Ֆրանսիական հեքիաթի շնչով


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հերթական միջոցառումը Երևանի N 91 դպրոցում էր: Ֆրանսիականին հատուկ նրբաճաշակությամբ կազմակերպ ված` «Հրաշքների երկրում» ցերեկույթում ներգրավված էին երրորդ ու չորրորդ դասարանցի շուրջ 60 աշակերտներ: - Ես իրոք հրաշք եմ համարում, որ հանրակրթական դպրոցում երկու տարուց էլ պակաս ֆրանսերեն ուսումնասիրած բալիկները կարողանում են իրենց ուժերի ներածին չափ վարպետորեն ներկայացնել ֆրանսիական մշակույթի տարրեր` երգեր ու հեքիաթներ,- ասում է դպրոցի տնօրեն Էլյա Ղալումյանը: Միջոցառումն իրականում էլ հրաշքի էր նման. այն յուրատեսակ շրջայց էր ֆրանսիական հեքիաթների աշխարհում` Փոքրիկ Իշխանի ու բոլորի սիրելի այլ հերոսների ուղեկցությամբ: Հատկանշական էր նաև դպրոցական առաջին օղակի աշակերտների գրագետ ու մաքուր ֆրանսերենը: Միջոցառումն ամբողջությամբ ֆրանսերենով մատուցվեց: - Նման միջոցառումները համարում եմ ուսուցանման գործընթացի անբաժանելի մասը, որն անհրաժեշտություն է, որովհետև տրվող դասի բովանդակությունն ամբողջանում է նաև դրանցով ևս: Վերջիններս էլ, իրենց հերթին, պիտի լինեն ասելիքով լի, ճաշակ սերմանող, միտք զարգացնող ու դաստիարակչական,- ընդգծեց Է. Ղալումյանը: Այսպիսի միջոցառումները նաև կրթական արդի չափանիշների պահանջներից են, և տնօրենի համոզմամբ` առհասարակ, հանրակրթական համակարգի բարեփոխում ները միտված են ոլորտում հեղափոխություն իրականացնել. - Ավելի քան վստահ եմ, որ գործընթացի վերջնական արդյունքը պիտի գոհացնի բոլորիս: Ի դեպ, «Հրաշքների երկրում» ինքնատիպ ցերեկույթը բարձր գնահատականի արժանացավ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչ ների կողմից, և կրթօջախը հրավիրվեց` մասնակցելու ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների դպրոցական ամփոփիչ փուլին:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ