ԻՍԱՀԱԿՅԱՆԸ` գրասեղանից այն կողմ


- Իսահակյանական հանճարը մեզ հասու է նրա հրաշալի ստեղծագործություններով. դրանց շնորհիվ դեռ քանի˜ սերունդներ հաղորդակից են դառնալու Ավետիք Իսահակյան երևույթին: Մեծ բանաստեղծի շառավիղ լինելն ի՞նչ զգացողություններ է պարգևում: - Իսահակյանի ներկայության շնորհիվ էր, որ մանուկ հասակից արդեն կյանքի հանդեպ առանձնահատուկ աշխարհայացք ունեի` համոզված էի, որ այն անսահման հետաքրքիր է: Մեր տան մթնոլորտը միշտ թաթախված էր հոգևոր-մշակութային շնչով: Ինձ զգում էի կարևոր ու պատմական իրադարձությունների կենտրոնում. հյուրըն կալում էինք այնպիսի անհատականությունների, ինչպիսիք են Գևորգ Չորեքչյանը, Վազգեն Առաջին Երջանկահիշատակ Վեհափառը, Վիկտոր Համբարձումյանը, կոմունիստ ղեկավարներ Անտոն Քոչինյանը, Յակով Զարուբյանը, ժամանակի հայ մեծ գրողներ Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Համո Սահյանը: Մեր տան մշտական ու ամենասիրելի հյուրերից էր անզուգական Մարտիրոս Սարյանը: - Ազատ ժամանակն ինչպե՞ս էր նախընտրում տնօրինել Ավետիք Իսահակայանը: - Պապիկը շատ մարդամոտ անձնավորություն էր: Եթե նախօրոք պայմանավորվածություն չէր ունենում տանը մեկին ընդունելու, տիկնոջն ասում էր` «Սոֆիկ, մի տեղ չգնա՞նք»: Չէր սիրում տանը նստել: Հիշում եմ` նամակներից մեկում տատս Փարիզից գրում է. «Ախր, Ավետիք, կարծես շատ ես տղաների հետ հանդիպում, ինչ-որ քեֆերի ես գնում, քիչ ես տանը մնում»: Իսահակյանն էլ պատասխանել էր. «Ես դա դիտավորյալ եմ անում. հենց որ մենակ եմ մնում, հին օրերն եմ հիշում, և` զգում եմ, որ արդեն պիտի դուրս գամ»: - Գրական առաջին փորձերի ճանապարհին Ձեզ ուղղորդո՞ւմ էր: - Հիշում եմ` մի անգամ մայրիկիս հետ Մոսկվա էինք գնացել: Այցելեցինք Տրետյակովյան պատկերասրահ: Ես տետր ունեի, որը որպես օրագիր էի օգտագործում: Մայրս առաջարկեց զգացողություններս ու տպավորություններս գրի առնեմ: Ես տասը տարեկան էի այդ ժամանակ: Գրեցի-գրեցի, մի պատկերի նկարագրության մեջ «բազուկ» բառն էի օգտագործել: Հետո, երբ վերադարձանք, պապիկին ցույց տվեցի նյութս: Կարդաց ու ժպտալով ասաց, որ ինքն իմ տարիքում բազուկ բառը չգիտեր. հասկացա, որ հավանել էր: Ընդամենը տասը տարեկան էի և հաջորդ երեք տարիներին էլ (տասներեք տարեկան էի, երբ պապիկը հեռացավ կյանքից) մյուս երեխաների նման ինձ ավելի շատ խաղերն էին ձգում, ու, ցավոք, օրագիր գործածելը դադարեցրի: - Բանաստեղծը թոռանը ե՞րբ էր «չի կարելի» ասում: - Իսահակյանը շատ դեմոկրատ մարդ էր, չի կարելի չէր ասում, սակայն չէր սիրում, երբ գրքերն էի խառնում. մտնում էի գրասեղանի տակ ու խաղում էի դրանցով: Հետո հիշում եմ` ինձ ընդունել էին երաժշտական դպրոց` դաշնամուր պիտի նվագեի: Բայց սեր կամ ձգտում չունեի վերջինիս հանդեպ ու շարունակ գլուխ էի պահում: Այդուհանդերձ, մի կերպ փոխադրվեցի երկրորդ դասարան: Երաժշտական դպրոցիս տնօրենը` Հայկանուշ Դանիելյանը, մի օր մեր տուն հյուր էր եկել: Տանեցիներն հարցրեցին, թե ինչպիսի հաջողություններ ունի իրենց տղան: Նա զարմացավ` ինչպես թե` նա մի տարի է ինչ չի նվագում: Պապս այնպե˜ս ծիծաղեց. «Երեխային հանգիստ թողեք, դա աղջկա գործ է, ինքը թող դրսում ֆուտբոլ խաղա»: Այդպիսով դաշնամուրի հարցը փակվեց: Իրականում էլ կարծում եմ` եթե տաղանդ` ի վերուստ տրված շնորհ չկա, պետք չէ հանձն առնել ոչինչ: - Իսահակյանին ի՞նչը կարող էր խիստ զայրացնել: - Հարևանները գալիս էին մեր տուն ու նեղսրտում, որ երկրում ռուսացում է տեղի ունենում` ռուսական դպրոցներին թիվ չկա, խոսում էին հայոց լեզվին սպառնացող մեծ վտանգի մասին, սակայն հաջորդ օրն իրենք էլ երեխաներին տանում էին այդ դպրոցները: Պապիկին սա զայրացնում էր, իսկ առավել խիստ զայրացնում էր սովետական բռնապետությունը. ասում էր` այդ Կրեմլյան դահիճը ծրագրված կերպով ոչնչացնում է հայկականը: Հիշում եմ` երբ իմացանք Ստալինի մահվան լուրը, մեր տանը ցնծություն էր: «Աստված նրան ուղարկեց հավերժ մթություն»,-կրկնում էր Իսահակյանը: - Ո՞րն էր նրա երազանքը: - Որ հարատևի մեր ժողովուրդը, ստեղծվի միացյալ, անկախ Հայաստան: Նա անսահման հայրենասեր էր և բոլոր իղձերը հայրենիքի հետ էին կապված` վերջինիս բարօրությանն էին վերաբերում: Մեծ սեր ու սրտացավություն ուներ Սփյուռքի հանդեպ, ասում էր` նրանք մեր եղբայրներն են, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են օտարության մեջ: Հայոց Եղեռնը նրա հոգում մի անբուժելի վերք էր: Ի դեպ, Իսահակյանի թրքատյացությունն անսահման էր: Նրա երազանքն էր նաև Հայկական հարցի լուծումը:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ