Պուգաչովան արդեն թխավարս է


Իր տաղանդով նա միայն երգարվեստում չէ, որ հիացնում է բոլորին: Հանրության ուշադրությունը շահելու վարպետությամբ այսօր էլ առանձնանում է Ալլա Պուգաչովան` բեմին հրաժեշտ տալուց հետո էլ «չթույլատրելով» իրեն մոռանալ: Հիմա նա ուկրաինական հեռուստաալիքներից մեկի հաղորդավարուհին է: Ասում են` դրա դիմաց երգչուհին կլորիկ գումար է վճարել: Սակայն իր վարած հաղորդումից ավելի տպավորիչ է եղել Պրիմադոնայի նոր կերպարանքը: Այժմ նա թխահեր է` մինչև ուսերը հասնող մազերով: Խոսակցություններ կան, թե մուգ մազերը կեղծամ է, և արտիստուհին չի պատրաստվում մշտապես թխավարս մնալ: Ըստ շրջող լուրերի` արտաքին տեսքը թեկուզ ամեն օր փոխելը բնավ դժվար չէ Ալլա Բորիսովնայի համար. ռուսական էստրադայի այս լեգենդը մոտ 100 ամենատարբեր կեղծամներ ունի: Ի դեպ` մուգ մազերն ավելի են սազում նրան հիմա, երբ բավական նիհարել է: Բարձրաշխարհիկ բամբասասերները համոզված են, որ այս նոր կերպարով է նա նախապատրաստվում իր ծննդյան օրվան: