Պահը` յուրովի ու անվրեպ


Ըստ երևույթին մեր օլիգարխները լավ չեն հասկանում հասարակությանը տրվող` երկրի բարձրագույն ղեկավարության հավաստիացումները: Մինչ հանրությունն օր ու ժամ հաշվելով, գրեթե շունչը պահած` սպասում է իր աչքին սովոր գների ցանկալի վերադարձին, գնաճը նորանոր բարձունքներ է նվաճում: Տպավորությունն այնպիսին է, թե աչքը մշտապես սպառողի գրպանին սևեռած ներկրողներն ու արտադրողները, ինչպես մարդիկ են ասում` վերջին վատությունն են ուզում արած լինել: Չի բացառվում նաև, որ օլիգարխիան, «առաջին անհրաժեշտության ապրանքներ» ասելով, հասկանում է միայն այն ամենը, ինչը հնարավոր է ուտել: Այս և ցանկացած այլ տրամաբանութ յամբ բենզինն, իհարկե, ոչ ուտել է հնարավոր, ոչ էլ նույնիսկ խմել: Լավագույն դեպքում, ինչպես վերջերս է պարզվել, այն հնարավոր է որպես էժանագին թմրամիջոց օգտագործել: Չնայած նույնիսկ այս «բացահայտմամբ» հանդերձ` հազիվ թե մեր երկրում բենզինի պահանջարկն այնքան մեծացած լինի, որ գնաճն անխուսափելի դառնա: Հարցն այն է, որ օլիգարխներն առիթից առայժմ օգտվում ու չեն ուզում ընդունել, որ բենզին խմելու նախադեպեր թեկուզև արձանագրված չլինեն, բայց, միևնույն է, իր բարձր գնով թմրամոլի պես թռչել սիրող վառելիքն էլ մարդկանց մեքենաների առաջին անհրաժեշտության ու ամենօրյա «սննդատեսակն» է: Եթե կուզեք` մեքենայի «ուտելիք»: Ասել է թե` կարագի ու հացի, թե բենզինի կամ գազի համար նույն մարդն է վճարում նույն գրպանից ու ամեն օր: Եվ ստացվում է, որ դեռ մի քանի շաբաթ առաջ գործադիրի ներկայացրած ցուցակն այս առումով թերի էր… Երևի պետք էր ամրագրված 10-12 ապրանքատեսակների թվարկումը շարունակել, ավելի մանրամասնել: Թե չէ «Ֆլեշ» լինի, թե «Միկա»` այս մարդիկ հաջորդ օրվա թերթերում ցուցակը կարդացել ու «բենզին» անունը չհանդիպելով` խորը շունչ են քաշել և կամաց գործի անցել: Միգուցե նրանք նախասահմանված ժամկետին` մայիս-հունիս ամիսներին, մարդկանց աչքին սովոր գներին վերադարձը որպես մեծ բարեգործություն ներկայացնեն: Դասական դրամներով հո հասցրած կլինեն էլի մի ողջ կարողություն ամբարել: Չէ՞ որ պահը յուրովի ճիշտ գնահատելու ու դրանից շահույթ կորզելու հմտությունն է նրանց հաջողությունների մեծագույն գրավականը: Ու հիմա դրանից հերթական անգամ օգտվելու հրամայականը (օլիգարխիայի չգրված օրենքով) անկարելի է շրջանցել: Այս օրերին բեգլարյաններն ու բաղդասարովները հենց դա էլ անում են: Ո՞վ գիտե, միգուցե վերջին անգամ է «պահ» կոչվածը նման ծավալի գերշահույթի հնարավորություն ընձեռում: Իսկ մարդիկ միտք են անում, միտք ու չեն հասկանում, թե ինչպես է պատահում, որ միջազգային բորսաներ կոչվող աճուրդներում բենզինի ու վառելիքի մյուս տեսակների գինը շարունակաբար իջնում է, իսկ մեր երկրում դարձյալ ուղիղ հակառակ գործընթացն է: