Հայ պոեզիայի գիտակն ու նվիրյալը


Կյանքից հեռացավ մեծահմուտ մանկավարժ, ՀԳՄ պատվավոր անդամ, ողջ կյանքը պոեզիայի մեծերին նվիրաբերած, մի քանի ուշագրավ գրքերի հեղինակ Նինա Հարությունյանը: Դժվար էր Պանթեոնում պատկերացնել միջոցառում, որտեղ առաջինը նա չհայտնվեր` իր ձայնագրիչով ու լուսանկարչկան ապարատով… Նույնը` Ջավախքում, Մոսկվայում, Թբիլիսիում, Օրենբուրգում: Ծնվել է 1927 թ. ապրիլի 9¬ին, Երևանում: Ավարտել է Սպանդարյանի անվան դպրոցը, 1950¬ին` ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Աճառյանի, ապա` Թումանյանի (ավելի քան 50 տարի), Տերյանի անվան դպրոցներում, Կիլիկայի արվեստի և գրականության քոլեջում: Նրա բազմահազար աշակերտներից մեկը` «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Սամվել Կոսյանը, նշում է. «Գրականությունը նրա համար ոչ թե դասավանդման առարկա էր, այլ` ապրելու ձև և նպատակ»: Տիկին Նինան եզակի անհատականություն էր և չնայած ուներ ընտանիք` որդի, թոռներ, չնայած առաջացած տարիքին ու առողջական խնդիրներին, միշտ հասցնում էր լինել պոեզիայի կիզակետում: Նախ` Տերյանական օրերի ակտիվ հիմնադիրներից էր և մեն¬միակ ներկայացուցիչը, ով ավելի քան 40 անգամ եղել է Գանձայում` ակտիվ մասնակցելով բոլոր արարողություններին: Նույնը` Թբիլիսիում Սայաթ¬Նովյան վարդատոնին: Նա Գանձայի պատվավոր քաղաքացի էր: Մեկ անգամ էլ ձմռանը` Տերյանի ծննդյան օրը, բուք ու բորանին ավտոբուսով երեխաների հետ մեկնել էր Գանձա և… ձիասահնակով մի կերպ տեղ հասել: Ն. Հարությունյանի ակտիվ մասնակցությունն է օգնել, որ Չարենցավանում հսկա զանգ են ձուլել և երջանկահիշատակ Վազգեն I կաթողիկոսի օծմամբ հատուկ մեքենայով հասցրել Գանձա ու կախել եկեղեցու զանգակատանը: Նա Օրենբուրգում մասնակցել է Տերյանական գիտաժողովին և ռուսերենով ուշագրավ զեկուցում ներկայացրել: Օրերս կրկին պետք է մեկներ Օրենբուրգ… Ավաղ… Պատվիրակությունը կգնա առանց նրա: Նինա Հարությունյանը Գանձայի Տերյանական թանգարանի հիմնադիր¬տնօրեն Մոլիկ Սեդրակյանի հետ 2008-ին հրատարակել է «Պոեզիայի տերյանական օրերը Գանձայում» արժեքավոր գիրքը` իր կատարած լուսանկարներով: Նա բազում անգամներ այցելել է Զանգակատուն, մասնակցել Սևակյան օրերին: Ավելի քան 40 տարի ընկերություն է արել ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ: Հիմնադրել է նաև Կապուտիկյանական օրը Պանթեոնում և Տուն¬թանգարանում: Մահվանից ժամեր առաջ տեսավ իր «Սիլվա Կապուտիկյան. դրվագներ անմահությունից առաջ» գիրքը: Անհնար է պատկերացնել հուլիսյան հերթական Տերյանական օրը Գանձայում` առանց Նինա Հարությունյանի: Գեղամ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Թումանյանի անվան դպրոցի տնօրեն, մանկավարժական կոլեկտիվ, Գառնիկ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, Տերյանի դպրոցի նախկին տնօրեն, մանկավարժական կոլեկտիվ Ժաննա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, Կապուտիկյանի անվան դպրոցի տնօրեն, մանկավարժական կոլեկտիվ Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ, մանկավարժ, լրագրող Խաչիկ ԲԱԴԻԿՅԱՆ, Պետհամալսարանի դասախոս, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Արտեմ ԹՈՐՈՍՅԱՆ, Գանձայի Տերյանի թանգարանի տնօրեն Մոլիկ ՍԵԴՐԱԿՅԱՆ, Գանձայի Տերյանի տուն¬թանգարանի հիմնադիր¬տնօրեն