«ՄԵՐՕՐՅԱ ԶԱՎԵՇՏՆԵՐ» ՇԱՐՔԻՑ


Վազգեն Խաչիկյանի խոփը դեմ է առել քարին: Այլ կերպ ասած` սոցիալական հատկացումների համակարգում տարիներ շարունակ արմատացած ալան¬թալանը, ըստ ներկա զարգացումների տրամաբանության ամփոփվելով, գնահատվելու է քրեական օրենսգրքի «աջակցությամբ»: Խաչիկյանն, իհարկե, «ռեսպուբլիկա խայտառակելու» համար արդեն պաշտոնանկ է արվել, բայց նրա պաշտոնավարման անփառունակ տարիների վերաբերյալ ի հայտ եկող ցանկացած նոր դրվագ, նախորդին գերազանցելով, համալրում է այս կառույցի շուրջ ծայր առած զավեշտալի պատմությունների շարքը: Այլևս ակնհայտ է, որ թալանի շուրջ բուրգ է ձևավորված եղել և ծառայության ղեկավարն է միայն առայժմ լավ տեսանելի: Վերահսկիչ պալատը դարձյալ տասնյակ հազարավոր մեռյալ հոգիների թոշակները գրպանելու մասին փաստեր է հրապարակում, սակայն դժվար է պատկերացնել, որ նման ծավալի ֆինանսական զեղծարարութ յուններ կառույցի ղեկավարը միայնակ կատարած լինի: Նույնիսկ հեռակա տպավորությամբ` պատասխանատվության ենթարկվողների թիվն առնվազն երկնիշ թվով պետք է հաշվվի: Առավել ևս` բացահայտումների առկա մոտավոր ծավալը ենթադրում է, որ մինչև հունիս ուսումնասիրությունները շարունակվելու են... Այդ ժամկետն էլ, ինչ խոսք, պատահականորեն չի ընտրված: Համենայն դեպս, մայիս¬հունիսն այն ժամանակահատվածն է, երբ արդեն ողջ հանրապետությունում բարեփոխումների շունչը պետք է առարկայորեն զգացվի: Իսկ տեղի ունենալիքն, անշուշտ, նաև պաշտոնանկություններ է ենթադրում: Իհարկե, քրեական պատասխանատվության ենթարկվելով` Վ. Խաչիկյանը կհեռացվի նաև կուսակցությունից, որի վստահությունը չարաշահել է փաստորեն: Այս ամենից զատ ցավալի մեկ այլ իրողություն էլ կա.նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում պետությունը միջոցներ չի խնայել` կենսաթոշակներն ու նպաստները ժամանակին վճարելու: Իսկ վերջին իրադարձությունների արդյունքում ակամա ստացվում է, որ ոչինչ չի խնայվել` նաև սոցծառայության թալանչիական ախորժակը հագեցնելու ուղղությամբ: