի Չինաստանը կարող է հանդես գալ որպես Համաշխարհային Բանկին առավել խոշոր հատկացումներ կատարող երկիր, որից կօգտվի…ԱՄՆ-ը: Միգուցե հենց այդտեղ էր թաքնված Չինաստանի հանդեպ Հիլարի Քլինթոնի կողմից ցուցաբերված արտակարգ սիրալիրության գաղտնիքը: Նման սիրալիրության դրսևորում գնահատվեց նաև այն, որ ամերիկյան Պետքարտուղարը Պեկինում չափազանց թռուցիկ անդրադարձավ այնպիսի խնդիրների, ինչպիսիք են Չինաստանում ժողովրդավարության խորացման և քաղբանտարկյալների առկայության հարցերը: Մինչդեռ դրանք տևականորեն եղել են ամերիկյան ամենատարբեր մակարդակների ղեկավարների հակաչինական հայտարարությունների ու հարձակումների լեյտմոտի վը:Շատ վերլուծաբանների գնահատմամբ` Հիլարի Քլինթոնը այդպիսով հստակ ազդանշան տվեց, որ ամերիկյան նոր վարչակազմը, թերևս, պատրաստ է եթե ոչ աչք փակել Չինաստանի ներքին խնդիրների վրա, ապա…կեսբերա¯ն խոսել դրանց մասին: Տպավորություն է առաջանում, որ Վաշինգտոնի նոր վարչակազմը սկսել է… ռևերանսներ անել Պեկինին: Սակայն միամտություն կլիներ կարծել, թե նման ռևերանսների հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները Չինաստանի աջակցությամբ հաղթահարելու Վաշինգտոնի հույսերի մեջ է: Հավանական է` այստեղ ավելի հեռագնա դիտավորություններ կան: Աշխարհը գնալով փոխվում է, համաշխարհային ճգնաժամը ողջ մոլորակում ստեղծել է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ: Միացյալ Նահանգների կողմից մնացյալ աշխարհին արժեքներ պարտադրելու և թելադրանքներ փաթաթելու ժամանակներն անցել են կամ անցնում են: Միացյալ Եվրոպան գնալով ավելի ու ավելի է ձերբազատվում վաշինգտոնյան կախվածությունից, միջազգային ասպարեզում Ռուսաստանն սկսում է խոսել ավելի ու ավելի ինքնավստահ ձայնով: Այս մոլորակի քաղաքական կլիման ձևավորողները անթաքույց ձեռնամուխ են եղել բազմաբևեռ աշխարհ կառուցելու ծրագրերի իրագործմանը: Եվ ամենևին չի երևում, թե Վաշինգտոնն ինչպե՞ս պիտի կանխի… բազմաբևեռ աշխարհի ձևավորումը: Իհարկե, նա դրա դեմ երբեք բացեիբաց չի խոսել, բայց նաև…երբեք դրան հավանություն չի տվել: Մանավանդ` այդ ապագա բազմաբևեռ աշխարհում հեգեմոն դիրքեր գրավելու հավակնություններ ունեն ոչ միայն Բրյուսելը, որպես Միացյալ Եվրոպայի ոչ-պաշտոնական մայրաքաղաք, ոչ միայն Մոսկվան, այլև…Պեկինը: Միգուցե տիկին Քլինթոնը իր այս պաշտոնական այցի շրջանակներում շոշափու՞մ էր Մոսկվա-Պեկին ռազմավարական առանցքի ձևավորումը խափանելու հնարավո րությունները: Այդ հարցը չի կարող խորապես չմտահոգել Վաշինգտոնին, որովհետև եթե տեսանելի ապագայում ռուս-չինական աշխարհաքաղաքական ալյանս առաջանա, ապա դա թե° ռազմական, թե° տնտեսական, թե° քաղաքական ազդեցության առումներով ամենահզորը կլինի ամբողջ մոլորակում և միջազգային ասպարեզում Վաշինգտոնին անվերապահորեն կմղի երկրորդ պլան: Հիլարի Քլինթոնի ասիական այցի վարագույրի ետևում… Վաշինգտոնի այդ մտահոգությունների ստվերն էր զգացվում…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ