ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ


Թե առաջիկա կիրակին ինչով է առանձնանալու նախորդներից` բոլորին է հայտնի. հայոց աշխարհում գարուն է գալու, և մեկ էլ Մատենադարանի մերձակայքում Լևոն Տեր-Պետրոսյանն է հանրահավաք կազմակերպելու: Երկու դեպքում էլ տարօրինակ ոչինչ չկա. նախ` գարնան պաշտոնական մուտքը միշտ մարտի 1-ից է սկսվում, իսկ կիրակնօրյա հանրահավաքը այնքան երկար ու վաղուց է նախապատրաստվել, որ անգամ նախնական հետաքրքրությունն է հասցրել կորցնել: Այնուամենայնիվ, օրեր առաջ, երբ Կոնգրեսի խոսափող-քարոզչամիջոցներում միտինգի հրավիրող հայտարարություններ հայտնվեցին, այստեղ առավել ուշագրավ էր… Լ. Տեր-Պետրոսյանի լուսանկարը: Այն ինքնաբերաբար հիշեցրեց, որ առաջին Նախագահն արդեն տևական ժամանակ ոչ մի ելույթ կամ հարցազրույց նույնիսկ համակիր պարբերականներում չի տպագրել: Եվ իրոք, իր ղեկավարած շարժման շարքերը վերջինը լքել խոստացող գործիչը անցյալ տարեվերջից կարծեք թե ինքնամեկուսացել է: Դժվար է ասել` դա ասելիքի բացակայությամբ, թե՞ հետագա անելիքները հստակեցնելու տրամադրվածությամբ է պայմանավորված, բայց իրողությունն այն է, որ այս ամենի արդյունքում վերջին ամիսներին շարժումը ինքնահոս ընթացքի է դատապարտվել` սահմանափակվելով միայն առանձին կոնգրեսականների ասուլիսներով: Անգամ մայրաքաղաքի այս կամ այն դատարանում կազմակերպվող դատավարությունների հանդիսավոր` քաղաքական մասն է ակնհայտորեն խամրել: Կոնգրեսականներն այլևս նախկին կազմակերպված հարձակողականությունը չունեն, և եթե ոչ շատ հեռու անցյալում նրանք դատարանների շենքերն ուղղակիորեն շուրջկալում էին, ապա վերջին շրջանում նման «հանդիսություն ներին» ընդամենը մեկ-երկու տասնյակ ակտիվիստ է ներկայանում: «Լևոն Նա-խա-գահ» վանկարկումն էլ առաջին Նախագահի հավատավորների շրջանում կորցրել է արդիականությունն ու իրականության վերափոխվելու բոլոր հեռանկարները: Թե գարունն ինչ հաճելի անակնկալներով կնշանավորվի արմատականների համար, թեպետ քիչ հավանական, բայց, այնուամենայնիվ, լրիվ անհավանական չէ: Բայց մինչ այդ ու հատկապես վերջին շաբաթների նախահանրահավաքային «բուռն» գործելաոճում մի կարևոր ընդհանրություն է առանձնանում. որքան էլ ընդդիմությունը «սպառնա» սպասվող հանրահավաքի բազմամարդությամբ, այդպես էլ արմատականների առաջնորդներից և ոչ մեկը չի ցանկանում «խոստովանել», թե ինչ են նախատեսում հետագա օրերի համար: Եվ սա այն դեպքում, երբ ժամանակից առաջ ընկնելու սովորույթը նրանց բնավորության հին ու անբաժանելի մասերից է: Միայն այն փաստը, որ նույն «տրամաբանութ յամբ» շուրջ մեկ տարի առաջ քվեարկության օրվան չսպասելով, արմատականներն իրենք իրենց հաղթանակած հռչակեցին, արդեն իսկ լավագույնս ի ցույց է դնում վերջիններիս շտապողականությունը: Կարճ ասած, ներկա իրավիճակում, թե° բառի ուղիղ իմաստով և թե° ընդհանրապես, ընդդիմությունը չգիտի, թե ինչ է լինելու հետո: Այս պարագայում հուսալը, թե մասնակիցների ստվար շարքերը միգուցե կոգևորեն արմատականներին, դարձյալ վերջիններիս օգտին չի խոսում: Ակնհայտ է, որ հակառակ լավատեսական կանխատեսումներին` անգամ հանրահավաքի կազմակերպիչներն իրականում այնքան էլ ոգևորված չեն` չնայած լավատեղյակ որոշ աղբյուրներ պնդում են, թե դրսից «չաղ» փողեր են եկել: Նկատելի է նաև, որ եթե մարտի 1-ը անսպասելիորեն ողբերգական ավարտ չունենար, և հենց դրանով օրը պատմական դարձած չլիներ, ապա մեծ էր հավանականությունը, որ ՀԱԿ-ն առաջիկա կիրակի հանրահավաք ընդհանրապես չհրավիրեր: Հենց այս ամենով էլ կարելի է բացատրել այն անորոշությունը, որը Կոնգրեսի առաջնորդներին թույլ չի տալիս անելիքների հաջորդականությունն ավելի հստակ պատկերացնել: