Թմրաթունավորում` Վաշինգտոնում


Անցյալ շաբաթ Վաշինգտոնի տարրական դպրոցներից մեկի 4 աշակերտներ հիվանդանոց են տեղափոխվել` թմրանյութերով թունավորվածության ախտանիշով (գրել է The Washington Post թերթը): Ամերիկյան մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջոն Թոմսոնի անվան այդ դպրոցի սաներից մեկն անցյալ շաբաթ սպիտակ փոշի է բերել դասարան և հյուրասիրել ընկերներին: Չորս հոգի օգտվել է դրանից. մեկը փոշին քիթն է քաշել, 3¬ը` կուլ են տվել: Քիչ անց նրանք օգնություն են խնդրել դպրոցի բուժքրոջից և արագ հիվանդանոց տեղափոխվել: Պարզվել է, որ սպիտակ փոշին կոկաին է եղել: Ու թեև դեռ հայտնի չէ, թե տղեկը որտեղից է թմրանյութ ձեռք բերել, սակայն նրան արդեն մեղադրանք է առաջադրվել` արգելված նյութեր պահելու համար: WHSV հեռուստաալիքի վարկածով` տղան այդ փաթեթը գտել է իր խորթ հոր ավտոմեքենայի հետևի նստարանին: Ուսուցիչներն ու քաղաքի ղեկավարներն ասել են, որ տարրական դասարաններում նման դեպք չեն հիշում: Այդ թեմայով անանուն հարցումներն էլ անցկացվում են 12¬ից բարձր տարիք ունեցողների շրջանում: Ավելին, այնտեղ ավելի գործածական է մարիխուանան և ուժեղ ազդեցություն ունեցող դեղորայքը, իսկ կոկաինը, թանկ լինելու պատճառով, տարածված չէ դպրոցներում: Փոքրիկ թմրասերի տարիքը մոտավորապես է նշվում` 9-10 տարեկան: