Երկվորյակներ


 

Բոլոր ժամանակներում երկվորյակների ծնունդը հանելուկ ու առեղծված է համարվել և յուրովի է ընկալվել տարբեր ժողովուրդների պատկերացումներում: Նրանց շուրջ լեգենդներ ու պատմություններ են հյուսվել, անգամ զգուշացել են նրանցից: Եթե մի ժողովրդի ընկալումներում երկվորյակներն Աստծո պարգև են համարվել, ապա մեկ այլ էթնոսի հավատալիքային համակարգում`` չար ուժի կրող:

» Այսօր նրանց ծնունդը թեև առօրեական է, ոչ արտասովոր, սակայն, միևնույն է` նրանք մշտապես ուշադրության կենտրոնում են:

» Աշխարհում այսօր ապրում է 60 մլն. երկվորյակ:

» Տարբեր ռասաների շրջանում միաձվանի երկվորյակների թիվը գրեթե համընկնում է, մինչդեռ երկձվանի երկվորյակների ծնվելու հաճախականությունը էականորեն տարբերվում է: Օրինակ` ԱՄՆ-ում ավելի մեծ թիվ են կազմում սևամորթ երկվորյակները:

» Երկվորյակների ծնվելու ամենափոքր հաճախականությամբ աչքի է ընկնում մոնղոլոիդ ռասան` մասնավորապես ճապոնացիները:

» Իտալուհի Մագդալենա Գրանատան, ով ապրել է 19-րդ դարում, դարձել է 5 եռյակների մայր` համաշխարհային ռեկորդ սահմանելով:

» Չափսերով ամենափոքր նորածին երկվորյակները` Մերի և Մարգրետ Սթիմոնսները, կշռել են 453 և 538 գրամ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը:

» Երկվորյակների 20 տոկոսը ձախլիկ է:

» 2001-ի հունվարի 1-ին ԱՄՆ-ում ծնված երկվորյակ եղբայրները դարձան բոլոր լրատվական հաղորդումների հերոսները: Նրանք ծնվել էին ընդամենը 8 րոպե տարբերությամբ, բայց տարբեր հազարամյակներում:

» Մարդկությանը հայտնի է միաժամանակ 9 երեխայի ծննդյան մեկ դեպք միայն: Շուրջ 30 տարի առաջ Սիդնեյում 19- ամյա աղջիկը դարձել է միաժամանակ 5 տղաների և 4 աղջիկների մայր:

» Երկվորյակների ճակատագրերը շատ հաճախ նման են: Պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ ծննդյան պահից միմյանցից հեռու ապրած ու երբեք միմյանց հետ առնչություն չունեցած երկվորյակներն ունեցել են միևնույն նախասիրությունները, հայտնվել են նման իրավիճակներում, տառապել են նույն հիվանդություններով և անգամ մահացել են նույն օրը:

» Եվրոպական երկրներում հայտնի շոու բիզնեսի ներկայացուցիչներ Քեսալեր եղբայրները նույն ժամանակահատվածում տառապել են երիկամների բորբոքումով, ապա ատամնացավով, ընդ որում` միևնույն ատամի:

» Իսկ Կարին և Քեթի քույրերը, գտնվելով տարբեր քաղաքներում և միմյանց հետ կապ չհաստատելով, միաժամանակ վիճակախաղով մեծ գումար են շահել` ինչպես հետագայում է պարզվել` միևնույն թվով:

» Չնայած միաձվանի երկվորյակների գեները նույնն են, սակայն մատնահետքերը տարբեր են: Դրանք կարող են նման լինել, բայց նույնը` երբեք:

» Ժողովուրդների մշակույթներում մեծ տեղ են ունեցել երկվորյակների մասին հավատալիքներն ու պատկերացումները.

» Ամերիկյան հնդկացիները հավատում էին, որ երկվորյակներից մեկը բարի է, մյուսը` չար: Եվ, բնականաբար, չարին վտարում էին:

» Հին Եգիպտոսում երկսեռ երկվորյակներին ամուսնացնում էին միմյանց հետ` այդ կերպ ապահովելով ցեղական զտարյունությունը:

» Հնագույն ժողովուրդներից մեկի պատկերացումներով երկվորյակները 1 մարդ են` 2 դեմքով: Նրանց միևնույն անունով էին կնքում: Չգրված օրենքով« երբ նրանք 9 տարեկան էին դառնում, վիճակ էին գցում. կարմիր նշանը ում բաժին ընկներ, պատվով կրում էր իր անունը, իսկ մյուսը կոչվում էր պարզապես երկրորդ:

» Աֆրիկացիներն ու ճապոնացիները հավատում էին, որ երկվորյակների հայրերը տարբեր տղամարդիկ են: Պարզվում է, նրանց պատկերացումներն այնքան էլ հեռու չեն եղել իրականությունից: Գիտնականներն ապացուցել են, որ նման բան հնարավոր է:

» Իսկ ահա աֆրիկյան և բրազիլական մի քանի ցեղեր երկվորյակների ծնունդը հետընթաց քայլ են համարել մարդկության զարգացման ճանապարհին: Քանի որ, ըստ նրանց, մեկից ավելի ծնունդը հատուկ է միայն կենդանիներին: